Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գորիսը հնարավոր է կին քաղաքապետ ունենա

 

Հունիսին Գորիսը քաղաքապետ է ընտրելու և հավանական է, որ քաղաքապետի պաշտոնի համար պայքարի նաև Գորիսի ավագանու անդամ միակ կինը` Ռուզաննա Տոռոզյանը: Panorama.am-ի հետ զրույցում նա չբացառեց առաջադրվելու հավանականությունը` ընդգծելով, որ նման մտքեր, իհարկե, ունի, բայց դեռ ժամանակ շատ կա վերջնական որոշում կայացնելու համար:

«Հնարավոր է, որ պայքարեմ այդ պաշտոնի համար, որովհետև նախադրյալներ կան` որպես քաղաքական գործիչ պատրաստ եմ, կանայք ինձ վստահում են, երկար տարիների աշխատանքային փորձ ունեմ ՏԻՄ-ում: Այնպես, որ հնարավոր եմ համարում իմ առաջադրումը»,- նշեց նա:

Հարցին` չի վախենում տղամարդ մրցակիցներից, տիկին Տոռոզյանն ասաց, որ արդեն չի վախենում. երկու անգամ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին և զգացել` ճիշտ է, մեխանիզմներ կան, որոնք կարող են խոչընդոտել, բայց այս անգամ չի վախենում, որովհետև ինքն էլ է արդեն ծանոթ մեխանիզմներին և ամենակարևորը` գիտի, որ մարդիկ փոփոխություն են ուզում. «Ես կարծում եմ իմ անցած ճանապարհն ու փորձը իսկապես ափսոս է, որ օգտակար չկարողանամ լինել իմ համայնքին նաև այս ոլորտում»:

Ինչ վերաբերում է հարցին, թե կա ինչ-որ հանգամանք, որի պարագայում նա կհրաժարվի առաջադրվելու իր մտադրությունից` գործող քաղաքապետը նորից կառաջադրի իր թեկնածությունը, մեկ այլ հանգամանք, Գորիսի ավագանու կին անդամը նշեց. «Չեմ կարծում, թե գործող քաղաքապետը կառաջադրվի, որովհետև արդեն 12 տարի է քաղաքապետ է…. կարծում եմ չի առաջադրվի: Բայց չգիտեմ, թե ովքեր կլինեն թեկնածուները և դրանից էլ, անշուշտ, շատ բան է կախված: Թեև, եթե ես որոշեմ, որ պետք է թեկնածությունս դնեմ, ուրեմն կպայքարեմ մինչև վերջ: Բայց վստահ չեմ, թե ովքեր կլինեն թեկնածուները, քաղաքական դաշտն այսօր այնքան անկայուն է Գորիսում, շատ փոփոխություններ եղան անցած մեկ տարում, այնպես որ թեկնածուների առաջադրումը շատ անսպասելի կլինի»:

Տիկին Տոռոզյանը նաև հավելեց. «Նույնիսկ մտքովս չի անցնում, թե ով կառաջադրվի»:

 

Հիշեցնենք, Հայաստանում 915 համայնքներից միայն 21-ի ղեկավարներն են կանայք, և ոչ մի կին քաղաքապետ չկա:

 

Աղբյուրը՝ Panorama.am

 

 Կարդացեք նաեւ մեր կայքում. 

 

Ռուզաննա Տոռոզյան. « Աշխատելու եմ, սա է հենքային գործոնը»…/ վիդեո

 

 

 

 

Դիտումների քանակը` 3199

Վերադառնալ վերև