Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բռնությունը հայ ընտանիքն է քանդում ՝ 12-ժամյա ակցիա Կառավարության շենքի դիմաց

 

Այսօր կառավարության շենքի դիմաց կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները  12-ժամյա ակցիա են կազմակերպել՝  հերթական անգամ հիշեցնելով հասարակությանը, որ  «Ընտանեկան բռնությունը չի դադարի, երե մենք ոչինչ չանենք»:  

 

 

Ակցիայի կազմակերպիչներ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները հոկտեմբերի 1-ը՝  Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր  են հայտարարել եւ այդ նույն առաջարկով դիմել են կառավարությանը….  Երեք տարի առաջ,  2010-ի  հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը և նա, ցավոք, միակը չէ, որ ընտանեկան բռնության զոհ է դարձել:   2012-ին 5 կին մահացել է ընտանեկան բռնության հետևանքով՝ առանց մայրական խնամքի թողնելով 12 մանկահասակ երեխա, իսկ այս տարվա ընթացքում արդեն երեք կին է սպանվել ընտանիքում:  Արդյո՞ք կարելի է շարունակել լռություն պահպանել այս հարցում:

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան,  որը ձևավորվեց  Զարուհու ողբերգական մահից հետո, այսօր առավոտվանից կառավարության շենքի դիմաց կազմակերպված  իր ակցիայով  փորձում էր  հերթական անգամ բարձրաձայնել  խնդիրը, իրազեկել հանրությանը, որ  ընտանեկան բռնությունը ՝  դա ոչ միայն  խեղված ճակատագրեր են, այլ որբերգական ավարտ ունեցող երիտասարդ կյանքեր, եւ անընդունելի  է  դրա մասին լռել:

 

 

Կառավարության ղեկավարին իրենց կողմից   փոխանցված  նամակում  պահանջ է դրվում հստակ քայլեր ձեռնարկել այն պարտավորությունների իրականացման ուղղությամբ,  որոնք արտահայտված են «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրում, ինչպես նաև Հայաստանի կողմից վավերացված միջազգային մի շարք փաստաթղթերում:  Նամակում ադրադարձ է կատարվում  նաև «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը, ինրպես  հայտնի է  2009 –ից  ներկայացվել էր  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն 2013 -ի փետրվարի 11-ին  Կառավարության եզրակացության  համաձայն մերժվել է: Հիմնավորման մեջ ասված է ,  կառավարությունը  նպատակահարմար չի գտել ընդունել «Ընտանեկան բռնության մասին» առանձին  օրենք, և հանձնարարություն է տվել նախագծի դրույթները ներառել այլ իրավական ակտերում եւ օրենսգրքերում:

 

Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Հասմիկ Գևորգյանը WomenNet.am-ի հետ զրույցում նշեց, որ 2010-ից սկսած «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան մի նամակ չէ, որ հանձնել է կառավարությանը, սակայն  դրանցից որևէ մեկին պատասխանը  այդպես էլ չեն ստացել.

 

 

«Բայց եթե պատասխան չենք ստացել չի նշանակում, որ մենք պետք է հուսահատվենք ու լռենք: Ոչ. Մենք բարձրաձայնելու ենք խնդիրը այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը Հայաստանում կա և մինչև  ՀՀ կառավարությունը ու լիազորված մարմինները ու մարդիկ   չեն սկսի ինչ-որ քայլեր անել»,- նշեց Հասմիկը:

 

Իր գործունեության շրջանակում Հասմիկն ամեն օր առնչվում է ընտանեկան բռնության տարբեր դեպքերի հետ և այսօրվա դրությամբ Կանանց աջակցման կենտրոնը  75 կնոջ հետ է աշխատում՝ տրամադրում հոգեբանական և այլ աջակցություն: Փորձում են հնարավորինս օգնել, որ ընտանիքը պահպանվի.

 

«Մեզ օգնության խնդրանքով դիմած կանանց  թիվը դեռ չի նշանակում, որ նրանք մտադիր են  ամուսնալուծվելու:  Կանայք ստանում են խորհրդատվություն, պարբերաբար զրուցում են և՛ հոգեբանի, և՛ մասնագետի հետ, ապրելով  իրենց  ամուսնու հետ: Այսինքն թյուր է այն կարծիքը, թե կենտրոն դիմած կանայք անպայման ամուսնալուծվում են: Նման որոշման պահը միայն այն  ժամանակ է հասունանում, երբ  կինը գիտակցում է, որ բռնարարը չի փոխվելու և միայն այդ դեպքում է նա դիմում  ծայրահեղ  քայլին»,- նշեց նա ու ավելացրեց, որ ընտանեկան բռնությունը  իրականում երեք ցիկլ ունի՝ բռնության շրջան, լարվածության շրջան, մեղրամսի շրջան, երբ բռնարարը խոստանում է, որ ամեն ինչ լավ է լինելու և այլևս բռնությունը չի կրկնվի.

 

«Հենց դա է պատճառը, որ  կանայք հաչախ ասում են՝ ես չեմ հասկանում, ինչպես եմ 20-40 տարի այդ ծեծին-ջարդին ու անիմաստ խոստումներին դիմացել »,- հավելեց Հասմիկը:

 

Հասմիկ Գևորգյանը դժվարացավ ասել՝ արդյո՞ք  օրենքի ընդունումը կնվազեցնի ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում, բայց  միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման օրենքի առկայությունը  նաեւ կանխարգելիչ դեր է խաղում : Բացի դրանից  ամենագլխավոր խնդիրը հասարակությանն իրազեկումն  է, հատկապես մարզերում.

 

 

«Մենք, ցավոք, կենտրոններ չունենք մարզերում, սակայն ծառայություն ենք մատուցում ամբողջ հանրապետությունով մեկ և եթե կինը  զանգահարում է, ասենք, Մեղրիից, ապա չենք ասում, թե ձեր մոտ կենտրոն չունենք ու չենք սպասարկում: Ցանկացած կին հանրապետության սահմաններում , որ մեր աջակցության կարիքն ունի ստանում է այն: Այլ խնդիր է, որ ոչ բոլորն են, հատկապես մարզերում, իրազեկված, որ տեղ ունեն գնալու և մասնագետներ կան, որոնց կարող են դիմել բռնության ենթարկվելու դեպքում»,- ընդգծեց Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչը:

 

Նշենք, որ կառավարության շենքի դիմաց ակցիան կտևի մի ամբողջ օր՝ կոալիցիայի ակտիվիստները այստեղ կմնան մինչև երեկոյան ժամը 21.00-ը եւ կոչ են անում բոլոր նրանց, ովքեր պատրաստ են պայքարել  ընդդեմ ընտանեկան բռնության միանալ իրենց: Ակցիայի մասնակիցները մանուշակագույն ժապավեններ էին ամրացնում անցորդների հագուստին, ինչը խորհրդանշում է ընտանեկան բռնության պայքարի գույնը:

Է. Մակարյան  

Դիտումների քանակը` 3567

Վերադառնալ վերև