Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գառնին փրկող կանայք. Արուսյակ և Սառա

Հանուն Գառնու տարվող պայքարը երկու խիզախ կանանց համար սկսել էր դեռ 2 տարի առաջ: Կիրթ ու բանիմաց, հայրենիքն ընտանիքի պես սիրող կանայք իրենց համայնքի համար պայքարը դարձրել էին կենսակերպ: Երկարատև ու դանդաղընթաց պայքարը, սակայն, ահագնացավ այս տարի մայիսի 16-ին, երբ շինարարական ծանր տեխնիկան մտավ Ազատի կիրճ:

 

Բանն այն է, որ Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության կառավարությանը 30 մլն դոլար վարկ էր տրամադրել՝ ոռոգման համակարգի բարելավման համար: Այս գումարից 10.4 մլն-ն տրամադրվելու էր «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրին, որի իրականացումը գառնեցի Արուսյակ Այվազյանն ու Սառա Պետրոսյանը համարում են կործանարար:

 

Ըստ ծրագրի՝ Ազատ գետի վրա նախատեսվում էր կառուցել ջրընդունիչ կառույց և խողովակաշար՝ մոտ 900լ/վրկ քանակությամբ ջուր Քաղցրաշենի պոմպակայանի ջրթող ավազան հասցնելու համար, որպեսզի ինքնահոս ոռոգման ջրով ապահովեն Արարատի մարզի 12 գյուղերը: Ծրագրով նախատեսված էր ինքնահոս ոռոգման ջրով ապահովել Քաղցրաշեն և Նարեկ գյուղերը: Այսինքն՝ Ազատի կիրճում, Ազատ և Գողթ գետերի միախառնվելու հատվածում ջրի մի մասը կլցվեր խողովակի մեջ՝ Քաղցրաշեն և Նարեկ գյուղերին ինքնահոս ջուր մատակարարելու համար: Մյուս մասը՝ բնական հունով կլցվի Ազատի ջրամբար, սակայն Ազատի ջրամբար այլևս չէր լցվի Գեղարդա լճի ավելցուկ ջուրը:

 

Գառնու բնակիչներն ու բնապահպանները կարծում են, որ նախագծի իրականացման դեպքում Ազատ գետը կջրազրկվի, և Գառնի գյուղն ու հարակից տարածքները կկանգնեն բնապահպանական աղետի առջև: Պայքարի հնարավոր միջոցները սպառելուց հետո գառնեցիները դիմեցին ծայրահեղ քայլերի՝ մայիսի 21-ին փակեցին Գառնի տանող ճանապարհը:

 

 

Երկու կին՝ հանուն հայրենիքի

 

 

Դեղատան տնօրինուհի Արուսյակ Այվազյանն ու հետաքննող լրագրող Սառա Պետրոսյանը ծնվել ու մեծացել են Գառնիում, նույն համայնքում: Իրավագիտակից ու ազնիվ այս կանայք անկախ իրենց կամքից դարձան պայքարի ու մի ողջ համայնքի ձայնը: Տիկին Արուսյակը զբաղվում էր համայնքում տարվող աշխատանքներով, արհեստավարժ լրագրող Սառան՝ մոբիլիզացնում էր լրագրողներին ու խնդիրն ավելի հնչեղ դարձնում.

 

 

 

 

 

«Ես՝ որպես արհեստավարժ լրագրող, և հետաքննող լրագրողների ընկերակցության անդամ, մասնագիտացել եմ իրավական, ինչպես նաև՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտներում: Այս տարիների ընթացքում ես ուսումնասիրել եմ հնարավոր բոլոր փաստաթղթերն ու հրապարակումները և եկել մի եզրակացության, որ ծրագրի վարկավորման համար Համաշխարհային բանկին ներկայացված հիմնավորման մեջ անճշտություններ են եղել. նախ և առաջ, ու ամենակարևորը՝ Գառնի համայնքի բնակչությունն իր համաձայնությունը չի տվել ծրագրի իրականացման վերաբերյալ, բացի այդ՝ ՀԲ ներկայացուցիչներին չէին ներկայացվել հնարավոր բնապահպանական աղետալի հետևանքները: Ես հստակ գիտեի հանուն ինչ և ինչի դեմ եմ պայքարում. հանուն հայրենիքի, որ դեռ կա, և ընդդեմ մարդկանց, ովքեր ինձանից փորձում էին խլել այն ամենն, ինչ ինձ էներգիա և ուժ է տալիս, այն ամենն, ինչ ես հայրենիք եմ համարում»,- ասում է Սառա Պետրոսյանը:

 

Շուրջ երկու տարի հայրենի համայնքի համար գրչով պայքարելուց հետո տիկին Սառան հասկացավ՝ եկել է կտրուկ գործողությունների անցնելու ժամանակը: «Հստակ չեմ կարող ասել, թե ինչպես դա եղավ, բայց ստացվեց, որ մարդկանց համախմբելու և պայքարը գլխավորելու պարտավորությունը մնաց իմ և տիկին Արուսյակի ուսերին: Ասում եմ պարտավորություն, որովհետև, այո, ես անձամբ զգում էի պարտավորություն՝ սեփական համայնքի, երկրի, նույն բակում մեծացած մարդկանց հանդեպ: Ես ինձ հարցնում էի՝ եթե ոչ մենք, ապա ո՞վ: Սկզբում տարօրինակ էր, որ ավանդական հայկական ընտանիքների, հասարակության տղամարդիկ, որ սովոր չեն թիկունքում կանգնել, այլ պատրաստ են պայքարել հանուն արդարության, հավատացին մեզ՝ կանանց, ու մեր պայքարի ազնվությանը: Այս առումով ևս ինձ պարտավորված էի զգում՝ թույլ չտալու, որ մարդկանց հավատը հենց այնպես կորի»,- պատմում է տիկին Սառան:

 

Արուսյակ Այվազյանին Գառնիում ճանաչում են բոլորը: Դեղատան տնօրինուհին գիտի համայնքում բոլորի մտահոգությունները: Ազնիվ, հայրենասեր կինը, որ մի օրում դարձավ համայնքի ձայնը, իր կենսագրությամբ էր արժանացել իր հանդեպ վստահությանն ու հարգանքին. «Գառնին փոքր է, ինձ բոլորն են ճանաչում: Ես որևէ մեկին ապացուցելու բան չունեի: Նրանք հստակ գիտեին, որ իմ պայքարն ազնիվ է ու արդար, որ ես որևէ անձնական շահ չեմ հետապնդում: Ուղղակի այնպես ստացվեց, որ ես և Սառան խոսեցինք, որ մեր ձայնը լսելի դարձավ: Բայց մարդիկ հստակ գիտեին՝ մենք իրենց բոլորի կարծիքն ու մտահոգությունը կրողն ենք, մենք իրենց բողոքը տեղ հասցնողն ենք, այդ պատճառով էլ մենք մեզ ուժեղ էինք զգում, որովհետև գիտեինք՝ մեր պայքարն ազնիվ է, իսկ թիկունքն ամուր»,- պատմում է տիկին Արուսյակը:

 

Մարդ լինել՝ խիզախ ու տոկուն

 

Արուսյակ Այվազյանը հավատացած է՝ իրենց առաջնորդ դարձրեց հենց ժողովուրդը, որովհետև գիտեր՝ այս երկու կանանց համար կարևորը մարդ լինելն է՝ խիզախ ու տոկուն: Նա չի պատկերացնում՝ ինչպե՞ս կարելի է լռել, երբ ոչնչացվում է սեփական հայրենիքը։ «Ես չեմ հասկանում՝ ի՞նչ քաղաքականություն են որդեգրել իշխանությունները, ուզում են ազգը վերացնե՞լ, ուզում են մարդկանց հայրենիքն ամայացնե՞լ: Ազատի կիրճում են գտնվում բավականին արժեքավոր բնապահպանական և մշակութային արժեքներ` քարե սիմֆոնիան, 11-րդ դարի կամուրջը: Այնտեղ չորս բնապահպանական հուշարձան է հաշվառված: Երբ կառավարությունը այդ ծրագիրը ներկայացնում էր, չէր հիմնավորում, չէր կարողանում հավաստիացնել, որ չեն վնասում հուշարձանները: Ինչպե՞ս կարելի է սեփական շահն այսքան վեր դասել: Ախր ո՞ւր մնաց ձեր մեջի մարդը»,- հարցնում է նա:

 

Հետաքննող լրագրող Սառա Պետրոսյանը ևս այս ծրագրում անձնական շահ է տեսնում։ «Ես վարչապետի հետ հանդիպման ժամանակ էլ ասացի, որ նա Նարեկ գյուղում ունի 120 հա հողատարածք, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն ունեն հողատարածքներ, վարչապետը Քաղցրաշեն գյուղում ունի 80 հա: Ահա այդ երկու գյուղերի համար կբավարարի ջուրը: Ստացվում է, որ Հայաստանը վարկ էր վերցնում, որ պաշտոնյաների այգիները ոռոգվեն»,- ասում է նա:

