Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գարգառեցի կանայք նորամուծությունների կողմնակից են

Լոռու մարզի Գարգառ համայնքում կանանց ակտիվացման առաջին փորձի մասին խոսելիս հիշատակում են 2005թ.-ը, երբ կազմակերպություններից մեկի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում 10-15 կին միաժամանակ ներկայացրել ու կյանքի է կոչել գյուղատնտեսական տարբեր ծրագրեր՝ խոշոր եղջերավորների ցեղական տեսակների բուծում, ձկնաբուծություն, թռչնապահություն, մեղվապահություն և այլն:

 

Արմինե Մուրադյանն այդ կանանցից մեկն է: Նրա բիզնես ծրագիրը ձկնաբուծության ոլորտին էր վերաբերում: «Լիճ ունեինք, բայց  ձուկ չունեինք: Որոշեցինք տարբեր ձկնատեսակներ աճեցնել: Հիմա և՛ լիճ ունենք, և՛ ձուկ»,-ժպտում է նա:

 

Կանանց ակտիվ խմբի համատեղ գործունեության հիմքը դրվել է «Կանաչ արահետ» հկ-ի միջոցով: Կանայք սկսել են ոչ միայն դեղաբույսեր մշակել օրգանական եղանակով, այլև տարբեր ոչ ավանդական մշակաբույսեր՝ բրոկոլի, ֆիզալիս, կաղամբազգիների տարբեր տեսակներ, ծնեբեկ…

Արմինեի խոսքով ջերմոց չունենալու պատճառով տարիներ շարունակ մի շարք դժվարությունների էին բախվում, ինչի արդյունքում մշակաբույսերի շահութաբերության տոկոսը ցածր էր: Դա էր պատճառը, որ 2015թ.-ին Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող ENPARD ծրագիրը գյուղի կանայք ոգևորությամբ են ընդունել:

 

«Գարնանը չէինք կարողանում ժամանակին սածիլներ ձեռք բերել, որ ժամանակին էլ բերք ունենայինք: ENPARD-ը մեզ աջակցեց, տրամադրեց ջերմոցը, թաղարներ, սերմեր, ստեղծվեց մեր կոոպերատիվի խումբը՝ 5  կանանցով»,- ասում է Արմինեն, ով կանանց նորաստեղծ կոոպերատիվի ղեկավարն է:

 

2016թ.-ի ապրիլին ջերմոցային պայմաններում ստացված բրոկոլիի սածիլները ճիշտ ժամանակին կանայք տեղափոխել են դաշտ ու պլանավորել տարվա ընթացքում երկու անգամ բերք ստանալ: Օգոստոսին դաշտ տեղափոխված սածիլները, սակայն, չեն հասցրել բերք տալ:Բնությունը խոչընդոտել է  կանանց խմբի պլանների կատարմանը:

 

«2016թ.-ը աննախադեպ էր. ձմեռը շատ շուտ եկավ, դա էր պատճառը, որ չհասցրինք երկրորդ անգամ բերք ստանալ»,- նշում է Արմինեն:

Կանայք թեև առաջին բերքից գոհ են, սակայն կարծում են, որ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու դեպքում կարող են ավելի լավ արդյունք ունենալ:

 

«Բրոկոլին բարձրարժեք մշակաբույս է, սակայն այն ժամանակին չիրացնելու դեպքում կարող է շատ արագ վերածվել անասնակերի:Քանի որ մեր տարածաշրջանում քչերն են բրոկոլի գնում, մեր հիմնական շուկան Երևանն է: Տեղափոխման ու իրացման խնդիրները ոչ միշտ է հաջողվել ժամանակին լուծել»,- ասում է Գարգառի համայնքապետ Կարեն Զալինյանը, ով Արմինե Գևորգյանի ամուսինն է ու մշտապես աջակցում է  կանանց խմբին բոլոր նախաձեռնություններում:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ստեփանավանի տարածաշրջանում ստեղծված կոոպարետիվներն սկսել են ակտիվորեն զբաղվել բրոկոլիի մշակմամբ, համայնապետն առաջարկել է կորուստներից խուսափելու համար տարածաշրջանի բրոկոլիի բերքը միաժամանակ հավաքել Գարգառում ու առաքել Երևան:

 

2017թ.-ին կանայք նախատեսում են մինչ այժմ մշակված 4000 քմ տարածքն ընդլայնել: Ստացված բերքի փչանելու հավանականությունը 0-ին մոտեցնելու համար այս տարի նախատեսում են վարձակալել Գարգառում գտնվող, մասնավոր սեփականություն համարվող սառնարաններն ու այնտեղ պահեստավորել բերքը:

 

Դրան զուգահեռ արդեն իսկ քայլեր են ձեռնարկում արտահանում իրականացնող տնտեսավորղների հետ համագործակցելու ու նրանց միջոցով տեղական բրոկոլին Ռուսաստանի Դաշնություն արտահանելու ուղղությամբ:

 

«Մեզ մոտ բրոկոլին շատ ավելի հյութալի է, քան Արարատյան դաշտավայրինը: Այն հաստատ պահանջարկ կունենա»,- տարածաշրջանի բրոկոլիի առանձնահատկություններն է ներկայացնում համայնքապետը:

Մանկավարժի ու հողագործի աշխատանքը սիրով համատեղող Սիլվա Հարությունյանը, ով կոոպերատիվի ստեղծման հիմնադիրներից է,     վստահ է՝ համատեղ բիզնես ծրագիրը հաջողելու է, դրա համար բոլոր նախապայմանները կան.

 

«Ջերմոցն ունենք, սերմն ունենք, որը սածիլի վերածելուց հետո կարող ենք նաև վաճառել, սառնարաններ ունենք, ինչը հնարավորություն կտա պահեստավորել բրոկոլին ու արտահանել»,- ասում է  նա:

 

Մասնագիտությամբ բուժքույր Լիլյա Ճշմարիտյանը, ով մինչ կոոպերատիվի ստեղծումն զբաղվում է ծաղիկների աճեցմամբ, նշում է՝ կոոպարատիվում ընդգրկվելուց հետո հնարավորություն է ստացել ոչ միայն ծանոթանալ ոչ ավանդական մշակաբույսերի աճեցման առանձնահատկություններին, այլև ընտանիքի համար որոշակի եկամուտ ապահովել:

 

Այժմ Գարգառը Լոռու մարզի այն համայնքներից է, որտեղ կանայք աչքի են ընկնում իրենց նորարարությամբ ու աճեցրած մշակաբույսերի բազմազանությամբ:Այստեղ աճեցնում են ծնեբեկ, ֆիզալիս, կարմրագլուխ, սավոյան, պեկինյան կաղամբ, արմատային նեխուր, արտիշոկ, ֆենխել…

 

«Երբ մի սեմինարի ժամանակ սկսեցինք գրել մեր աճեցրած մշակաբույսերի անունները, բոլորը զարմացած հարցրին՝ այդքանը որ գրում եք,  գիտե՞ք դրանք ինչ են, այդքանը մշակո՞ւմ եք»,- հիշում է Լիլյան:

 

Ոչ ավանդական մշակաբույսերի բազմազանության մեջ, սակայն, գարգառցիներն իրենց  հաղթաթուղթը համարում են բրոկոլին ու ծնեբեկը, որոնք առավել պահանջված են շուկայում:

 

Գայանե Սարգսյան

Դիտումների քանակը` 1469

Վերադառնալ վերև