Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բազմաչարչար օրինագիծը վերադարձավ Ազգային Ժողով…/ լրացված

Խոսքը «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագծի մասին, որի երկրորդ ընթերցումը Ազգային Ժողովում, ինչպես արդեն տեղեկացրել էինք,  սեպտեմբերին հետաձգվեց, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանության  և հանրային հարցերի գլխադասային հանձնաժողովը ուղարկեց այն կառավարություն՝ մերժված առաջարկները վերանայելու հիմնավորմամբ: Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը  դրանով իսկ ևս մեկ փորձ արվեց  փոխելու  կառավարության դիրքորոշումը որոշ դուրս մնացած , բայց կարևոր  առաջարկների վերաբերյալ:  

 

 

Թեպետ ընթացակարգով հետաձգման ժամկետը  սահմանված էր  մինչև մեկ տարի, բայց կառավարությունը բավականին արագ վերադարձրեց  օրինագիծը ԱԺ, ինչից հետև ում է, որ կառավարությունը շահագրգրված է ,որ այս օրինագիծն վերջնական ձև ով  ընդունվի, բայց   միև նույն ժամանակ անդրդվելի  է իր դիրքորոշումներում, քանզի համարյա ոչինչ չի փոխել, ավելացնելով  միայն մերժված  առաջարկների հիմնավորումները:

 

Շաբաթվա սկզբին  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ , որին մասնակցում էին նաև  օինագծին քաջածանոթ մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ ու փորձագետներ,  հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ լրամշակված տարբերակն արդեն ԱԺ-ում է և հանձնաժողովի առաջիկա  նիստում կքննարկվի դրա օրակարգ ներառելու նպատակահարմարությունը:

 

 

Աշխատանքային խորհրդակցությանը ներկա   Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի փոխնախագահ Լիլիթ Զաքարյանն իր խոսքում նշեց, որ թեպետ մերժված առաջարկներով որոշ  մեխանիզմներ են դուրս մնում, այսօրվա դրությամբ ամենակարևորը օրենքի ընդունումն է:

 

 

Առաջարկ հնչեց, որ   երկրորդ ընթերցումը հնարավորինս արագ անցկացվի, օրենքն ընդունվի (ինչը միջազգային պարտավորությունների համաձայն դեռևս 2010-ին պետք է արված լիներ), իսկ հետո արդեն, օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած թերությունները  առանձին նախագծով  կշտկվեն ու նորից կներկայացվեն պատգամավորների դատին:

 

 

Ծանոթանալով   կառավարության կողմից  գլխադասային հանձնաժողով  ներկայացված ամփոփաթերթիկին՝  Լիլիթ Զաքարյանը  WomenNet-ի խնդրանքով  մանրամասնեց   լրամշակված տարբերակի մի շարք թերություններ: Մասնավորապես,  իր կարծիքով, անհասկանալի է օրինագծի  6-րդ հոդվածին վերաբերող ՀՅԴ պատգամավորներ Լիլիթ Գալստյանի ու Արծվիկ Մինասյանի առաջարկի մերժումը: Խոսքը գենդերային խտրականության տարրեր պարունակող սովորույթների ու ավանդույթների քարոզումն ու խրախուսումը արգելելու մասին է:

 

Զաքարյանի դիտարկմամբ, առաջարկը մերժվել է տարօրինակ պատճառաբանությամբ:   Հիմնավորման մեջ  նշված է.

«ՀՀ-ում սովորույթների ու ավանդույթների համաձայն շատ ծեսերի կամ ծիսակատարությունների ժամանակ տղամարդիկ և կանայք առանձնանում են կամ իրականացվում են միայն իրենց համար սահմանված գործառույթներ: Սույն մասի պահանջից ելնելով տվյալ բոլոր անձանց պետք է ենթարկել պատասխանատվության օրենքի պահանջի խախտման համար»:

 

«Սա իմ կարծիքով ուղղակի անլուրջ մոտեցում է: Ծայրահեղացումը տեղին չէ, խոսքը միայն խտրականություն պարունակող ծեսերի մասին է, և  այդ ուղղությամբ անհրաժեշտ է համապատասխան բացատրական  աշխատանք տանել ու մարդկանց իրազեկությունը բարձրացնել, որպեսզի նրանք խտրականությունից  հրաժարվեն», – ասում է Լիլիթ Զաքարյանը , հիշեցնելով, որ առաջարկի հիմքում ընկած են  Հայաստանի կողմից վավերացված  Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի  (CEDAW Կոնվենցիայի) պահանջները:

 

Մասնավորապես,  2-րդ հոդվածով կոնվենցիայի մասնակից պետությունները, այդ թվում Հայաստանը, պարտավորվել են  «ձեռնարկել բոլոր համապատասխան, ներառյալ օրենսդրական միջոցները` փոխելու կամ վերացնելու համար այն գործող օրենքները, ենթաօրենսդրական ակտերը, սովորույթներն ու պրակտիկան, որոնք ներկայացնում են խտրականություն կանանց նկատմամբ»:  Նույն մոտեցումը , փորձագետի  խոսքերով, պարզորոշ արտահայտված է նաև կոնվենցիայի 5-րդ հոդվածում, որը վերաբերվում է  սեռերի ստորադասության կամ առավելության վրա հիմնված սոցիալական և մշակութային մոդելների փոփոխմանը:

