Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բրիտանացի պատգամավորները պահանջում են սահմանել 12-շաբաթյա վճարովի հայրական արձակուրդ

Բրիտանական խորհրդարանի պատգամավորները  առաջարկում են ընդունել այնպիսի օրենքներ, որոնք կստիպեն  ընկերություններին իրենց աշխատողներին ճկուն աշխատանքային գրաֆիկ առաջարկելու և երեխայի խնամքի համար արձակուրդ տրամադրելու, գրում է բրիտանական «Guardian»-ը :

 

«Բրիտանիան պետք է արմատապես բարեփոխի ծնողական արձակուրդը՝ ավելի շատ հայրերի խրախուսելով օգտվել երեխայի խնամքի համար հատկացվող արձակուրդից, այլապես երբեք չի հաղթահարի աշխատավարձերի գենդերային խզումը», – առաջարկում է պատգամավորների կողմից ստեղծված հանձնաժողովը:

 

Հայրերը պետք է ունենան 12 շաբաթվա վճարվող արձակուրդի տարբերակ.  «օգտվի’ր կամ կկորցնես այն» սկզբունքով հատկացվող հայրական արձակուրդ, որը կփորձի խրախուսել տղամարդկանց ավելի լայն մասնակցություն ունենալ փոքր երեխայի կյանքում, ինչը նաև հնարավորություն կստեղծի կանանց համար աշխատաշուկա վերադառնալու, –  ասված է հանձնաժողովի հաղորդման մեջ:

 

Կառավարությունը պետք է օրենսդրորեն պարտավորեցնի ձեռնակրություններին տղամարդկանց առաջարկել ճկուն աշխատանքային պայմաններ, ինչպիսիք են կես դրույքով աշխատելը կամ ոչ ֆիքսված աշխատաժամերը, քանի որ շատ հայրեր դժգոհում են, որ ղեկավարները չեն հասկանում իրենց՝ աշխատանքը և ընտանեկան կյանքը համատեղելու ցանկությունն ու դրա անհրաժեշտությունը:

 

«Ծնողական արձակուրդը և աշխատավարձերի գենդերային խզումը սերտորեն կապակցված են: Մինչև չկարգավորենք այս հարցերը հայրերի համար, չենք կարող ապահովել ճիշտ լուծումներ մայրերի պարագայում», – ասել է հանձնաժողովի նախագահ  Մարիա Միլլերը «Guardian» ամսագրին:

 

Հանձնաժողովը անցյալ տարի սկսեց իր հետաքննությունը՝ ի պատասխան հարցումների և ուսումնասիրությունների, որոնք ցույց տվեցին, որ շատ տղամարդիկ դեռևս ֆինանսական, մասնագիտական և մշակութայյին առումներով ի վիճակի չեն արձակուրդ վերցնել իրենց երեխաների խնամքը վաղ տարիքի ժամանակահատվածում կազմակերպելու համար:

 

Մասնավորապես, տղամարդիկ ասել են, որ դժվար է համոզել գործատուներին լուրջ արձագանքել հայրական խնամքի համար արձակուրդ վերցնելու իրենց խնդրանքին և մտահոգություն են հայտնել, որ այն դեպքում, եթե նրանք խնդրում են ճկուն աշխատանքային տարբերակներ սահմանել, պարզապես հեռացվում են աշխատանքից: Արդյունքում այն հայրերի թիվը, ովքեր կարող են արձակուրդ վերցնել՝ այդպիսով հոգ տանելով իրենց ընտանիքների մասին և խրախուսելով կանանց վերադառնալ աշխատանքի, շարունակում է շատ ցածր մնալ: Հայրերի ճնշող մեծամասնությունը աշխատում է ամբողջական դրույքով:

 

Երեք տարի առաջ կառավարությունն առաջարկեց ծնողական արձակուրդը, որը զույգերին հնարավորություն տվեց բաժանել 50 շաբաթվա արձակուրդը և 37 շաբաթվա վարձատրությունը, սակայն դրա կիրառելիությունը շատ ցածր է՝ 2%: Փոխարենը, հանձնաժողովը ասում է, որ Մեծ Բրիտանիան պետք է հետևի շվեդական օրինակին, ըստ որի զույգերն ընդհանրապես կկորցնեն ծնողական արձակուրդի հնարավորությունը, եթե հայրը չօգտվի խնամքի համար հատկացվող իր արձակուրդից:

 

«Պետք է գործի պաշտպանված հայրական արձակուրդի մոդելը, քանի որ միայն դա է ամենաարդյունավետ տարբերակը՝ ստիպելու հայրերին արձակուրդ վերցնել, և ոչ միայն բացառապես այն ժամանակ, երբ ծնվում են իրենց փոքրիկները», – ասել է Միլլերը:

 

