Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գոհար Մնացականյանի «Բոհեմ»-ն  ընդդեմ քաղաքը լքելու ցանկության 

 

«Երբ համալսարանն  ավարտելուց  հետո վերադարձա  ծննդավայր, անձնապես իմ առջև դրված խնդիր ունեի`դիմանալ, չգնալ Սևանից, փորձել մի բան անել Սևանը ինձ հարմարեցնելու համար: Հենց այս ճանապարհին հանդիպեցի նույն աշխարհայացքը կիսող մարդկանց  ու ես-ը դարձավ մենք, իմ կարիքը` մեր կարիք», – այդպես է, Գոհար Մնացականյանի ներկայացմամբ, ծագում «Բոհեմ»-ի գաղափարը:

 

Երևանի պետական մանկավարժական համալսարանի  գեղանկարչության ֆակուլտետն ավարտելուց հետո Գոհարի  համար ավելի հստակ  է դառնում` հարկավոր է հարազատ քաղաքի կյանքում աշխուժություն մտցնել, վերացնել խրոնիկական պասիվությունն ու հիասթափությունը` չհեռանալու համար: Նույն մտահոգություններն ու մտքերն ունեցող  երիտասարդներով միավորվում են, հիմնելով Սևանի երիտասարդական ակումբը, այդ ընթացքում անընդհատ մտածելով  մշակութային նախագծեր  իրականացնելու մասին: Տարիներ շարունակ փայփայած գաղափարն իրականությունն է դառնում Եվրոպական Խորհրդի աջակցությամբ՝ «Համայնքի զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շնորհիվ .  ստեղծվում է  Բոհեմ արվեստանոց-թեյարանը. այն վայրը, որտեղ մարդկանց առաջարկում են հանգստանալ մշակութային ժամանցով:

 

 

«Արվեստանոց-թեյարանում հնարավոր է մեկ բաժակ թեյի կամ սուրճի սեղանի մոտ վայելել խաղաղ հանգիստ, անծուխ մթնոլորտ ու մշտապես հնարավորություն ունենալ շփվելու արվեստի հետ,-պատմում է Գոհարը: Այն, նախևառաջ, առավել գրագետ և կազմակերպված ժամանցի վայր է, նույնիսկ եթե երիտասարդն ամենևին էլ հետաքրքրված չէ արվեստով: Տալիս է շփում, նոր ծանոթություններ, նոր կապեր, նույնիսկ` գործնական:  Շատ հաճախ  ծավալվում են քննարկումներ և յուրաքանչյուրը հնարավորություն է ունենում արտահայտվելու, կարծիք ասելու կամ նույնիսկ` ձևավորելու: Թեյարանում հաճախ են լինում ֆիլմի դիտումներ, արտ-թերապիաներ, համերգներ, վարպետության  դասեր և ինչն առավել հետաքրքիր է երիտասարդների համար`խաղային երեկոներ»:

 

Այստեղ կարելի է  նաև յուրօրինակ իրեր գտնել, որոնք  մեկտեղվել են «հուշանվերների թանգարան» հատվածում: «Դրա գաղափարը կար, երբ Բոհեմի ծրագիրն իրականություն պիտի դառնար: Ընդամենը ընկեր-ծանոթ-բարեկամներով  ու ֆեյսբուքյան խմբում հայտարարություններ տարածելով` բազմաթիվ հուշանվերների նվիրատուներ ունեցանք`Հայաստանի տարբեր ծայրերից»:

 

Բոհեմում պարբերաբար նոր ձևաչափի  միջոցառումներ են կազմակերպվում` հյուրընկալելով  նոր դեմքեր ու արվեստի ոլորտի ներկայացուցիչներ: Հաճախորդների շրջանում հաճախ ոչ ֆորմալ հարցումներ են անում`հասկանալու համար` ինչ տեսակ միջոցառումներ են առավել շատ գերադասում: Ապա, ըստ  իրենց նպատակի, թիմով կազմում են  իրադարձությունների օրացույցը` հաշվի առնելով հաճախորդի ցանկությունները, հետադարձ կապն ու կարիքները:

 

 

«Մենք ունենք  մի նպատակ`առողջացնել համայնքի մշակութային կյանքը և ամեն տեսակ մշակութային միջոցառում ընտրվում է հենց  այս ջրաղացին մի դույլ ջուր լցնելու համար: Շատ հաճախ դրանք երկար պլանավորված միջոցառումներ են, հաճախ էլ պարզապես սպոնտան պահի ու տեղում գտնվող մարդկանց լավ տրամադրությունից բխած»:  

 

 

Դեկտեմբերին, երբ հաշվարկում էին`մշակութային ի՞նչ միջոցառումներ են արել անցած ամիսների ընթացքում, պարզվել է, որ հսկայական պտուղներ է տվել Բոհեմ  ծառը. միայն 18 համերգային երեկո է կազմակերպվել:

 

Արվեստանոց-թեյարանը  չնայած յոթ ամսվա աշխատանքային պատմություն ունի, բայց հասցրել է  նաև շատ անհատ տուրիստներ ընդունել Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Նորվեգիայից, ֆինլանդիայից, Ռուսաստանից: «Ամենաշատը նշում են`իրենց դուր է գալիս մթնոլորտը,  որ դռնից ներս են մտնում, կարծես լրիվ այլ աշխարհում են հայտնվում: Շատ են հետաքրքրվում նաև հուշանվերների թանգարանի ցուցադրությամբ»: 

 

Բացի արվեստի շուրջ մարդկանց համախմբելուց, ստեղծագործական միջավայր ստեղծելուց, տուրիզմը խթանելուց`Բոհեմը նաև  նոր մտքեր է գեներացնում: Գաղափարների բանկ են ստեղծել`«Ինքնաեռ» ծրագիրը, որտեղ երիտասարդներն ու պատանիներն աշխատում են միասին գտնել  իրենց գաղափարի իրականացման կատարյալ ձևը:  Պատրաստվում են նաև  իրենց գործունեության առաջին տարվա ընթացքում ստացած շահույթի կեսից ավելին ուղղել  Սևան երաժշտական փառատոնի կայացմանը: 

 Բոհեմի ստեղծումը փոխոխություններ է մտցրել երիտասարդների կյանքում: Ըստ Գոհարի, բնակչության համար կարևոր էր քաղաքի մեջ մի վայրի առկայությունը, որտեղ հնարավոր կլինի գնալ ընկերներով կամ ընտանիքով, կանանց ու աղջիկների հետ: Ընդգծում է Բոհեմի  հատկապես սոցիալական ազդեցությունն ու ասում`տարբերվելու համար ոչինչ հատուկ չեն արել: Արել են այն, ինչի մեջ տեսել են իրենք իրենց: Արել են մեծ սիրով ու գաղափարի մեջ ներդրել են իրենց սերն ու երազանքները: Արդյունքում ստացվել է այն, ինչ հիմա ունեն:

 

 

 Մարջան Չոբանյան

Դիտումների քանակը` 1281

Վերադառնալ վերև