Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գենդերային հավասարությունը տղամարդկանց ընկալումներում. հետազոտություն

media-kentron-1

  • Կինը պետք է հանդուրժի բռնությունը՝ հանուն ընտանիքի միասնության – այս պնդման հետ համաձայն են 44.6 % տղամարդիկ եւ 27.8% կանայք 
  • Որոշ դեպքերում կինը ծեծի է արժանի- այս պնդման հետ համամիտ  են 35.2 % տղամարդիկ եւ  21% կանայք
  • Երբ կին է բռնաբարվում, սովորաբար նա է ինչ-որ բան արել՝ իրեն դնելով այդ իրադրության մեջ – այսպես են կարծում 40.9% եւ 24.2% կանայք 

 

Այս տվյալները մաս են կազմում  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից   2016թվականին անցկացված «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտության: Հայաստանում առաջին անգամ իրականացված  այս  հետազոտությունը  անցկացվել է IMAGES մեթոդաբանությամբ, որը  կիրառվել է   աշխարհի տարբեր երկրներում և ադապտացվել  նաև Հայաստանի  իրականությանն ու յուրահատկություններին: Հարցմանը մասնակցել է 1600 ՀՀ քաղաքացի՝ Երևանում և մարզերում, 18-59 տարիքային խմբում:

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ  Հայրապետյանի  խոսքով համազգային այս հետազոտության նպատակն էր պարզել, թե ինչպիսին են իրականում մեր հասարակության   պատկերացումները հավասարության, առնականության, բռնության , ամուսնության, ինտիմ հարաբերությունների և ընտանեկան պարտականությունների վերաբերյալ: Այդ գործընթացում առաջին անգամ փորձել են լսելի դարձնել հատկապես տղամարդկանց ձայնը, քանի որ սովորաբար նման հետազոտություններին ավելի շատ մասնակցում են կանայք.

info-4

«Տվյալները մտահոգիչ են, բայց կան նաև որոշակի դրական պատկերներ: Օրինակ, հարցվածների մեծամասնությունը համաձայն է, որ համապատասխան պրոֆեսիոնալ որակավորումներ ունեցող կինը և տղամարդ կարող են հավասարապես լավ աշխատել: Ու  չնայած մեր պատկերացումներում կարծես թե առկա է այդ հավասարությունը  ,  սակայն, իրականում այն  չի համապատասխանում իրավիճակի, որ մենք ունենք:  Դրական է նաև այն, որ զույգերի, ընտանիքների մեծ մասը, ըստ հարցման, իրենց ազատ ժամանակը հիմնականում անցկացնում են միասին՝ գնումներ կատարելով, երեխայի դաստիարակության հարցերով զբաղվելով և այլն: Հետաքրքիր ու դրական տվյալ է նաև այն, որ հարցվածների 56 տոկոսից ավելին դրական ու ընդունելի են համարում կնոջ մասնակցությունը քաղաքական գործընթացներում: Շուրջ 90 տոկոսը մերժել է այն պնդումը, որ կնոջը կարելի է ֆիզիկական պատժի ենթարկել, օրինակ, սեռական հարաբերությունը մերժելու համար»,- թվարկեց Հայրապետյանը:

info-6

Չնայած այս ամենին, շարունակեց նա, հետազոտությունը բացահայտել է, որ ունենք բավականին մտահոգիչ իրավիճակ որոշ հարցերի նկատմամբ և հատկապես բռնության վերաբերյալ: Եվ դա վերաբերում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց և թե՛ երեխաներին:

 

Նախքան տվյալները ներկայացնելը փորձագետ Ջինա Սարգիզովան, նախ,  շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին, որ նման հետազոտություն է իրականացվել Հայաստանում: Նրա խոսքով՝ 20 տարուց ավելի լինելով այդ հարցերի ու խնդիրների ուսումնասիրությունների կիզակետում, մշտապես զգացել է այն պակասը, որ այդ խնդիրների մասին խոսեն ոչ միայն կանայք ու երեխաները, այլև տղամարդիկ, որովհետև եթե այդ հարցերը տալիս ես միայն հասարակության մի մասին, անգամ եթե խոսքը մեծամասնության մասին, միևնույն է հնարավոր չէ ստանալ լիարժեք պատկերացում ամբողջ հանրապետությունում տիրող իրավիճակի մասին.