Միլլերը նշել է նաև, որ չափազանց կարևոր է, որ 12-շաբաթյա արձակուրդը հասանելի լինի «տարբեր եկամուտներ ունեցող տղամարդկանց» համար: Ավելի ցածր եկամուտ ունեցող խմբերից շատերն ասում են, որ նրանք չեն կարող իրենց թույլ տալ խնամքի համար տրամադրվող արձակուրդ վերցել՝ մայրական խնամքի համար օրենքով սահմանված դրույքով: Հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ հայրական խնամքի վճարումը պետք է սահմանվի հայրերի վարձատրության 90% -ի սահմաններում և սահմանափակվի ավելի բարձր վարձատրությամբ աշխատակիցների համար:

 

Հանձնաժողովը նաև առաջարկում է, որ կառավարությունը օրենքով սահմանի, որ աշխատանքի հայտարարություններում նշվի  ճկուն աշխատանքային գրաֆիկի հնարավորությունը, եթե իհարկե դա թույլ է տալիս տվյալ աշխատանքի սպեցիֆիկան:

 

«Բոլոր ծնողներն էլ ցանկանում են ավելի ճկուն աշխատանք ունենալ», – ասել է Միլլերը, նկատելով, որ հայրերը մեծ մասամբ մտավախություն ունեն, որ ծնողական արձակուրդ վերցնելու համար իրենց մասին վատ կմտածեն, կամ կընկալեն դա աշխատանքային պարտականություններից խուսափելու փորձ:

 

«Աշխատող ընտանիքներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սառա Ջեքսոնն ասել է, որ պատշաճ վճարվող հայրական արձակուրդը ուժեղ ազդանշան կլինի կառավարությունից հայրերի դերի փոքր երեխաների խնամքի հարցում կարևորելու ուղղությամբ:  

 

 «Հայրերի ներգրավվածության բարձրացմանն ուղղված ջանքերը կձախողվեն, եթե, աշխատանքի վերադառնալով, հայրերը չկարողանան աշխատել կես դրույքով, կամ էլ ճկուն գրաֆիկով, քանի որ աշխատավայրում իշխում է մի մշակույթ, որը թշնամական է  արձագանքում  երեխայի խնամքը կիսելու իրենց հավակնություններին»:

 

Էնդրյու Հեմերթոնը, ով երկու երեխաների հայր է և  զբաղվում է մարքեթինգով, ասում է, որ իր համար դա հնարավոր է եղել միայն շնորհիվ հասկացող գործատուի, իր կնոջ, որը ձգտել է վերադառնալ աշխատանքի և իր վճռականության, որը թույլ է տվել անցյալ տարի վեց ամիս տևողությամբ արձակուրդ վերցնել, երբ ծնվել էր իր երկրորդ դուստրը:  «Ես աշխատավայրից օրինական աջակցություն ունեի: Բայց ես դեռ անհավանական հաջողակ եմ համարում զգում, քանի որ իմ փորձը նորմ չէ», – ասաց նա:

 

Աղբյուրը՝  Guardian

 

Հ.Գ.  Խնդիրն արդիական է և Հայաստանի համար: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 176-ի 1-ի կետով աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ է տրվում  հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն ( արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը): Սակայն այս դրույթն   ուժի մեջ մտնելու պահից կիրառվել է միայն մեկ-երկու անգամ: Տղամարդիկ  չեն օգտվում օրենքով սահմանված հնարավորությունից՝ վախենալով կորցնել աշխատանքը կամ ծաղրի ենթարկվել շրջապատի կողմից:   Ի դեպ, վերջերս ներկայացված  ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների  վերաբերյալ առաջարկությունների թվում արվել էր նաև առաջարկ  դարձնել  այդ արձակուրդը վճարովի՝ հայրերին  դրանից օգտվելու  խրախուսելու և երիտասարդ կանանց մուտքը աշխատանքի շուկա ապահովելու համար: Առաջարկը սակայն մերժվել էր:

 

Առաջարկի բովանդակությանը  և կառավարության պատասխանին կարելի է ծանոթանալ  e-draft կայքում տեղադրված նախագծի ամփոփաթերթում  հետևյալ հղումով.   https://www.e-draft.am/projects/494/digest  (թիվ 11  առաջարկ  , «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից ներկայացված): 

 

Նշենք նաև, որ  Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի ՀՀ 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցների եզրափակիչ դիտարկումների կետ 25-ով ՀՀ Կառավարությանը առաջարկվում է.   

 

…«Ստեղծել կանանց համար ավելի շատ հնարավորություններ ֆորմալ զբաղվածությունն ապահովելու նպատակով, այդ թվում կանանց և տղամարդկանց միջև ընտանեկան հավասար պարտականությունների հավասար բաշխմանը նպաստելու, երեխաների խնամքի համար բավարար և համարժեք պայմանների տրամադրման, ինչպես նաև տղամարդկանց համար իրենց ֆիզիկական արձակուրդի իրավունքն իրականացնելու դրդապատճառների ստեղծմամբ»:

Դիտումների քանակը` 524

Վերադառնալ վերև