Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բռնի ամուսնություն, բռնաբարություն, մահ…

Իլամական պետության պատերազմն ընդդեմ  եզդի կանանց ու աղջիկների

Ռուսական Lenta.ru պարբերականը հրապարակել է «Բռնի ամուսնություն, բռնաբարություն, մահ» վերնագրով հոդված, որտեղ ներկայացրել են «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից զավթված տարածքներում իրագործվող վայրագությունները և եզդի ժողովրդի նկատմամբ առանձնահատուկ դաժանության պատճառները:

 

Հրապարակման համաձայն` իսլամիստներն իրենց Dabiq ամսագրում անընդմեջ հրապարակում են կրոնական նորմերի այլասերված մեկնաբանություններ, որոնցով արդարացնում են իրենց հպատակ ահաբեկիչների բռնություններն ու վայրագությունները: Այդ մեկնություններում արդարացվում են «անհավատների» ընտանիքների ստրկացումը, կանանց և աղջիկների նկատմամբ սեռական բռնությունները, մինչև անգամ «անհավատներին» կյանքից զրկելը:

 

Սակայն «Իսլամական պետության» ահաբեկիչներն իրենց դաժանությունը ոչ մի օրենքով չեն սանձահարում եզդիների նկատմամբ, որի պատճառը, ըստ պարբերականի` նրանց կրոնն է` եզդիականությունը: Մյուս` մոնոթեիստական կրոնների հետևորդների նկատմամբ իսլամիստները համեմատաբար ավելի քիչ ագրեսիա են ցուցաբերում, քան եզդիների, որոնք պաշտում են Արևը և իրենց Սուրբ Կրակը:

 

Եզդիների նկատմամբ բռնությունների ամենամեծ ալիքը սկսվեց 2014թ-ի օգոստոսից, երբ իսլամիստները սկսեցին հարձակումներ գործել իրաքյանՍինջար քաղաքի վրա: Այնտեղ ծայրահեղականները սպանում էին տղամարդկանց` հազվադեպ առաջարկելով ընտրություն կատարել մահվան և իսլամ ընդունելու միջև, իսկ կանանց և աղջիկներին տեղափոխում էին այլ քաղաքներ:

 

Գերեվարված աղջիկներին և կանանց զինյալները հանում են աճուրդի և վաճառում են չնչին գումարներով: Իսլամիստների գերությունից փախած մի քանի աղջիկներ հետագայում լրատվամիջոցներին տված հարցազրույցներում պատմել են թե ինչ վայրագությունների միջով են իրենք անցել և ինչպես են վերաբերվել իրենց: Օրինակ` եզդի մի աղջիկ` Նուր անունով, պատմել է, որ իրեն գնած մի իսլամիստ ցույց է տվել պաշտոնական նամակ, որտեղ ասված է եղել, որ եզդի կինը կդառնա մուսուլման այն ժամանակ, երբ նրան բռնաբարեն ԻՊ-ի 10 զինյալ:

 

Մարդկանց վաճառքով զբաղվող կենտրոններ կան Իրաքի և Սիրիայի տարբեր քաղաքներում, դրանցից ամենահայտնին գտնվում է Մոսուլում: Գերությունից փախած կանայք պատմում են, որ իրենց բաժանում են խմբերի` կույսերին, հղիներին, տարեցներին վաճառելով համապատասխան գնով:

 

Պարբերականի հաղորդմամբ` այժմ եզդիների և իսլամիստների միջև ուժերը հավասարակշռված են, և երկու կողմերի միջև շփման գիծը Սինջար քաղաքում հարաբերական կայունության մեջ է: Եզդիաբնակ տարածքների 80 տոկոսն այժմ վերահսկվում է իսլամիստների կողմից, սակայն մնացած 20 տոկոսում եզդիները բավական ամուր կենտրոնացրել են իրենց ուժերը:

 

Հրապարակման համաձայն` եզդի կանայք ուս ուսի տղամարդկանց հետ կռվում են ծայրահեղականների դեմ` պաշտպանելով իրենց ընտանիքը, երեխաներին և իրենք իրենց: Եզդիների պաշտպանական խմբերում առկա են նույնիսկ միայն կանանցից կազմված ջոկատներ:

 

«Այդ կանայք նույնիսկ քնում են իրենց համազգեստով: Եվ նրանք չեն հանի այն, մինչև ազատություն չնվաճեն: ԻՊ-ի զինյալների համար կնոջ կողմից սպանվելը հարամ է: Դրախտ չեն ընկնի», – պարբերականի հաղորդմամբ` The Guardian-ի հետ զրույցում պատմել է եզդիների ինքնապաշտպանության գոտում աշխատած լրագրող Ալֆրեդ Յագոբզադեն:

 

Աղբյուրը `  Panorama.am

 

 

Դիտումների քանակը` 3542

Վերադառնալ վերև