Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բայա Պատարիա. «Կնոջ ակտիվությունը հաճախ սվիններով է ընդունվում»

ԹիֆլիսիՄարդու իրավունքների տան  ներկայացուցիչ  ԲայաՊատարիայի  հետ մենք ծանոթացանք  այս տարվա մարտին   Երեւանում կայացած «Կին  իրավապաշտպանների պաշտպանությունն ազգային, տարածաշրջանային և միջազգային  մակարդակներում»  թեմայով կլոր սեղանին: Քննարկումը կազմկերպվել էր   Կանանց Ռեսուրսային Կենտրոնի ,  «Մարդու իրավունքների տուն»  հիմնադրամի եւ ցանցի / Human Rights House / միասնական ջանքերով՝ ՌուսաստանիՎրաստանի,  Խորվաթիայի և Չեչնիայի իրավապաշտպանների մասնակցությամբ:  Դա այն աուդիտորիան էր, որ չէր վախենում իրերն իրենց անունով կոչել ՝ կանանց  իրավունքների պաշտպանություն ասելով    ֆեմինիզմ բառից չէին խուսափում:  Մեր զրույցը  բայա Պատանիայի հետ սկսվեց Վրաստանում  ֆեմինիզմի  ակունքներից:  

 

 

– 2000 թվականի սկզբին, երբ իմ  նախաձեռնությամբ  ձևավորվեց  կանանց  մարդու իրավունքների պաշտպանության շարժումը,  ֆեմինիզմի էությանը կանանց  ծանոթացնելու նպատակով  հարկ եղավ ուսումնասիրել պատմական արխիվները: Եվ պարզվեց, որ Վրաստանում կանանց  իրավունքների պաշտպանության  համար պայքարը ձևավորվել է դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Շարժման ակտիվիստները  անգամ թերթ էին հրատարակում  ՝«Վրացի  կնոջ ձայնը», որը  թեև  ունեցել է  կարճատև կյանք, սակայն  կարևոր դեր է խաղացել  կանանց   շարժման  սկզբնավորման հարցում: Դեռ այն տարիներին ֆեմինիստուհիները  բարձրաձայնել են կանանց իրավունքների պաշտպանության  , ընտանեկան  բռնություններին, սոցիալական վիճակին  առնչվող  հարցեր: Սակայն  Հոկտեմբերյան  հեղափոխությունից  հետո ֆեմինիստական  շարժումը թուլացավ, իսկ 1937 թվականին  և դրանից  հետո ֆեմինիստ ակտիվիստներից  շատերն  իրենց  կյանքն ավարտեցին աքսորավայրերում: Վերջերս մեր կազմակերպության  ջանքերով արխիվային  փաստաթողթերի  հիման  վրա երեք  կին ֆեմինիստուհիների  կյանքի և գործունեության  վերաբերյալ  ֆիլմ նկարահանվեց: Ի դեպ,  նրանց գործունեությունը հիանալի  օրինակ է  մեզ  համար:

 

 

Իսկ այսօր որո±նք են  վրացի  կանանց մտահոգող խնդիրները:

-Ինչպես ամենուր,  մեզ  մոտ  նույնպես կանայք  ենթարկվում են  խտրականության, հարգանքի,  կարծիքի  արտահայտման  պարբերաբար ոտնահարումների, գենդերային  հիմքով  բռնության, այդ թվում սեռական բռնության … Մեր  գործունեությյան  հիմնական  նպատակը՝ ցանկացած բնագավառում  կանանց   խախտված  իրավունքների  վերականգնումն է:

 

 

