Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բռնության ու անպատժելիության դեմ բողոքի ակցիան շարունակվել է Երևանի փողոցներում

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում նախօրեին անցկացված  բողոքի ակցիան այսօր վերսկսվեց նախագահական նստավայրի մոտ, այնուհետեւ շարունակվեց Ազգային ժողովի, Գլխավոր դատախազության մոտ ու ավարտվեց Կառավարության շենքի առջև:

Ակցիային մասնակցում էին «Ժառանգության», «Սարդարապատ» շարժման անդամներ, բնապահպաններ, հրապարակախոսներ, իրավապաշտպաններ եւ բազմաթիվ երեւանցիներ: Մասնավորապես, այստեղ էին «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, ՀՅԴ-ից՝ Լիլիթ Գալստյանը:

Առաջ շարժվեցին «Նե-մեց մարդա-սպան, …» վանկարկումներով ՝ ի նկատի ունենալով ԱԺ պատգամավոր, «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին, որը հայտնի է «նեմեց Ռուբո» մականունով:

 

Կանգ առնելով  Ազգային ժողովի շենքի առջև բողոքի ակցիայի մասնակիցներից  մի քանիսը  ելույթ ունեցան՝ պահանջելով զրկել Ռուբեն Հայրապետյանին մանդատից:  «Պատժել բոլոր մեղավորներին պահանջը»  հնչեցվեց նաեւ Դատախազության ու Կառավարության շենքերի մոտ:

 

Հիշեցնենք՝ նախօրեին ի հիշատակ՝ «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի,  նոիյն այդ  ռեստորանային համալիրում խաղաղ մոմավառություն տեղի ունեցավ, որին մասնակցում էին «Պահանջում ենք պատժել բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությանը միացած  մեծ թվով քաղաքացիներ: Չնայած հորդառատ անձրևին մարդիկ, մոմերը ձեռքներին մոտենում էին համալիրի աստիճաններին, տեղադրում դրանք, մի պահ կանգ առնում ու գնում:

 

«Ես Վահեն եմ», «Սա սպանդանոց է», «Վերջ ամենաթողությանը» վանկարկումներով ակցիան սկզբում խաղաղ էր, այնուհետև, տեսնելով, որ համալիրի ներսում ինչ-որ հանդիսություն է, աշխատակիցները փորձել են հեռացնել ակցիայի մասնակիցներին: Ոստիկանության ծառայողների ու ակցիայի մասնակիցների  միջև բուռն  բանակցություններից հետո տարածքը հոսանքազրկվեց ու կրքերը հանդարտվեցին:

 

Սակայն հուլիսի 1-ի գիշերը , ըստ լրատվական տարբեր աղբյուրների, ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ 39–ամյա Վարդան Սամվելյանը,  պայթուցկներով լի պայուսակով մուտք է գործել «Հարսնաքար» ռեստորանային համալիր և սպառնացել է պայթեցնել այն: Որոշ տեղեկություններով Սամվելյանը  մուտք գործելով  ռեստորան, նախ փորձել է հանդիպել անվտանգության աշխատակիցներին: «Հլը կանչեք ախրանային»,-դիմել է Վարդան Սամվելյանը, ապա սպառնացել պայթեցնել ռեստորանը, սակայն նրա հետ տեւական ժամանակ բանակցություններ են վարվել, ինչից հետո  ոստիկանները նրան բերման են ենթարկել ոստիկանություն:

 

 

Ըստ  Panorama.am -ի տեղեկատվության

Դիտումների քանակը` 2385

Վերադառնալ վերև