Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գայանե Քալանթարյան . “Կանայք իրենք կարող են պատռել այս պատնեշը”.

Սեպտեմբերի 9-ին Վանաձորում կայանալիք  համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններին կանանց մասնակցությունը առավել քան պասիվ է: Քաղաքապետի  պաշտոնին հավակնող հինգ  թեկնածուների թվում կին չկա, իսկ ավագանու անդամության  53 թեկնածուներից միայն երկուսն են կին` ավագանու նախկին անդամ,  Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն անկուսակցական Գայանե Քալանթարյանը եւ ՀԱԿ թեկնածու, ՀՀՇ անդամ Գոհար Սարդարյանը:  Մեր զրուցակիցն է  Գայանե Քալանթարյանը, ով  առաջին անգամ մասնակցել էր համայնքի ավագանու  ընտրություններին 1999-ին եւ դրանից հետո եւս  երեք անգամ ընտրվել է համայնքի ավագանու անդամ :

– Պետք է ասեմ, որ 99-ին իմ առաջին որոշումը փոքր ինչ սպոնտան էր: Ես քաղաքապետի թեկնածուներից մեկի թիմում էի, միեւնույն ժամանակ առաջադրել էի իմ թեկնածությունը: Իհարկե, այն ժամանակ ես ամբողջական պատկերացում չունեի ավագանու գործունեության մասին, քանի որ այդ ինստիտուտը նոր էր ներդրվել Հայաստանում՝  երկրորդ գումարման ավագանին էր: Այն ժամանակ քաղաքում երեք շրջան կար, ես կենտրոնում էի առաջադրվել եւ կարողացա զբաղեցնել երկրորդ տեղը` առաջ անցնելով  երեսունհինգ տղամարդ մրցակցից:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Դա իմ առաջին  մեծ հաջողությունն էր: Հետագայում եւս կարողացել եմ, ժողովրդի վստահության քվեն ստանալ, հաջողությամբ  տանելով քարոզարշավը իմ թիմի հետ:

Առաջին անգամ չէ, որ առաջադրվում եք,  ո՞րն է նախորդ ընտրություններից  Ձեր քաղած փորձը:

-Իհարկե, շատ բան եմ սովորել: Նախ, ծանոթացել եմ այն բոլոր խնդիրներին, որոնք առաջանում են ցանկացած համայնքում, հատկապես քաղաքային համայնքում, որտեղ խնդիրները շատ ավելին են: Իմ` ավագանի լինելը ինձ օգնել է ավելի լավ ճանաչել մեր համայնքը, քաղաքի հնարավորությունները: Ընտրական գործընթացներին մասնակցության առումով էլ  բավականին փորձ եմ կուտակել: Հաջողության հասնելու համար, պետք է ունենալ լավ թիմ, որոշակի մարդկային ռեսուրսներ եւ իհարկե, մարդիկ պետք է քեզ հավատան, հավատան, որ ավագանու անդամ դառնալով  իրոք կկարողանաս  օգուտ բերել համայնքին:

Իսկ որքանո՞վ է աջակցում Ձեր շրջապատը`ընտանիքը, ընկերներն ու կոլեկտիվը,  Ձեր քաղաքական գործունեությանը:

-Շրջապատս իմ որոշմանը շատ դրական է վերաբերվում: Ինձ բախտ է վիճակվել ապրել այնպիսի  միջավայրում, որտեղ  իմ առաջադրումը միայն դրական հույզեր է առաջացրել ՝ եւ իմ ամուսնու, որդիների, եղբայրների, եւ  իմ մեծ ընտանիքի, ինչպես նաեւ իմ մերձավորների ու ընկերների մոտ: Այդ աջակցությունն իրոք եղել է եւ կա:

-Իսկ որեւէ քաղաքական ուժ կամ կուսակցություն աջակցո՞ւմ է Ձեզ,եթե այո, ապա ինչպե՞ս:

-Բացարձակ, ես անկուսակցական եմ, որեւէ կուսակցության չեմ հարում, կուսակցական աջակցություն երբեւեիցե չի եղել եւ այս պահին էլ չկա: Ես որեւէ կուսակցության աջակցություն չեմ ակնկալում: Այս անգամ ընտրություններն ավելի քաղաքականացված ու կուսակցականացված են, կուսակցոությունները առաջադրում են իրենց թեկնածուներին եւ չեմ կարծում, որ որեւէ կուսակցության աջակցությունը որեւէ կերպ ինձ կհասնի:

-Տիկին Քալանթարյան, երբեւէ մասնակցե՞լ եք կանանց լիդերության դպրոցներին:

Մասնակցել եմ: Ծաղկաձորում տարիներ առաջ կին ավագանիներրի հետ կապված դասընթացներ են եղել, մասնակցել եմ կանանց հիմնախնդիրներով զբաղվող բազմաթիվ հասարակական կազմակերպությունների միջոցառումներին ու քննարկումներին: Իհարկե, այդ միջոցառումները օգտակար են եղել, կարողացել եմ կիսել իմ փորձը: Մշտապես մասնակցում եմ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի միջոցառումներին:

-Դուք ավագանու ինստիտուտում աշխատանքի բավականին մեծ փորձ ունեք, ծանոթ եք Վանաձոր համայնքում առկա խնդիրներին, ի՞նչ կցանկանայիք փոխել Ձեր համայնքում , ինչպիսի՞ պլաններ ունեք:  

