Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գայանե Մանուկյան. «…Որ յուրաքանչյուր մարդ հասկանա՝ Երևանն իր տունն է»

 

 WomenNet-ի  զրուցակիցն է   ՀՅԴ Գերագույն մարմնի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Գայանե Մանուկյանը, ով ներկայացված է Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ ցուցակի 28րդ հորիզոնականում:  Մասնագիտությամբ պատմաբան Գայանե Մանուկյանն ասում է, որ դեռ փոքր տարիքից ուսմանը զուգահեռ աշխատել է տարբեր  ոլորտներում, ինչը իրեն  կյանքի մի կարեւոր դաս է տվել` «արժեվորել յուրաքանչյուրին»  անկախ նրա տարիքիցսեռից … Ականատես լինելով  երևանցու հոգսերին ու հիասթափություններինինչպես նաև նրա` պայքարելու վճռականությանը, մի բան է ցանկանում , որ  իր համաքաղաքացիներն  առաջին հերթին  արժանապատիվ կյանքով ապրեն:

 

 

– Ինչո՞ւ որոշեցիք  քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնել:

 

–         Ես չեմ ընտրել քաղաքականությունը, այլ ընտրել եմ գաղափարախոսությունը: Դեռևս 14 տարեկանից անդամակցել եմ Հայ հեղափոխական դաշնակցության պատանեկան միությանը, այնուհետև՝ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությանը: Այդ  գաղափարախոսությանը հետևել եմ նաև արյան կանչով: Մորական կողմից տատիկս կրում էր Կանայան ազգանունը և մեր դաստիարակության գործում մեծ դերակատարություն է ունեցել: Նա դեռ խորհրդային տարիներին մեզ հորդորում էր,  որ չպետք է մոռանանք մեր արյունը և հպարտությամբ, և անտեսելով  վախը ասում էր, որ ինքը Կանայան է, իսկ  Դրոն իր հոր հորեղբոր տղան է և դա պետք է  միշտ հիշենք: Տատիկիս այդ դասերը իրենց ազդեցությունն են ունեցել և անջնջելի հետք են թողել իմ վրա:  Հորական կողմի պապիկս էլ, ով Վանից էր, ևս մեծ ազդեցություն է թողել իմ վրա: Դեռ 4-րդ դասարանից մտածում էի, որ եթե ՀՅԴ-ն լիներ, ապա դաշնակցական կդառնայի: Դա է պատճառը, որ 14 տարեկանում, ծնողներիցս թաքուն անդամակցեցի ՀՅԴ-ին: Դաշնակցությունը ինձ համար գաղափարախոսություն է և դաշնակցականը դա տեսակ է, հայի տեսակ:  Եւ այդ տեսակն ինձ հոգեհարազատ է: Կարծում եմ, որ ես էլ եմ այդ տեսակին պատկանում:

 

– Ինչո՞ւ  որոշեցիք առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում:

 

– Դեռ 26 տարեկանում Դաշնակցության Գերագույն մարմինը ինձ ընդգրկել էր խորհրդարանական ընտրությունների ցուցակում, իհարկե, համեստ հորիզոնականը զբաղեցնելով, բայց ինձ համար մեծ հպարտություն էր:  Երևանու ավագանու ցուցակում ընդգրկվեցի թաղի, փողոցի, բակի հոգսերով տարված: Ինձ համար նորություն չպիտի լինի բարձրաձայնել քաղաքին վերաբերող պրոբլեմները: Ես ծանոթ եմ այն խնդիրներին, որոնք մշտապես հուզում են երևանցիներին:  Ուստի ինձ համար նորություն չէ բարձրաձայնել այն, ինչ կա քաղաքում:

 

Բացի այդ, լինելով ակտիվ, մշտապես եղել եմ ինչ-որ գործընթացներում: 2002-ից մասնակցել եմ ՀՅԴ ԳՄ- ՀՅԴ Ամերիկայի և ՀՅԴ Հունաստանի կառույցների համատեղ ջանքերով Հայաստանի մի շարք քաղաքների, հատկապես սահմանամերձ շրջանների քաղաքների քույրացման աշխատանքներին` համակարգելով որոշ կազմակերպչական և լուսաբանման աշխատանքներ:

 

– Եթե ընդգրկվեք ավագանու կազմում, որ խնդիրներին առաջնահերթ լուծում կտաք:

 

– Չկրկնելով այն,  ինչ իմ գաղափարակից ընկերներն արդեն մեկ ամիս է երևանցիներին ներկայացնում են, ուզում եմ ավելացնել, որ  ինձ համար կարևորը մարդն է: Հրաշալի է, երբ քաղաքի փողոցները բարեկարգվում են, բայց կարծում եմ՝ ամեն ինչ պետք է սկսել քաղաքացուց: Հասարակ քաղաքացին պետք է զգա, որ ինքը գնահատված է: Պետք է այնպես անել, որ յուրաքանչյուր քաղաքացի զգա, որ պետությունն իր համար հոգ է տանում, որ ինքը այս երկրում արժեք է ներկայացնում: Քաղաքացին ոտքը շեմից դուրս դնելով դա պետք է զգա: Ցանկացած ծրագրի հասցեատերը պետք է լինի քաղաքացին: Փողոցում քայլելուց մարդը պետք է զգա, որ ինքը արժեք է այս պետության համար:

 

 

Ի՞նչ կցանկանայիք փոխել Երևանում:

 

 Կուզենայի, որ քաղաքը շնչեր համահավասար: Ոչ միայն Կենտրոն համայնքին  ուշադրություն դարձվեր, այլև ծայրամասերին,  որ քաղաքը հավասարաչափ զարգանար: Այսօր շատ են խոսում երևանցիների մասին, բայց օրինակ՝ մեր ցուցակում ընդգրկված են նաև Հայաստան տեղափոխված Սփյուռքում ծնված մեր կուսակցական ընկերները: Սա խոսում է այն մասին, որ Երևանը համահայկական մայրաքաղաք է:  Կուզենայի, որ երևանցիները արժանապատիվ կյանքով ապրեն: Ուզում եմ՝  այնպիսի մթնոլորտ լիներ, որ յուրաքանչյուր մարդ հասկանա՝ Երևանն իր տունն է:

 

 

– Ըստ Ձեզ՝ ինչպիսին պետք է լինի Երևանի քաղաքապետը:

 

Քաղաքապետը, իմ կարծիքով, երևանցու խնդիրների մասին պետք է շատ լավ տեղեկացված լինի, պետք է անկաշկանդ լինի և Երևանով չշրջի մի քանի մեքենաների, անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ: Օրինակ՝  ես շատ զարմացա, երբ տեսա, որ Վիրոնայի քաղաքապետ իմ բարեկամ Նիկոլաս Խարդալիասը աշխատանքի է գնում ոչ թե ծառայողական մեքենայով, այլ իր սեփական մոտոցիկլետով կամ էլ ոտքով: Նա քաղաքում հանգիստ շրջում էր, առանց ուղեկցողների: Իմ կարծիքով՝ այսպիսին պետք է լինի քաղաքապետը, կարծում եմ՝   նման քաղաքապետը մարդկանց կողմից ավելի շատ կգնահատվի:

 

 

Մ.Մարգարյան

Դիտումների քանակը` 5514

Վերադառնալ վերև