 

 

«Եթե կառավարությունը՝ իր կողմից ընդունված ՀՀ գենդերային քաղաքականության  ռազմավարական ծրագրով (2011-2015 թ.թ.) նախատեսում է  ապահովել  այդ կոնվենցիայի իրագործումը, ապա նշված առաջարկի մերժումը և  առավել ևս այն մեկնաբանությունը, որ տրվել է կառավարության կողմից , առնվազն տարօրինակ է»,- ասաց  Լ.Զաքարյանը, հիշեցնելով նաև , որ Կոնվենցիան ավելի բարձր կարգավիճակ ունի, քան ազգային օրենսդրությունը: Ավելին` կոնվենցիայի  վավերացումից  հետո ազգային օրենսդրությունը համապատասխանեցվում է նրան:

 

 

Հաջորդ տարակուսանք առաջացնող դիրքորոշումը  այն է, որ կառավարությունը չի համաձայնվել  ավելի լայն կիրառել ժամանակավոր հատուկ միջոցները` քվոտաները, տարածելով դրանք  ոչ միայն   քաղաքական, այլ նաև  սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտներում ու ՏԻՄ-համակարգում: Մասնավորապես,   առաջարկվում էր  տարբեր պաշտոններում նշանակումներ կատարելիս  կամ թեկնածուներին ընտրելիս առաջնորդվել  այն սկզբունքով , որ մեկ սեռի անձանց  թիվը նույն մարմնում , կազմակերպությունում, ինչպես նաև  պաշտոնների նույն խմբում  չգերազանցի  70 տոկոսը:

 

 

«Կառավարությունն այս առաջարկությունը մերժել է հղում անելով Սահմանադրության 29-րդ հոդվածին ու ըստ այդմ որակելով այն անընդունելի, քանի որ, մեջբերում եմ` «յուրաքանչյուր քաղաքացի  ունի աշխատանքի  ազատ ընտրության իրավունք, և հետևաբար տվյալ սեռի  ներկայացուցչին  աշխատանքի չընդունելու  հմնավորումը կհակասի  ՀՀ Սահմանադրության վերոնշյալ հոդվածին»: Այս դեպքում,   հարց է առաջանում՝  ինչո՞ ւ կառավարությունը բոլորովին   մտահոգված չէ,  որ  կանանց աշխատանքի ազատ ընտրության իրավունքը հաճախ խախտվում է գենդերային կարծրատիերի պատճառով: Եվ դա այն պարագայում, որ նույն CEDAW Կոնվենցիայով պարտավորվել է  աշխատանք  տանել  այդ կարծրատիպերը հաղթահարելու ուղղությամբ: Համենայն դեպս, գենդերային անհավասարակշռությունը մեզանում  այնպիսի չափերի է հասնում, որ ակնհայտ է՝ առանց քվոտային մեխանիզմների մենք չենք կարող ապահովել հավասար հնարավորություններ կանանց ու տղամարդկանց համար»,- մատնանշեց Լ.Զաքարյանը, հավելելով, որ կառավարությունը պարզապես խուսափում է որոշակի մեխանիզմներ կիրառել  ու ինչ-ինչ  պատճառաբանություններ է գտնում, որոնք միջազգային մոտեցումների ու փաստաթղթերի տեսանկյունից այնքան էլ համոզիչ չեն :

 

 

Դրա հետ մեկտեղ, կառավարության առաջարկով օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրամշակվել  է հետևյալ նախադասությամբ. «պետական, տարածքային և համայնքային ծրագրերի և միջոցառումների ու զարգացման ռազմավարությունների մեջ գենդերային հավասարության հիմնախնդրի համալիր մոտեցումների ներդրում», ինչը   Լ.Զաքարյանի գնահատմամբ ողջունելի է:

 

 

«Խնդիրն այն է , որ   մեխանիզմների  բացակայությամբ օրինագիծը դեկլարատիվ բնույթ է ստանում:   Բայց, կարծում եմ, անգամ այս վիճակով օրենքի ընդունումը շատ անհրաժեշտ է , իսկ մնացած հարցերն ու առաջարկությունները  թերևս հետագայում  կշտկվեն: Անչափ կարևոր է, որպեսզի հասարակությունն էլ ցույց տա, որ ինքը ուզում է փոփոխություններ և որ ամենակարևորն է` պատրաստ է դրանց»,- եզրափակելով իր խոսքը ընդգծեց մեր զրուցակիցը:

 

 

Նշենք, որ մինչ ԱԺ հերթական քառօրյայի սկիզբը  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկման կդնի հարցը` ներառել կառավարությունից եկած օրենքի նախագիծն օրակարգ թե ոչ: Թեև հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը այս առումով հուսադրեց` նշելով, որ դժվար թե հանձնաժողովի անդամները դեմ լինեն դրան:

 

 

Էնզելա Մակարյան

 

 

Հ.Գ.  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի իր նիստում տվեց իր դրական եզրակացությունը ՝ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման վերաբերյալ, որը  կկազմակերպվի  արդեն հաջորդ շաբաթ մեկնարկող  ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում:

 

 

Դիտումների քանակը` 2745

Վերադառնալ վերև