– Շատե՞րն են  կիսում ձեր գաղափարները…

– Ասեմ, որ  մեր շարքերում երիտասարդ  ֆեմինիստուհիների թիվն  աստիճանաբար ավելանում է: Սակայն առավել ակտիվ  աղջիկներն իրենց ծնողների կողմից ենթարկվում են  ճնշման: Դա էլ եմ  հասկանում,  ծնողներն անհանգստանում են  իրենց  զավակների անվտանգության  առումով:Սակայն  մենք  պետք է  ավելացնենք  մեր շարքերը, որպեսզի  համատեղ ուժերով կարողանանք  գտնել  մեր խնդիրների լուծման ուղիները: Ի դեպ, մամուլը  մեզ այնքան  էլ  չի  պաշտպանում,   պետք է անպայման ինչ-որ  «շոու»  -ի նման ակցիա  լինի, որ  նոր  գան ու  նկարահանեն:

 

 

– Իսկ հասարակության  վերաբերմունքն  ինչպիսի՞ն է …

-Իհարկե,  չէի ասի, թե  մեզ  գրկաբաց են  ընդունում, դա այդպես  չէ: Կան    մարդիկ, ովքեր հասկանում ու գնահատում են  մեր  գործունեության  դերն ու արժեքը: Ոչ  բոլորն են  ընդունում  գենդերային  հավասարության գաղափարը,  նրանց  կարծիքով  կինը  պետք է  մնա  տանը,  պետք է  լինի  միայն  մայր, զբաղվի երեխաների  դաստիարակությամբ  ու  տնտեսությամբ, այլ ոչ թե  դրսևորի հասարակական  ակտիվություն:  Կնոջ ակտիվությունը  հաճախ սվիններով է  ընդունվում: Շատերին դուր չի գալիս  ուժեղ կնոջ  կերպարը, ով կարողանում է  պաշտպանել ոչ  միայն  իր, այլև  բոլոր  կանանց  իրավունքները: Սակայն, հուրախություն  մեզ,   կան  երիտասարդ  շատ  կանայք, ովքեր  իրենց  կյանքի  նպատակը  դարձնում են   կանանց  իրավունքների  պաշտպանությունը:

 

 

– Ձեր  գործունեության  ընթացքում խոչընդոտների շա՞տ եք  հանդիպում:

 

-Բացահայտ  մեզ  ոչ ոք  չի  խոչընդոտում, սակայն  մեզ  խանգարում է  մեր մենթալիտետը, ավանդույթները,  դարերի  ընթացքում կնոջ մասին  ձևավորված ու պահպանված  կարծրատիպերը …  Այսօր  Վրաստանի խորհրդարանում կին  պատգամավորները կազմում են 12 տոկոս, իհարկե, ամենուրեք այդպես է, սակայն մենք  կտրականապես  դեմ ենք նման   խտրականությանը , ուստի  ընդլայնելու ենք մեր     գործունեության  շրջանակները:

 

 

– Ի՞սկ ձեր ընտանիքը  ինչպե±ս է  արձագանքում Ձեր  գործունեությանը:

-Անկեղծ  ասած,  ընտանիքում  այդ  հարցի  շուրջ խնդիրներ  չկան, իսկ եթե  լիներ, ես  պետք է ընտրություն  կատարեի: Ցավոք, հաճախ  կինը   հարկադրված է   ընտրություն  կատարել  ընտանքի և աշխատանքի  միջև, կամ  փնտրի ու գտնի այնպիսի  ամուսին, ով  կհանդուրժի կնոջ հասարակական  գործունեությունը :Այդ  հարցում  իմ  բախտը  բերել է: Ուրախությամբ  պետք է  նշեմ, որ  մեր  ակտիվիստներից  շատերի ամուսինները  կիսում են  մեր  կարծիքներն ու  խնդիրները:

 

Անուշ Ներսիսյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ի պաշտպանություն կին իրավապաշտպանների

 

«Մարդկանց իրավունքները պաշտպանելու համար՝ մեզ նրանց հավատն ու վստահությունն է հարկավոր»

 

«Օրենքը պետք է կիրառել, այլապես այն սիրում է թաքնվել դարակում»

 

«Որքան շատ են քեզ ճնշում, այնքան ավելի վճռական ես դառնում»

 

 

 

 

Դիտումների քանակը` 2755

Վերադառնալ վերև