 

Պայքարի ողջ ընթացքում «զինակից» ընկերներին քաջություն էր հաղորդում հենց այն գիտակցումը, որ իրենք ուժեղ են իրարով։ «Ես կասկած անգամ չունեի, որ Արուսյակն այն մարդն է, ով պատրաստ է և կարող է պայքարն իր ուսերին վերցնել, բացատրական աշխատանք տանել բնակչության հետ, պատմել, թե ինչ աղետի կարող է վերածվել լռությունը: Նա ազնիվ և արդար կին է: Մեր վստահությունը՝ միմյանց ազնվության վրա, պայքարը բերեց հաղթական հանգրվանի, և մեզ թույլ չտվեց տեղի տալ սպառնալիքների դեմ»,- ասում է Սառա Պետրոսյանը:

 

Սպառնալիքների դեմ՝ չվախենալ

 

Արուսյակ Այվազյանի նկատմամբ ճնշումներն ու սպառնալիքները սկսվել էին դեռ ապրիլ ամսից: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սկսված քառօրյա լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում անծանոթները զանգահարել էին տիկին Արուսյակին և սպառնացել որդուն «պատերազմ տանել»։ «Նրանք սկսեցին սպառնալ, թե որդիս բանակում չի ծառայել, և նրան պատերազմ կտանեն՝ Արցախ: Հետո սկսեցին այլանդակ հայհոյանքներ տալ: Նախ, ես ասացի, որ որդիս բանակում ծառայել է, և նրանց տեղեկությունները սխալ են: Հետո ասացի, որ ինձ սպառնալն անիմաստ է, որովհետև ես վախեցող չեմ»,- պատմում է նա:

 

Հաջորդ անգամ դեղ գնելու պատրվակով անծանոթ տղամարդիկ այցելել էին տիկին Արուսյակի դեղատուն, սպառնացել «հարկային ուղարկել» այնտեղ, վնասել նրա գործին, անպարկեշտ բառեր շպրտել տիկնոջ հասցեին: Տիկին Արուսյակը դուրս էր հրավիրել տղամարդկանց, ապա գրի առել իրեն սպառնացողների մեքենայի համարները, նկարել նրանց: Խիզախ կինն այս մասին արդեն ահազանգել է իրավապահներին և չի պատրաստվում այս գործը ևս կիսատ թողնել: Գնալու է մինչև վերջ՝ կիրառելով իրավական բոլոր միջոցները: Տիկին Արուսյակն ասում է, որ չի վախեցել ոչ մի սպառնալիքից. նախ, որովհետև աշխատում է հարկային դաշտում, ազնիվ է, հետո էլ՝ ընտանիքն իր նման է՝ պատրաստ պայքարի: «Ես ուղղակի ընտրեցի, որն է ինձ համար ավելի ազնիվ՝ ապրել արժանապատի՞վ, ձիգ մեջքո՞վ, թե թողնել պայքարը ու սողալ, ստորանալ մինչև կյանքի վերջ»,- ասում է նա:

 

Սառա Պետրոսյանը ակնհայտ սպառնալիքներ չի ստացել, սակայն փորձեր եղել են խոչընդոտել նրա աշխատանքը. «Չնայած, որ սպառնալիքներ չեն եղել, բայց ես ահռելի պատասխանատվության զգացում ունեի այն մարդկանց նկատմամբ, ովքեր հավատացել և հետևել էին մեզ, նրանց առողջության ու անվտանգության համար, նրանց աշխատանքի համար: Բայց նաև զգում էի, որ ուժեղ ենք, որովհետև մեր թիկունքում կանգնած էին ոչ սովորական մարդիկ, այլ՝ իրավագիտակից, պատրաստված հասարակություն, որ միասնական նպատակ ուներ»,- պատմում է տիկին Սառան:

 

Նա համոզված է՝ իր նկատմամբ ահաբեկելու փորձեր չեն եղել՝ նաև հաշվի առնելով իր մասնագիտությունը: Մարդկանց ահաբեկելու դեպքեր եղել են նաև պայքարի հաջորդող օրերին: Մայիսի 22-ին Գառնու ձորում անհայտ անձիք սպառնացել էին սպանել և ջուրը գցել ցույցերի մասնակից, գառնեցի Սահակին, ով Արցախյան ազատամարտի մասնակից է: Տիկին Արուսյակը Սահակին ցույց է տվել իրեն սպառնացող տղամարդկանց նկարները: Երկուսն էլ պնդում են, որ սպառնացողներն «իրար շատ նման են» եղել:

 

Հայրենիք՝ հետ գալու համար

 

Տիկին Արուսյակը ցեղակրոն է. ասում է՝ հայրենիքից կարևոր ոչինչ չգիտի: Շատ է հավանում երիտասարդներին, բայց և ափսոսում է, որ նրանք լքում են հայրենիքը: Տիկին Արուսյակը մի ցանկություն ունի, որ Հայաստանը դառնա այն երկիրը, ուր կարելի է վերադառնալ. «Այսօրվա երիտասարդներն այնքան բանիմաց են, ուժեղ, անաղարտ: Ես այնքան եմ ուզում, որ նրանց մաքրությունը հանկարծ չապականվի, նրանց ճակատագրերը չխեղվեն: Ուզում եմ, որ իրենք տեսնեն, թե ինչ լավն է իրենց հայրենիքը, որ չլքեն այն: Ուզում եմ, որ հասկանան՝ հայրենիքը չպետք է պահի իրենց, այլ իրենք՝ հայրենիքը, իրենց կյանքով ու գործողություններով: Ուզում եմ, որ չգնան, մնան ու պայքարեն»,- ասում է տիկին Արուսյակը:

 

Պայքարի այս հանգրվանում, ըստ կանանց, գառնեցիները հաղթել են. պահանջում էին որոշման չեղարկում, որը վարչապետը խոստացավ: Բանավոր խոստումը դեռ փաստաթղթավորման փուլում է, շատերը մտավախություն ունեն, որ ծրագիրն, այնուամենայնիվ, կիրականացվի, սակայն տիկին Սառան սա հաղթանակ է համարում. «Այո, սա միանշանակ հաղթանակ է: Մենք ունեինք հստակ պահանջ, ճիշտ ձևակերպված և փաստարկված: Վարչապետն ասաց, որ ծրագրում առկա բացթողումները և թերությունները հաշվի առնելով են կասեցնում դրա իրականացումը, սակայն ես համոզված եմ՝ չեղարկումը հասարակական պահանջի, մեր ճիշտ պայքարի արդյունքն է: Հաղթանակ եմ համարում նաև այն, որ մանկահասակ երեխաներից սկսած՝ մինչև տարեց գառնեցիներ, իրենց պատասխանատու էին զգում մի բանի համար, որ տեղի էր ունենում իրենց հայրենիքում»,- ասում է նա:

 

Երկար ու հյուծող պայքարից հետո տիկին Արուսյակը հոգնած է, բայց՝ ոչ ընկճված: Ասում է՝ ուժերը վերականգնելու ժամանակ է պետք, քանի որ հստակ հասկանում է՝ պայքարն այսքանով չի ավարտվելու։ «Հաջորդ պայքարը Գեղարդալճի համար է լինելու: Այնտեղ ևս պատրաստվում են խողովակներ լցնել ու ջուրը տանել տարբեր պաշտոնյաների հողակտորների ոռոգման համար՝ տալիս են Իշխան Զաքարյանի, Նարիմանյանի անունները: Գառնիում մենք ունենք 1000 հա-ի չափ անապատացած տարածք: Ինչո՞ւ պետք է ջուրը տանել այլ համայնքի ոռոգման համար»,- ասում է նա:

 

Տիկին Արուսյակը համոզված է, եթե քաղաքացիական նախաձեռնություններին կանանց մասնակցությունն ավելանա, երկրում վիճակ կփոխվի: Նա համոզված է՝ կանանց հայրենասիրական ներուժը մինչև վերջ գիտակցված և գործածված չէ. «Կանայք ավելի հայրենասեր են. նրանք ավելի ուժեղ են, քանի որ հայրենիքն իրենց ընտանիքից չեն զատում, իսկ դուք գիտեք՝ հայ կինը հանուն իր ընտանիքի ինչ քաջագործությունների է պատրաստ»,- բացատրում է Արուսյակ Այվազյանը:

 

Հաղթանակ

 

Մայիսի 21-ին Գառնի տանող փակված ճանապարհով չանցավ նույնիսկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գառնեցիները նրան դիմավորեցին «Չե-ղար-կում» վանկարկումներով: Վարչապետը լսեց նրանց բողոքները և խոստացավ՝ ծրագրի իրականացումը կկասեցվի, քանի որ կառավարությունը դրանում թերացումներ է գտել:

 

Փողոցային պայքարից և վարչապետ Հովիկ Աբրահամյանից կորզված խոստումից հետո, տիկնայք փափկասուն իրենց պայքարը կիսատ չթողեցին: Օրերս նրանք կապվել են Համաշխարհային բանկի վաշինգտոնյան գրասենյակի հետ և ներկայացրել համայնքի տեսակետը. «Ես պատմեցի, որ ծրագիրն իրենց սխալ են ներկայացրել, իրենց ճիշտ չեն ասել, թե գառնեցիները կողմ են «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրին: Ասացի, որ մենք 2300 ստորագրություն ենք հավաքել և ուղարկել ՀՀ նախագահին՝ ծրագիրը չեղարկելու համար: Ես նրանց բացատրեցի, որ սա կործանարար ծրագիր է, իրենք պետք է ուշադիր լինեն, չէ որ սա նաև իրենց վարկանիշի հարցն է. ինչպե՞ս կարելի է ֆինանսավորել մի ծրագիր, որը էկոլոգիական աղետի է բերելու: Բանկի ներկայացուցիչները վստահեցրեցին, որ հունիսի կեսերին կգան Հայաստան Քաղցրաշենի և Գեղարդալճի ծրագրի համար»,- պատմում է Արուսյակ Այվազյանը:

 

Մասնակցել որոշումների կայացմանը Գառնեցի կանանց աննախադեպ հաղթանակը ոգեշնչել է շատերին: Ոմանք անգամ նշում են, որ Արուսյակը և Սառան պետք է այլևս համայնքի ղեկավարի պաշտոնում փորձեն խնդիրներ լուծել: Տիկին Սառան ասում է, որ քաղաքական հավակնություններ առանձնապես չունի, շատ է սիրում իր մասնագիտությունը՝ լրագրությունը, սակայն իր համար արդեն պարզից էլ պարզ է՝ որոշումների կայացման գործընթացին այլևս կողքից հետևողի դերում լինել չի ցանկանում։ «Համայնքի ղեկավարի պաշտոնը չգիտեմ, բայց ուզում եմ և գուցե կընդգրկվեմ ավագանու կազմում, քանի որ այլևս անբավարար եմ համարում որոշումների կայացման հետևանքները կանխարգելողի ու վերացնողի դերը: Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը համայնքի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին անմիջական մասնակցություն ցուցաբերելու համար: Բացի այդ, ես՝ որպես լրագրող, մասնագիտացել եմ ՏԻՄ ոլորտում, և համոզված եմ, որ իմ գիտելիքներն ու ունակությունները կարող եմ գործի դնել ավագանու կազմում: Ես ուզում եմ մարդկանց տանել իմ հետևից և ցույց տալ, որ ավագանու ինստիտուտը չափազանց կարևոր է և շատ պատասխանատու,- ասում է նա ու շեշտում,- Ավագանում ներկայացվածությունը քաղաքական պաշտոն չէ. դա աշխատանք է, որը ստանձնողը պետք է ծառայություն մատուցի սեփական ժողովրդին»:

 

Տիկին Արուսյակին ևս բազմաթիվ մարդիկ խնդրել են առաջադրվել համայնքի ղեկավարի պաշտոնում. «Անգամ ասում էին՝ ոչ միայն գյուղապետ, այլև ավելի բարձր պաշտոնների մասին: Ես, անկեղծ ասած, որևէ հավակնություն չունեմ, բայց եթե մարդիկ պահանջեն, և այդ պահանջը հիմնավորված լինի, եթե ես հասկանամ, որ այդ պաշտոնում համայնքի խնդիրները լուծելու ավելի լուրջ լծակներ կունենամ, այո, կհամաձայնեմ»,- ասում է տիկին Արուսյակը:

 

Նշենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 23-ին, ընդամենը 4 ամիս անց, լրանում է Գառնի համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը: Երկու ամսից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կնշանակի համայնքում ՏԻՄ ընտրությունների հստակ ամսաթիվը:

 

Ս․Մ․

 

Սույն  հոդվածը պատրաստվել եւ տպագրվել է Aravot.am  կայքում Բաց հասարակության հիմնադրամներՀայաստան կազմակերպության օժանդակությամբ իրականանցվող   «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության շրջանակում, որի  ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

 

 

Դիտումների քանակը` 952

Վերադառնալ վերև