-Ի սկզբանե կինը եւ իր ընտանիքում եւ ամենուր, առաջին հերթին կարեւորում է առողջապահության, կրթության եւ սոցիալական հարցերը եւ ես , որպես կին , իհարկե կարեւորրում եմ այդ ոլորտները, բայց իմ հետաքրքրության շրջանակներում են նաեւ բնապահպանական հարցերը, հանրային առողջապահությունը, քանի որ ես  մասնագիտությամբ բժիշկ եմ եւ հանրային առողջապահության կազմակերպիչ: Կրթության ոլորտից կցանկանայի առանձնացնել հատկապես մանկապարտեզներն ու մարզադպրոցները: Ես հաճախ եմ այցելում այդ հաստատությունները եւ առավել ուշադիր եմ այդ ոլորտներին:

Ո՞վ է Ձեր ընտրողը եւ ի՞նչ կարգախոսով եք հանդես գալու:

-Իմ ընտրողները, կարծում եմ, այն առողջ մտածող մարդիկ են, որոնք ուզում են ստեղծել քաղաքացիական հասարակություն, ակտիվ մարդիկ են, մտավորականներ, իմ գործընկերներն են: Կարծում եմ, որ իմ էլեկտորատը բավականին լայն շերտեր է ընդգրկում: Իսկ իմ կարգախոսը հետեւյալն է` լինել ազնիվ, օգնել մարդկանց, գնալ մինչեւ վերջ, իմանալ`ինչ եւ ինչպես անել: Այն իմ բուկլետի վրա գրված է` կարգախոսս անփոփոխ է եւ այս տարիների ընթացքում այն մնացել է նույնը:

-Տիկին Քալանթարյան, ի՞նչ եք կարծում` Հայաստանում կանանց նկատմամբ խտրականություն կա՞: Ձեր նկատմամբ դա երբևէ զգացե՞լ եք:

-Խտրականություն կանանց նկատմամբ, իհարկե,  ցանկացած երկրում կա, մանավանդ այս մակարդակի վրա ապրող երկրում : Թեպետ ես կարծում եմ, որ կանայք իրենք կարող են պատռել այս  պատնեշը: Այնպես որ , շատ բան կախված է հենց կանացից, եթե կանայք ցանկանան, եթե կանայք  միավորվեն, մենք մեծ հաջողությունների կարող ենք հասնել, պարզապես, շատ դեպքերում, կանայք իրենց տեսնում են այլ դերում: Քաղաքականության մեջ գերադասում են ավելի շատ տղամարդկանց տեսնել,  թեեւ ավագանին  էլ գուցե  փոքր, բայց  քաղաքականություն է: Ինչ վերաբերվում է ինձ, ես իմ նկատմամբ երեբեւէ չեմ զգացել խտրականություն ոչ ընտանիքում , ոչ էլ աշխատանքային միջավայրում: Բայց  ընդհանրապես, խտրական մոտեցում կա,թեկուզ այն,  որ ինչ կարելի է տղամարդուն , կնոջը չի կարելի: Այս առումով,  կարծես կինը ափի վրա լինի, կնոջ ցանկացած խոսք, պահվածք ավելի մեծ ուշադրության է արժանանում եւ կնոջը ոչինչ չի ներվում , թեպետ ես իմ կյանքում այնպիսի բան չեմ արել, որ ներման հարց լինի, բայց կինն հասարակության կողմից կրկնակի ուշադրության է արժանանում: Արտահայտություն կա՝ երբ կնոջը ցանկանում են գովաբանել, ասում են` կին լինելով հանդերձ, հասել է մեծ հաջողությունների, այսինքն, խտրական մտաշելակերպը  դեռեւս մեր  մեջ նստած է:

-Ձեր կարծիքով Հայաստանում  կա՞ն խոչընդոտներ կանանց  քաղաքական  մասնակցության համար:

-Հիմա ԱԺ-ում սահմանվել են են քվոտաներ, եւ  դա ողջունելի քայլ է մեր հասարակության զարգացման այս փուլում, թեպետ ես կարծում եմ, որ դա եւս խտրականության դրսեւորում է, որովհետեւ տարանջատում է  սեռերին: Բայց երկիրը զարգացման այն փուլում է, որ քվոտան  անհրաժեշտությունն ունի: Դրա միջով են անցել շատ երկրներ, որոնք այսօր ունեն բարձր կենսամակարդակ, զարգացած են: Դա երեւի թե ճանապարհ  է հաղթահարելու գենդերային անհավասարությունը:

Ձեզ չի զարմացնում այն փաստը, որ Վանաձորի նման քաղաքում  ավագանու անդամության 53 թեկնածուներից միայն երկուսն են կին:

-Այո, ցավոք այս ընտրություններում ընդամենը երկու կին է առաջադրվել: Դա ինձ իսկապես ցավ է պատճառում, որովհետեւ նախորդ ընտրությունների ժամանակ կանանց թիվն ավելի մեծ էր,  չորս-հինգ կին թեկնածու է եղել: Ես համարում եմ, որ սա նահանջ է ժողովրդավարության առումով, շատ ցավալի է, որ կանայք պասիվ են: Հավանաբար, կանայք չեն վստահում իրենց ուժերին, դեռ իրենց ուժեղ չեն համարում եւ չեն կարծում, որ հասարակությունն իրենց կվստահի: Կարծում եմ, խնդիրը կանանց մեջ է, վստահության պակաս կա: Մեր համայնքում շատ գործունյա կանայք կան եւ շատ կցանկանայի , որ նրանք եւս մասնակցեին այս գործընթացներին:

Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը

Դիտումների քանակը` 2638

Վերադառնալ վերև