Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գյուղաբնակ կանանց օր. ինչպես բարելավել կյանքը գյուղական վայրերում

Հոկտեմբերի 15-ին նշվում է գյուղաբնակ կանանց օրը։ Օրվա թեման այս տարի՝ գյուղաբնակ կանանց հնարավորությունների ընդլայնումն է  Կայուն զարգացման նպատակների համատեքստում:

 

Հայաստանում գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը տարեցատարի նվազում է։ Տարեցտարի կրճատվում է նաև բանջարաբոստանային ցանքատարոծությունների մակերեսը։ Պատճառը արտագաղթն է երկրից ու ներքին միգրացիոն հոսքերը։ Գյուղը հիմա շատ դեպքերում ասոցացվում է տանջանքի, հողի հետ կռիվ տալու, աղքատության հետ։ 

 

Գյուղատնտեսությունը հանրապետությունում զբաղվածության ամենախոշոր ոլորտն է, որտեղ աշխատում է զբաղվածների շուրջ 34%-ը: Նրանցից 52%-ը կանայք են, ինչը կանանց դարձնում է գյուղատնտեսության զարգացման առավել կարևոր մասնակից: Ընդ որում, տղամարդկանց զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում 31%-ը, իսկ կանանց զբաղվածության կառուցվածքում՝ 37%-ը: Ըստ էության, գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը ստեղծվում է կանանց կողմից, և նրանք են սննդամթերքի մատակարարման և գյուղական վայրերում տնային տնտեսությունների գոյատևման հիմնական երաշխավորները: Դրա հետ մեկտեղ կանանց զբաղվածությունը գյուղատնտեսության ոլորտում հիմնականում ոչ ֆորմալ բնույթ է կրում, ինչը հիմք է տալիս բնութագրելու կանանց որպես աշխատաշուկայի ամենացածր վարձատրվող և սոցիալապես չպաշտպանված սեգմենտի ներկայացուցիչներ: Գյուղատնտեսության համատարած հաշվառման տվյալներով՝ գյուղացիական տնտեսությունների 25%-ը կանայք են ղեկավարում:   Կին գլխավորով տնային տնտեսություններն առավել խոցելի են գյուղտեխնիկայի բացակայության, հողակտորների դժվար հասանելիության, ոռոգման հնարավորությունների և ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրների պատճառով:

 

ՄԱԿ-ում այս տարի անդրադարձել են գյուղերից դեպի քաղաք միգրացիայի խնդրին։ Նշվել է, որ գյուղաբնակների համար դեպի քաղաք ու այլ երկիր ճանապարհը չպետք է լինի միակ ելքը։ Կազմակերպությունում ընդգծում են՝ հարկավոր է բարելավել կյանքը գյուղական բնակավայրերում։ Սակայն գյուղը լքելու կամ այնտեղ ապրելու որոշում պետք է կայացնեն միայն նրանք՝ գյուղում ապրող մարդիկ։

 

Գյուղաբնակ կանայք և միգրացիան

 

Երբ փոքր էի, գյուղացի կանանց կարմիր թշերն առողջության նշան էի համարում։ Հիմա հասկանում եմ՝ արևից են վառված, լավ օրից չէ…

 

Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի գյուղերում բարեկամներ շատ ունենք։  Հաճախ հյուր ենք գնում նրանց։ Ամռան ամիսներին կանայք իմ աչքին մի տեսակ տգեղանում են, կոպտանում, տղամարդու տեսք ընդունում։

 

Նախօրեին էլ ծնունդ էինք գնացել։ Բարեկամուհուս ընկերուհին՝  խաժ աչքերով մի 40-ին մոտ մի կին անընդհատ նկարվում է։ «Քանի ֆորմի մեջ եմ, նկարեմ, ուղարկեմ ամուսնյակիս»,-ասում է ինձ ու ավելացնում. «Թե չէ վաղը առավոտից էլի ջերմոց եմ մտելու, օրերով հայելու մեջ չնայեմ»։ Ամուսինը տարիներ շարունակ արտագնա աշխատանքի է մեկնում, տարվա մեջ մեկ անգամ գալիս ընտանիքի մոտ՝ Նոր տարին միասին նշելու համար։

 

Լուսառատ գյուղի դաշտերի մոտով ենք անցնում։ Կռացած աշխատողները կանայք են՝ սպիտակ գլխաշորերը կապած պոմիդոր են հավաքում։ Նայում եմ կողքի տրակտորին կցված լաֆետն արդեն բերներբերան է։ Չէ, սա տասը, քսան դույլ չէ, 5-6 կին քանի ժամ են աշխատել, որ մի քանի տոննա բերք են հավաքել։ Մտածում եմ, ախր սուպերմարկետներում սիրուն շարած պահածոները, որ առնում ենք, տուն բերում, ուտում, այ էս կանանց շնորհիվ են էդքան համով։ Մեքենայի սլացքի հետ նրանց ծիծաղն էլ մնում է հեռվում, կայտառ են երևում։