 

«Համաշխարհային այս մեթոդաբանությամբ ու գրեթե նույն հարցաթերթով հետազոտությանը մասնակցելը մեզ թույլ է տալիս համեմատել Հայաստանում և մյուս երկրներում ստացված պատասխանները : Դա փայլուն հնարավորություն է ընձեռում հասկանալու՝ արդյո՞ք մենք ունենք ինչ-որ առանձնահատկություն, արդյո՞ք մեր պատկերացումները տարբերվում են այլ ազգերի և այլ ժողովուրդների պատկերացումներից և ստանալ համոզիչ պատասխաններ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հիմնական հարցը, որ այս հետազոտության առանցքում է եղել՝ ի՞նչ է հասկանում Հայաստանի հասարակությունը առնականության և կանացիության հասկացության տակ, ի՞նչն է կարևորում  այս երկու հասկացությունների մեջ:

 

Ինչ վերաբերում է թվային պատկերին, ապա Ջինա Սարգիզովան նշեց, որ հարցվածների մեծամասնությունը՝ թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ նշել են, որ այսօր միանշանակորեն տեսնում են կանանց դերը քաղաքականության մեջ: Փորձագետը, ի դեպ, հնչած պատասխաններին փոքր-ինչ վերապահումով է վերաբերվում՝ եթե այդպես է, ապա ինչո՞ւ իրական կյանքում, այնուամենայնիվ, որոշումների կայացման մակարդակում ունենք շուրջ 90 տոկոս տղամարդկանց ներկայացվածություն:  Ի դեպ, հարցվածների մեծամասնությունը, այդ թվում և տղամարդիկ, ունեն այն համոզմունքը, որ կանայք կարող են բարձր դիրքեր զբաղեցնել նաև բիզնեսում:

info-8

Հետաքրքիր հանգամանք. հարցվածների մի զգալի մասը կարծում է, որ տալով որևէ իրավունք կնոջը, մենք զրկում ենք այդ իրավունքից տղամարդուն: Սա, բանախոսի խոսքով, վկայում է այն մասին, որ հավասար դաշտ չի դիտարկվում, այլ դիտարկվում է մեկը մյուսի հաշվին հնարավորություններ տալը, ինչը արմատապես սխալ է՝ թե՛ կինը, թե՛ տղամարդը պետք է ունենան նույն իրավունքներն ու հնարավորությունները հասարակությունում կիրառելու  իրենց գիտելիքներն ու կարողությունները:

 

«Շատ հետաքրքիր է նաև այն փաստը, որ հարցման մասնակիցները խոսել են ՀՀ օրենսդրության մասին իրենց իրազեկվածության մասին: Ուրախալի է, որ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մեծ մասը նշել է, որ տեղյակ է, որ ՀՀ-ում գոյություն ունի կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և հավասար իրավունքներին ուղղված օրենք: Մյուս կողմից, սակայն  մինչ այսօր ոչ մի դատարանում այս օրենքի կիրառմամբ դեռևս որևէ վարույթ տեղի չի ունեցել»,- ընդգծեց նա:

 

Հաջորդ ուշագրավ փաստը, որ ի հայտ է բերել հարցումն այն է, որ հարցվածների մեծամասնությունը, տեղյակ լինելով ընտանեկան բռնության երևույթի մասին, վստահություն են հայտնել, որ Հայաստանում վաղուց արդեն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրություն գոյություն ունի: Մինչդեռ այն դեռ չի ընդունվել.

 

«Սա մեզ հնարավորություն է տալիս երկու հետևություն անել. մի կողմից լավ է, որ մարդիկ կարծում են, որ նման օրենք կա և այն պաշտպանիչ միջոց է կանանց համար: Մյուս կողմից սա շատ լավ նախադրյալ է նման օրենք ունենալու և այն ընդունելու առանց որևէ վերապահումների և կասկածների» ,- ընդգծեց փորձագետը:

 

Շարունակելով բռնության թեման, Սարգիզովան հիշեցրեց, որ տարիներ առաջ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում իրականացրել էր ընտանիքներում բռնության խնդրին նվիրված հետազոտություն:  Ըստ դրա՝ սեռական բռնության ենթարկվել է հարցվածների 1 տոկոսը, հոգեբանական բռնության՝ 25 տոկոսը, իսկ վերահսկողական վարքի մասով՝ 60 տոկոսը: Իսկ ներկայումս, նշեց փորձագետը, կիրառված մեթոդիկան  հնարավորություն տվեց  բացահայտել  իրականությանը ավելի մոտ  պատկերը.

