Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Բերանդ փակի, հիմա՛ր», « Ձենդ կտրի, տոժե մնե»,  «Արա, քեզ ի՞նչ»…

Այսպիսի բառապաշարով էին  շփվում միմյանց հետ Երևանի ավագանու անդամները երեկվա նիստի ժամանակ: Ընդ որում  բանավեճի այս անպարկեշտ մակարդակն ապահովում էին մայրաքաղաքի և՛ տղամարդ, և՛ կին պատգամավորները  միասնական ջանքերով…

 

 

Իսկ  խնդիրը կայանում էր նրանում, որ օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունների անդամների հարցերն ակնհայտորեն դուր չէին գալիս Հանրապետական խմբակցության որոշ անդամներին:

 

 

«Ինչո՞ւ է արվում, ո՞ւմ համար»,- փորձում էին պարզել «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները՝ անդրադառնալով օրակարգային հարցերից մեկին:  Ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության անդամ  Լևոն Իգիթյանը հեգնանքով առաջարկեց.  «Նորընտիր անդամների համար պետք է կուրսեր բացել, որ կվալիֆիկացիան բարձրանա», այնուհետև ուղղակիորեն  սպառնաց՝ «Ձենդ կտրի, տոժը մնե»: Այս ամենից հետո Հանրապետական խմբակցության ավագանու անդամները սկսեցին ծիծաղել, ոմանք էլ բարձր գնահատեցին Լեւոն Իգիթյանի պահվածքը: Նույն ոճով շարունակեց շփումը գործընկերների հետ  ՀՀԿ խմբակցության  անդամ  Նաիրա Նահապետյանը , ով տեղից արձագանքելով  «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի ( լուսանկարում) դժգոհությանն ասաց.  «Բերանդ փակի՛ մի քիչ, հիմա՛ր»

 

 

 

Նախքան այս, ՀՀԿ  խմբակցության անդամ Արմեն Սահակյանը` Ծիտ մականունով, հեգնել էր «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին` նրան դիմելով Անո և «պարոն Բախշյան»: Դիմելաձևը վրդովեցրել էր «Ելքի» անդամներին: Մասնավորապես, Ալեն Սիմոնյանը փորձեց  կարգի հրավիրել Արմեն Սահակյանին` ««Անոս ո՞րն ա: Հավաքի՛ քեզ, ա՛յ ծիտ»: «Արա, քեզ ի՞նչ որն ա»,- արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավորը, ինչը  դարձյալ անպատասխան չէր մնացել Ալեն Սիմոնյանի կողմից՝ «Արա»-ն դու ես: Նիստի ժամանակ ծագած լեզվակռվին միացան այլ պատգամավորներ, այնուհետև  այն   շարունակվեց նաև քաղաքապետարանի միջանցքում:  «ԵԼՔ» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանին, ով միջամտել էր նիստի ընթացքում բանավեճին, ընդմիջման ժամանակ մոտեցավ  իր հետ բանավիճած անձը՝  ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Ավանեսյանը` փորձելով  «հարցերը պարզել»  Խաչատրյանի հետ  «կանացի պահել» սեքսիստական  բնույթի հորդորի միջոցով:  Վերջինս, սակայն, հակադարձեց. «Դուրս ես եկել հետս միջանցքում բազար ես անո՞ւմ: Ձեռքով չխոսես հետս: Ես ինձ էնքան կանացի եմ պահում․․․Դու քեզ մի քիչ տղամարդավարի պահի: Երկու մատով կխեղդեմ, օֆ չեմ անի, դու ինձ տեղը չես բերում», – ասաց Անի Խաչատրյանը: Իրավիճակը, բարեբախտաբար, մնաց  սպառանալիքների մակարդակում ՝ վիճող կողմերին բաժանեցին, իսկ  Հովհաննես Ավանեսյանը  հրաժարվեց պատասխանել լրագրողների պարզաբանող հարցերին:

 

 

Իսկ ավելի ուշ «Ելք» խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով դատապարտեց պետական կառույցին ոչ հարիր իրավիճակը. «Մենք դատապարտում ենք նման պահվածքը և պահանջում ենք, որ Արմեն Սահակյանը ներողություն խնդրի Անահիտ Բախշյանից: Մենք նաև արձանագրում ենք, որ Հովհաննես Ավանեսյանը ևս ցուցաբերել է ավագանու անդամին ոչ հարիր պահվածք, և մենք պահանջում ենք ավագանու «Հանրապետական» խմբակցությունից կանխել նման դեպքերը»:

 

 

Դժվար է ասել, թե հետագա ավագանու նիստերը ինչ մթնոլորտում են անցնելու, պարզապես արձանագրենք, որ մինչ պետական պաշտոնյաները ամեն օր հայտարարում են այն մասին, որ օրեցօր Հայաստանը ավելի ժողովրդավար երկիր է դառնում, քաղաքական դաշտում առկա իրավիճակը խոսում է հակառակի մասին: Մենք անշեղորեն «փողոցային ռազբորկաների»   մակարդակ ենք գլորվում, երբ առողջ բանավեճ ասվածը գոյություն չունի, իսկ զոռբայությունն, անձնական վիրավորանքն ու սեքսիզմը   գլխավոր դերակատարներ են: Առավել ևս ցավալի է, որ խաղի նման   կանոններն ընդունում ու դրանցով  առաջնորդվում են  կանայք: Ստացվում է, որ միջազգային պրակտիկայով   արդարացված այն պնդումները,   թե կանանց ներկայությունը քաղաքական օղակներում որոշակիորեն զսպում է տղամարդկանց, ստիպելով նրանց ավելի հանդուրժող  ու հարգալից լինել միմյանց նկատմամբ, գոնե Հայաստանի իրականության մեջ հիմնավորված չեն:

 

Լիա Խոջոյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Երևանի ավագանու նիստում սեքսիստական կոչեր են հնչել. «Երկիր Ծիրանի»

Դիտումների քանակը` 224

Վերադառնալ վերև