 

Ընկերուհիս Լոռիից է։ Երևանում է աշխատում, հայրենի գյուղ վերադառնալ չի էլ ուզում։ «Առավոտից իրիկուն մամաս տանջվում է։ Կիթն է անում, անցնում արդեն քանդած կարտոֆիլի տեսակավորմանը։ Օգնողներ էլ ունենք, վարձում ենք, բայց ամեն օր նույն լարված վազքն է։ Մեջն էլ ոչ մի բան չկա, հետ գցել էլ չի լինում, օրվա աշխատածով հազիվ են հասցնում օրվա ծախսերը հոգալ»,-ասում է նա։

 

Մարիամն ապրում է Արտաշատի գյուղերից մեկում։ Դաշտի գործերը վերջացնելուց հետո չգիտի էլ, թե որ բժշկի կաբինետից սկսի։ Ծանր աշխատաքից մեջքն ամեն օր ցավում է։ Հերթագրվել է՝ նյարդաբան, ուրոլոգ, սրտաբան…

 

«Մի երկու անալիզի պատասխան արդեն եկել է, էնքան դեղ են նշանակել։ Ցուցակը նայում եմ, չեմ էլ ուզում գնամ մյուսների պատասխանը վերցնեմ։ Ամբողջ տարվա աշխատած գումարը տալիս ենք, ամբողջ ձմեռ սրսկվում, մի կերպ ոտքի կանգնում, գարունը դեռ չվերականգնված, էլի դաշտ վազում։ Ախր, ես չեմ ասում չաշխատենք։ Բա գյուղում ապրողը հավ էլ պիտի պահի, կով էլ, հողամասում էլ ամեն տեսակ պտուղ ու բանջարեղեն ունենա, բայց նայում ես արտասահմանում բերքահավաք են անում, հավեսդ գալիս է։ Փոքր տրակտորը գնում է, մարդը վրան կանգնած, հավաքում է ցածր ծառերից խնձորն ու դույլը լցնում։ Մեզ մոտ հնադար է ամեն ինչ հիշեցնում, քաղհանի ուրագը խփելու համար է ուժ էլ չի մնացել։ Քաղաքի տղաներից զարգացած մկաններ ունենք»,-ասում է Մարիամը։

 

Բայց մի քանի րոպե անց դժգոհությունն անցնում է, տանում է տան մոտ գտնվող փոքրիկ հողամասն ու հպարտությամբ ցույց տալիս մեծ դդումները, կարմրած բիբարները, անգամ սև բիբարի ծառն է հարմարվել Արարատի կլիմայական պայմաններին ու առատ բերք է տալիս։«Առաջ շատ էի ջրում, լավ չէր բռնում, հիմա լեզուն հասկացա։ Լավ բերք է տալիս»,-ասում է Մարիամն ու անցնում բակում շարած չրերի ցուցադրությանը։

 

Նրանք են արտադրում  ու  վերամշակում պարենի մեծ մասը

 

ՄԱԿ-ում հաշվել են, գյուղաբնակ կանայք, որոնց գոյատևման հիմնական աղբյուրը բնական ռեսուրսների ու գյուղատնտեսության իրացումն է, կազմում են աշխարհի բնակչության ¼-ը։ Զարգացած երկրներում նրանք կազմում են գյուղատնտեսության մեջ ներգրավածների 43 տոկոսը, նրանց վրա է դրված պարենային անվտանգության ապահովումը, քանի որ նրանք են արտադրում  ու  վերամշակում պարենի մեծ մասը։

 

Կին գյուղատնտեսները կարող են լինել նույնքան նախաձեռնող, արտադրող ու ձեռնարկատեր, ինչպես տղամարդիկ, սակայն նրանց համար նույքան հասանելի չեն հողատարածքները, վարկերը, գյուղատնտեսական ռեսուրսները, շուկաները, գյուղատնտեսական ապրանքների ցանցերը։

Չնայած որոշ ուղղություններով գրանցվել է գենդերային հավասարության ապահովման առաջընթաց, մի քանի ոլորտներ, այդ թվում գյուղատնտեսության ոլորտը,  պահանջում են ակտիվ գործողություններ, որպեսզի հնարավոր լինի  հասնել 2030-ի սահմանած նպատակներին։

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 471

Վերադառնալ վերև