info-10

«Այսպես,  հոգեբանական բռնության մասին փաստել են կանանց 45,9 տոկոսը, տնտեսական բռնության ենթարկվելու մասին 21 տոկոսը, ֆիզիկական բռնության ենթարկվելու մասին փաստել է կանանց 12 տոկոսը,  իսկ ինքնալրացվող թերթիկներում կանանց 22 տոկոսն է խոստովանել, որ ենթարկվում է ֆիզիկական բռնության: Բայց մտահոգող փաստն այն է, որ տղամարդկանց ավելի մեծ տոկոսն է խոստովանել, որ  ենթարկում է կանանց բռնության, քան կանանց տոկոսը, որ ենթարկվում են բռնության: Այստեղից  երկու հետևություն կարելի է անել. տղամարդը պատրաստ է խոսել այն մասին, որ ենթարկում է բռնության կնոջը, քանի որ, ցավոք, սա արդեն իր համար նորմա է»,- տեղեկացրեց բանախոսը:

 

Ինչ վերաբերում է սեռական բռնությանը, ապա այս հարցը տրվել է միայն տղամարդկանց և ինքնալրացվող թերթիկում: Ըստ այդմ, տղամարդկանց 12 տոկոսը փաստել է, որ սեռական բռնության է ենթարկել իր զուգընկերներին:  

 

Հետազոտությունը նաև հնարավորություն տվեց առաջին անգամ խոսել այն մասին, որ բռնության երևույթը վերաբերում է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց: Տղամարդիկ ևս ենթարկվում են բռնության իրենց կյանքի ընթացքում՝ ծնողների, ընկերների, սեռական զուգընկերների կողմից:

info-9

 

Հետազոտության մեջ նաեւ կային հարցեր  , սեռական առողջության վերաբերյալ:   Ինչպես  նշեց բանախոսը, սեռական առողջությանը հետևելուն շատ քիչ ջանք է գործադրվում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց կողմից և պահպանակների օգտագործումը շատ ցածր տոկոս է կազմում՝ անհամարժեք իրազեկվածության բարձր մակարդակին:  Սեռական հարաբերությունների որակին  վերաբերող  հարցին, տղամարդկանց 86,6 տոկոսը գոհ են սեռական հարաբերություններից և որակից, իսկ կանանց ավելի բարձր  տոկոսն է գոհունակություն հայտնել:

info-5

 

Հետազոտության հատկանշական  փաստերից մեկը Ջինա Սարգիզովան անվանեց այն, որ ըստ հարցված կանանց՝ տղամարդկանց 86,6 տոկոսը մասնակցել է հղիության արհեստական ընդհատման որոշման ընդունմանը, մինչդեռ տղամարդկանց միայն  23,6 տոկոսն է նշել իրենց մասնակցության մասին:

info-3

 

Տղամարդկանց գերիշխող մեծամասնությունը իրենց դերը ընտանիքում դիտում է որպես մատակարարի, սակայն նրանց մեծ մասը չի մերժել, որ ժամանակի առկայության դեպքում մեծ հաճույքով ավելի շատ ժամանակ կանցկացնեին իրենց երեխաների հետ և չեն մերժել այն փաստը, որ տղամարդկանց մասնակցությունը երեխայի դաստիարակության գործում նույնպես կարևոր է:

 

 

Քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտի հետազոտությունների  տնօրեն  Հասմիկ  Առաքելյանը, ներկայացնելով մեթոդաբանությունը, որով իրականացվել է հարցումը նշեց, որ հասարակությունը պատրաստ չէր նման հարցմանը մասնակցություն ունենալու, ինչի մասին վկայում են մերժումների թվերը: Այդպես, Երևանում մերժումների թիվը բավականին բարձր է եղել՝ 73,3 տոկոս, մարզերում՝ 33 տոկոս:  Նա նաև ընդգծեց, որ վստահելիության տոկոսը ստացված պատասխանների հանդեպ 95 տոկոս է կազմում:

 

Լիա Խոջոյան

 

Ասուլիսի տեսագրությունն ամբողջությամբ այստեղ.

 

Դիտեք հետազոտության ինֆոգրաֆիկաներն  ամբողջությամբ  այստեղ

 

Կարդացեք  թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հայ հասարակությունն արդարացնում է կնոջ նկատմամբ բռնությունը. հետազոտության արդյունքներ

Դիտումների քանակը` 912

Վերադառնալ վերև