Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գերմանիան ուշքի չի գալիս Ամանորի գիշերը Քյոլնում տեղի ունեցածից

Հազարավոր գերմանացիներ  առայսօր շարունակում են  դուրս  գալ փողոցներ՝  պահանջելով  խստորեն դատապարտել Քյոլնում ամանորյա գիշերը տեղի ունեցած  կանանց նկատմամբ հարձակումները։   Հատկանաշական է, որ ցուցարարները՝ պաշտպանելով եվրոպական արժեքները,   հանդես են գալիս եւ սեքսիզմի,  եւ ռասիզմի դեմ կարգախոսներով…Իրավիճակը սակայն  մտահոգիչ է նրանով,  որ մարդիկ   փորձում են  կանխարգելել  նման դեպքերի հնարավոր  կրկնությունը փետրվարին Գերմանիայում ավանադաբար անցկացվող մասսայական տոնախմբությունների ժամանակ:

 

Հիշեցնենք, որ  Քյոլնի  ոստիկանությունը ավելի քան 600 դիմում էր  ստացել կանանցից, որոնց  Ամանօրյա տոնախմբությունների ժամանակ   կողոպտել են, վիրավորել, ստորացրել, ծեծել, սեռական բռնության  ենթարկել : Քյոլնի ոստիկանությունը հայտարարել էր, որ դիմումների  40 տոկոսը  կապված էր  սեռական ոտնձգությունների հետ :  Ականատեսները նշել են, որ կանանց վրա հարձակվել են  աֆրիկյան  եւ  արաբական  երկրներից  ներգաղթած երիտասարդ տղամարդիկ:  Ամանորին նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել նաև Գերմանիայի այլ քաղաքներում` Համբուրգում և Շտուտգարտում, ինչպես նաև` Շվեյցարիայի Ցյուրիխ ու Ավստրիայի Զալցբուրգ քաղաքներում:

 

Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը ասել էր, որ, անկասկած, բոլոր հարձակումները նախապես ծրագրված են եղել: Ականատեսներն ու զոհերն իրենք վկայել են, որ Ամանորի գիշերը Քյոլնի կայարանում հավաքված են եղել մոտավորապես 1000 երիտասարդներ, որոնք այնուհետև փոքր խմբերի են բաժանվել և սկսել հարձակումներ գործել կանանց վրա:

 

Ի պատասխան այս ամենին  հնչեցվեցին  օտարներին արտաքսելու, գաղթականներ չընդունելու կարգախոսներ։ Ոոստիկանությունն ստիպված էր  եղել ջրցաներ գործի դնել՝ միգրանտների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին հանդարտեցնելու համար:

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն՝ արձագանքելով  կատարվածին  առաջարկեց  պարզեցնել հանցագործություն կատարած միգրանտների արտաքսման գործընթացը:

 

Տեղի ունեցածի շուրջ բուռն քննարկումներ են սկսվել սոցիալական ցանցերում, լայնորեն քննադատվել են լրատվամիջոցները, որոնք խուսափել են կատարվածը լուսաբանել՝ հաշվի առնելով կասկածյալների ծագումը; Սուր քննադատության է արժանացել նաև Քյոլնի քաղաքապետ Հենրիետ Ռեկերը, ով հայտարարել էր, թե կանայք ապահովության համար պետք է առնվազն մեկ ձեռքի չափ հեռավորության վրա   մնան անծանոթ տղամարդկանցից: Ու թեպետ հետագայում  քաղաքապետը  ներողություն խնդրեց ՝ ասելով, որ  սխալ է հասկացվել, այդ նույն  մեղադրանքը կանանց նկատմամբ   օրերս կրկնեց  Քյոլնի իմամ Սամի աբու-Յուսուֆը:

 

