Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գայանե Հարությունյան. «Մարդը պետք է անտարբեր չլինի իր քաղաքի, շենքի, բակի, այգու հանդեպ»

Եղեգնաձորի ավագանու  անդամ  Գայանե Հարությունյանն, ով կրկին առաջադրվել է հոյտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում,  էությամբ անհանգիստ, նախաձեռնող, մարդկանց և համայնքի խնդիրների նկատմամբ սրտացավ կին է: Ասում է` մարդը հասարակական էակ է և պետք է անտարբեր չլինի իր քաղաքի, շենքի, բակի, այգու հանդեպ: Բոլորի նման նա էլ իր թոռնիկներին տանում է քաղաքային զբոսայգի, խաղահրապարակ ու մտովի հպարտանում, որ իր ներդրումն ունի դրանց կառուցման գործում: Հպարտանում է, որ քաղաքի տարբեր հատվածներում ստեղծվել են ծաղկանոցներ, որ իր համառության արդյունքում շուրջ 36 շենքի տանիքներ, 8 բակ, մանկապարտեզի խոհանոցն ու խմբասենյակները վերանորոգվել են, իսկ որպես  բժիշկ նա մշտապես  հետևում է հատկապես  մանկապարտեզում  սննդի որակին …

 

Այս  ընտրություններին Գայանեն  մասնակցում է  «Հավատով սատարենք կանանց» կարգախոսով:  Ասում է , առանց կանանց դժվար է ապահովել համայնքի առաջընթացը, երկրի  զարգացումը և նոր սերնդի դաստիարակությունը: 

 

–         Կարծում եմ, որ գործունյա  կանայք   պետք է  ընդգրկվեն  քաղաքականության մեջ: Շատերն ասում են պետք չէ, իսկ ես  պնդում   եմ , որ կանայք  չեն խուսափում այդ պատասխանատվությունից, մենք էլ  հարթում ենք այդ ուղին…

 

Գայանե Հարությունյանը ծնվել է Վայոց ձորի Արտաբույնք համայնքում: Եղեգնաձորի շրջանային  կոմիտեում կադրերի բաժնի վարիչ աշխատող հոր և գրող,  հրապարակախոս  մոր`Լուսիկ Մկրտչյանի զավակները` դուստրն ու երկու որդիները պետք է ստանային  բարձրագույն  կրթություն,  դա էր ծնողների ցանկությունը: Ուստի դպրոցն ավարտելու հետո երեքն էլ  սովորեցին  և ավարտեցին երևանյան  բուհերը: Գայանեն ավարտեց Երևանի բժշկական  համալսարանի մանկաբուժական  ֆակուլտետը, այնուհետև Եղեգնաձորի Բժշկական  կենտրոնում 15 տարի մանկաբույժ աշխատելուց  հետո ու  մասնակցելով ընտանեկան  բժշկության  վերապատրաստման  դասընթացներին ստացվ  ընտանեկան  բժշկի որակավորում: Մինչ այսօր աշխատում է  Եղեգնաձորի բժշկական կենտրոնում  և Մալիշկա  համայնքում որպես  ընտանեկան  բժիշկ: Եղբայրներից  մեկը` Ավագ Հարությունյանը Հայաստանի գլխավոր գինեգործն է,  մյուս  եղբայրը` Արթուր Հարությունյանը Վայոց  ձորի սննդի անվտանգության գլխավոր մասնագետն է:

 

Գայանե Հարությունյանի երկու դուստրերն ու միակ  որդին նրան  արդեն երջանիկ  տատիկ են  դարձրել: Ամուսնու հետ Հերմոն  գյուղում հիմնել են ձկնաբուծարան,  խնամում են 40 մեղու,  մեծաքանակ  սագեր և  բադեր:

 

–         Օրս  շատ ծանրաբեռնված է,  միաժամակակ  հերթապահում եմ  ստացիոնար բաժնում,  կանչերին  եմ  արձագանքում,  մի  խոսքով  շատ եմ  զբաղված,  տանը նույնպես հիվանդներ եմ  ընդունում, եթե տուն են  գալիս,  ոնց  չօգնեմ: Տանն էլ ամեն  ինչ  հասցնում եմ,  պահածո,  ճաշ, արագաշարժ եմ,  համ էլ  զրուցասեր եմ,- իր մասին  պատմում է Գայանեն:

 

Ընտանեկան  բիզնեսից  բացի Գայանեն նաև  հասարակական  գործունեությամբ է զբաղվում:  2012 թ-ին  ավագանու ընտրություններում  առաջադրվել և  հաղթել է, դառնալով Վայոց  ձորի  միակ  կին ավագանին: Ընտանիքը և հատկապես  ամուսինը  դեմ էին  նրա որոշմանը, սակայն երբ  համոզվեցին, որ Գայանեն  ամեն  ինչ հասցնում է,  համակերպվեցին: Փոխարենը դեմ էին առաջիկա  ընտրություններին  մասնակցելու նրա  մտադրությանը:

 

–         Մեր  մարզում  մարդիկ  մի տեսակ  հուսախաբ են,  ընտրությունների հանդեպ նախկին հավատը  չկա, թեև բնակիչները խոստանում են  իրենց  ձայնն  ինձ տալ: Վերջին  4 տարիների  ընթացքում  հասկացա, որ ավագանու  ինստիտուտը դեռևս  կայացայց  չէ,  լավ  թիմի  պակաս  կա: Օրինակ, ցանկացած նիստից առաջ   պետք է  նախապես ավագանին հավաքվի,  հարցերը քննարկվեն, ինչպես ասում են`առաջարկները մի  լավ եփվեն,  հետո  նոր դրանք  ներկայացվեն  ավագանու  նիստում:  Մինչդեռ այսօր նիստի  օրակարգը խտացվում է, խորքային  քննարկում  չի արվում, արագ-արագ  որոշումներ են  ընդունվում ու նիստը համարում փակված,- պատմում է Գայանեն:

 

Փորձի փոխանակման առիթով Իտալիայից  ժամանած ավագանիների հետ  հանդիպմանը Գայանեի համար նորություն էր  «ավագանու ավագ»  կարգավիճակը, որը կոչված է համադասել ավագանու աշխատանքը: Ի տարբերություն մեզ` Իտալիայնում ավագանիների աշխատանքը  վարձատրվում է, իսկ  « ավագանու ավագ »-ը  նախքան  նիստ գումարելը  ավագանու անդամների ներկայացրած հարցերը քննարկում է քաղաքապետի հետ: Գայանեի  համոզմամբ թեև գաղափարը հետաքրքիր է, սակայն դժվար թե այն  ներդրվի մեզանում:

 

–         Ես  շատ  կուզեի, որ մեզ  մոտ  էլ  լիներ այսպես կոչված  «ավագանու համարկարգող»  հասկացությունը, սակայն մեր օրենսդրությամբ նման պաշտոն նախատեսված չի: Ճիշտ է, այսօր մի երեք  հոգով նախապես  հավաքվում ենք  հարցերին  ծանոթանալու,  բայց  կուզեի, որ  հարցերը  նախապես քննարկելու համար ավագանու  բոլոր  11 անդամներն էլ  հավաքվեին,  մի  բան, որը չի արվում:

Գայանե Հարությունյանը տարիներ առաջ իր հիմնադրած «Երիտասարդ  ընտանիքի աջակցության  կենտրոն» ՀԿ-ի միջոցով աջակցում է ավագանու աշխատանքերին: Միաջազգային  կազմակերպությունների հետ  համագործակցության  արդյունքում իրականացվել է  20-ից ավելի ծրագիր, վերանորոգվել են  պուրակներ, մանկական  կոնսուլտացիայի  շենքը,  լուծվել են աղբահանության  և փողոցների լուսավորության  հարցերը,  առայժմ Եղեգնաձորում  չլուծված է  մնում  ներքաղաքային  տրանսպորտի հարցը,  հիմնական փոխադրամիջոցը  տաքսի  ծառայությունն է, որը ոչ բոլորին է հասու: Եղեգնաձորի  6 բանուկ թաղամասերում ավագանու  նիստերի, որոշումների մասին և առհասարկ,  զանազան  նորությունների վերաբերյալ  տեղադրել են հայտարարությունների ցուցատախտակ, թեպետ  վերջին  ժամանակները դրանք հաճախակի չեն  թարմացվում: Գայանեի շնորհիվ ձևավորվել է ծննդկան  կանանց  փոքրիկ փաթեթներ նվիրելու ավանդույթ: Լինելով  Հոգաբարձուների խորհրդի անդամ  Գայանեն պաշտպանում է ամուսնալուծված ընտանիքների  երեխաների շահերը…  Նրա աշխատանքը  գնահատվում է , նրա  առաջակներին   հաճախ ականջալուր են  լինում…

 

Գայանեի  համոզմամբ կնոջ պակասն  իրոք  նկատելի է  համայնքային խնդիրների լուծման  գործում, թեկուզ միայն այն,  որ կինն ավելի  հետևողական է, սակայն  միայնակ  շատ  բան  հնարավոր չէ անել: Դրա համար էլ ուրախ է, որ այս անգամ իրենից  բացի ավագանու թեկնածուների թվում  առաջադրվել են  ևս երկու կին: Կես կատակ , կես լուրջ ասում է.  կարելի է  հուսալ, որ նախկինի  նման  տղամարդիկ  ավագանու նիստերին  ներկայանալուց  հետո չեն  շտապի  հեռանալ, այլ մինչև նիստի ավարտը  կմասնացեն առաջարկների  քննարկմանը

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 1788

Վերադառնալ վերև