Անդրադառնալով Ամանորի գիշերը Քյոլնում մահմեդական ներգաղթյալների կողմից գերմանուհիների բռնաբարությունների բազմաթիվ դեպքերին  իմամը    РЕН ТВ հեռուստաընկերության եթերում  ասաց.  «Մենք պետք է ճիշտ արձագանքենք, կրակին յուղ չլցնենք: Խոսենք, լուծումներ փնտրենք: Իսկ եթե ինչ-որ մեկը հարձակվում է ուրիշների վրա, վիրավորում նրանց, կարող է առաջ գալ վտանգավոր իրադրություն: Ներգաղթյալների կողմից կանանց բռնաբարության պատճառներից մեկն էլ այն է, թե ինչպես են հագնվում այդ կանայք: Եթե նրանք քայլում են կիսամերկ, օգտագործում են օծանելիք, ապա բնական է, որ նման բաներ պիտի տեղի ունենան: Տղամարդ, կին… Դա կարծես կրակի վրա յուց լցնել լինի…»:

 

Նման աղմկահարույց  հայտարարությունների  արդյունք հանդիսացան ոչ միայն բողոքի ցույցերը:  Դյուսելդորֆի բնակիչները որոշեցին  ազգային ջոկատներ կազմել, որպեսզի քաղաքացիներին պաշտպանեն միգրանտների ոտնձգություններից: Իսկ  գերմանական Բորնհայմ քաղաքում փախստական տղամարդկանց ուղղակի  արգելեցին  լողավազան այցելել: Հաստատության ղեկավարությունը այդ որոշումն  ընդունվեց   սեռական հետապնդումների մասին բողոքներից հետո՝ նշելով, որ պատրաստ չէ հաշտվել գերմանական մշակութային նորմերի եւ սովորույթների խախտումների հետ: Սակայն  վերջերս   արգելքը հանվեց եւ  փախստական տղամարդկանց  թույլ  տվեցին լողավազան այցելել , սկայն  սեռական հետապնդումների մասին հատուկ զրույցից հետո:

 

Միգրանտների դեմ խիստ ելույթներ հնչեցվեցին   ոչ միայն Գերմանիայում, այլև Շվեյցարիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում։Մտահոգվեցին նաեւ Չեխիայում, Սլովակիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում։ Լեհաստանի պահպանողական վարչապետ Բեատա Շիդլոն ասել է, թե Քյոլնի դեպքերը «պետք է սթափեցնեն բոլորին»։ Առիթից օգտվել է նաև բրիտանացի աջակողմյան քաղաքական գործիչ Նայջել Ֆարաջը, ով Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս հանելու գաղափարի ջատագովն է։ «Քյոլնը մեր սահմաններից հեռու չէ։ Այդ միգրանտների մոտ դեռ չկան Եվրամիության անձնագրեր, բայց շուտով կլինեն», – ասել է Ֆարաջը։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիտսոն հայտարարել է, թե իր երկիրը պարզապես չի կարող ընդունել հարյուր հազարավոր միգրանտների:

 

Մինչդեռ Գերմանիայում միգրանտների դեմ բողոքներին զուգահեռ ցույցեր են  անցնում  նաև հակառակ կարգախոսներով․ ընդդեմ ատելության: Հավաքների մասնակիցները պնդում են, որ չնայած Քյոլնում տեղի ունեցած աղաղակող վայրագություններին, Գերմանիան այդուհանդերձ պարտավոր է սատարել կարիքի մեջ հայտնված միգրանտներին և բոլորին անխտիր չպիտակավորել որպես ավազակների ու հանցագործների։

 

Երկուշաբթի օրը՝ հունվարի 18-ին   Քյոլնի տաճարի մոտ կրկին  հավաքվել  են  մարդիկ,  ովքեր բողոքել են կանանց վրա հարձակումներից հետո իրականացված սեռական բռնության դեմ: Ցուցարարների ձեռքում պաստառներ են եղել, որոնց վրա գրված է եղել. «Խնդիրը սեռական բռնությունն է, ոչ թե  փախստականները»։  Շտուտգարտում օրերս  անցկացված ցույցի մասնակիցները դատապարտել են զանգվածային հարձակումները,  որոնք տեղի են ունեցել Քյոլնում Ամանորի գիշերը, եւ  միևնույն ժամանակ  կոչ են արել դիմակայել միգրանտների դեմ թշնամական վերաբերմունքին … 

 

 

Դիտումների քանակը` 2280

Վերադառնալ վերև