Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ

 Ասում են,  սրտով ու հոգով կատարած աշխատանքի շնորհիվ  կարելի է  անգամ անապատը բնակելի դարձնել… Քարքարոտ ու ամայի մի  մեծ հողատարածք Կոշ  գյուղի երիտասարդ  բնակչուհի Մետաքսյայի տքնանքի արդյունքում վերածվել է կատարյալ դրախտավայրի, մեկ այլ վայրում` սարերի  մեջ  ծվարած Լուսաշող համայնքին  հարակից  և հեռավոր գյուղերին թարմ մսով ու կաթնամթերքով է ապահովում ֆերմերուհի Սեդիկը…  Հեռավոր Վայոց Ձորի Զեդեա համայնքի  բնակչուհի Շաղիկի և Հերմոն համայնքի համանուն  կոոպերատիվի  նախագահ, հմայիչ Նաիրայի ստեղծած բարիքները` բանջարաբոստանային  կուլտուրաները,  մրգերը, չրեղենը, մեղրն ու բուժիչ խոտաբույսերը մարզում  լայն  ճանաչում  ունեն…   Պակաս ախորժալի չեն  նաև Լոռու մարզի Նեղոց համայնքից  Ռոզայի,  և  Տավուշի մարզի Հովք  համայնքից Ալվարդի,  Սյունիքի  մարզի  Տորունիք համայնքից  Սվետայի և այլոց ստեղծած բարիքները, որոնց  բույրը, համն  ու տեսքը  կարող են  խենթացնել խանութների բնամթերքներից օգտվող քաղաքաբնակին…

 

Կանանց  միջազգային  օրվա` մարտի 8-ի կապակցությամբ  այս  գործունյա ու շնորհալի կանանց  «Կոնգրես» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում  մեկտեղել էր Հայաստանի գյուղատնտեսության  նախարարությունն ու  Գյուղատնտեսական դաշինքը, որպեսզի  տեղի ունեցող «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» ազգային մրցանակաբաշխության ընթացքում  մեկ անգամ ևս խրախուսեն ու պարգևատրեն  հիրավի անձնվեր կանանց, ում  համար  աշխատանքը իր ընտանիքի ու հանրության կեցության նախապայմանն  է:

  

Դահլիճում  տեղադրված տաղավարներում  ցուցադրված էին  կին ֆերմերների ստեղծած  բարիքները:  Մինչ մրցանակաբաշխության պաշտոնական բացումը  միջոցառման մասնակիցները եւ հյուրերը  հնարավորություն ունեին  ծանոթանալու  և համտեսելու ցուցահանդեսին ներկայացված արտադրանքը: Այստեղ էին Գոմքի արդեն թերևս լեգենդ դարձած կանայք իրենց համեղ ուտեստներով` չրով, տապակած ավելուկով, տարբեր տեսակի կանաչեղենով , բալի հյութով, ինչպես նաև մուրաբաներով, որոնցով ուղղակի հիացած էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կեթրին Լիչը: Այստեղ էին  Թալինի տարածաշրջանի ֆերմերները `պանրի, քամած մածունի և կանաչեղենի տեսականիով, Սյունիքի կանայք ` արևահամ չրերով  և այլոք: Բոլորի արտադրանքն  էլ արժանացավ  ներկաների բարձր գնահատանքին:  Այդ թվում տաղավարներով շրջող  գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, ով  համտեսելով ներկայացված բերքն ու բարիքը զրուցում էր կանանց հետ,   հետաքրքրվում  իրենց  հաջողություններով և խնդիրներով: Այնուհետև դիմելով լրագրողներին նկատեց, որ գիտի  Հայաստանի գյուղմթերքների համեղ լինելու գլխավոր գաղտնիքը:

 

 

«Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում զբաղվածների 57 %-ը  կանայք են, հետևապես ոլորտում ձեռքերումները մեծապես կախված են կանանց քրտնաջան աշխատանքից:  Բոլորին հայտնի է, որ Հայաստանի գյուղատնտեսական ապրանքները, հատկապես պտուղ-բանջարեղենը շատ համեղ են և հաճախ մենք ինքներս մեզ հարց ենք տալիս` ինչի՞ց է դա: Շատերն ասում են, որ բնակլիմայական պայմաններից է, մեր արևի ջերմությունից է, բայց ես կարծում եմ առաջին հերթին կանանց սիրուց է, նվիրվածությունից է, հոգու ջերմությունից է, որ նրանք տալիս են  հողին: Դրանով մեր հողը ավելի է հարստանում»,- ասաց  Սերգո Կարապետյանը:

 

)

 

Իր ելույթում նախարարն անդրադարձավ  նաև գյուղի կանանց խնդիրներին, նշելով, որ  կանայք, ովքեր իսկապես շատ ծանր, դժվար գործ են կատարում, նրանք ավելի շատ ձեռքի, քան մեքենայական աշխատանք են կատարում,  հաճախ  չեն կարողանում իրենց արտադրանքն արտահանել դրսի շուկաներ:

 

 

«Պետությունն անում է ամեն ինչ մեր կանանց հոգսը թեթևացնելու համար : Ճիշտ է շատ դանդաղ ենք առաջ գնում, դեռևս խնդիրներ շատ կան լուծելու, բայց համբերություն է պետք և մի քանի տարի հետո Հայաստանի   գյուղատնտեսությունը հավասարվելու է  եվրոպական զարգացած  երկրներին»,- հավաստիացրեց նա ու հատկապես կարևորեց կոոպերացիաների ստեղծումն ու զարգացումը մեր երկրում, առավել ևս որ դրանք  արդեն լավ արդյունք են ցուցաբերում:

 

 

Այնուհետ նախարարը պարգևների  ու նվերներ հանձնեց   Հայաստանի բոլոր մարզերից ժամանած  20 կին հերոսների ՝ գյուղատնտեսության ոլորտում ակտիվ գործունեության և ակնառու հաջողությունների համար: Ինչպես նաև ծաղիկներ` ի՞նչ գարնանային տոն առանց դրանց:

 

 

ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն  էլ իր ելույթում նշեց, որ մրցնակաբաշխության հիմնական նպատակն է ներկայացնել հանրությանն այն կանանց, ովքեր իրենց  հերոսական աշխատանքով արտադրում են մեզ համար ամենօրյա անհրաժեշտություն ներկայացնող պարենամթերք և խթանում են տեղական արտադրությունը.

 

 

«Այս միջոցառումը  նպատակ ունի  ոչ միայն խրախուսել   կին-ֆերմերներին , այլև  հարթակ տրամադրել նրանց  հաջողություններն ու խնդիրները ներկայացնելու համար: Պետությունը պետք է խթանի այդ կանանց, աջակցի նրանց, քանի որ կանայք ստիպված են շատ դժվարությունների դեմ  պայքարել ` սկսած բնակլիմայական պայմաններից մինչև արտադրանքի սպառումը»,- հայտարարեց նա: Մարգարիտա Հակոբյանը  նույնպես կարևորեց  կոոպերատիվների  գործունեությունը` նշելով, որ ՕՔՍՖԱՄ-ի ծրագրի շրջանակում մինչ օրս ստեղծվել է 18 կոոպերատիվ,  որոնցից  6-ը բացառապես կանանց կոոպերատիվներ են: «Դրանց թիվը ավելանալու է, քանի որ այդ կոոպերատիվները  խթանում են տեղական արտադրությունը»,- համոզմունք հայտնեց նա:

 

 

Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը , իր հերթին կարևորեց Օքսֆամի կողմից Հայասատանի գյուղական վայրերում իրականացվող զարգացման ծրագրերը՝ շեշտելով  հատկապես կանանց դերը այդ ծրագրերում:  «Մենք բոլորս գիտենք, որ հզորացնելով կնոջը, մեծացնելով կնոջ եկամուտները, նպաստելով նրա աշխատանքային հաջողություններին, մենք նպաստում ենք նաև ընտանիքի ամրապնդմանը»,-  ասաց դեսպան  Լիչը:

 

Հանդիսության  ընթացքում  ամփոփեց նաև Օքսֆամի  հայաստանյան գրասենյակի կողմից հայտարարված «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» խորագրով մրցույթի արդյունքները՝ մարզային լրագրողների, հանրային թղթակիցների  և բլոգերների մասնակցությամբ: Հաղթողները արժանացան մրցանակների և շնորհակալագրերի:  Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքի ավագանու անդամ, «Արմավիրի  Ընտանիքի աջակցման կենտրոնի» տնօրեն, լրագրող  Ջավահիր Եղիազարյանը, ով շնորհակալագիր ստացած լրագրողների թվում էր, WomenNet.am-ի հետ զրույցում խոսեց ոչ թե իր պատվոգրի, այլ մրցանակաբաշխության կարևորության մասին.

«Գյուղմթերք արտադրող կանանց մրցանակաբաշխությունը  շատ ողջունելի է, որովհետև երբ խոսում ես կին ֆերմերների  հետ բոլորն ասում են, որ վերջապես կանանց կատարած աշխատանքի վրա ուշադրություն դարձվեց: Իսկ դա, անշուշտ, ոգևորող է ու նաև պարտադրող` նորանոր հաջողություններ գրանցելու համար»,- շեշտեց Ջավահիրը:

 

Նշենք, որ   «Գյուղմթերք արտադրող կին հերոս» մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն չորրորդ անգամ,  այն մեկնարկել էր  2012 թվականին` ՕՔՍՖԱՄ-ի «Աճեցնենք» (GROW) համաշխարհային քարոզարշավի շրջանակում և բարի ավանդույթ դարձել: Այս տարի   մրցանակաբաշխությունը դարձավ ազգային՝ ներառելով Հայաստանի բոլոր մարզերը: Ընդլայնվեց  նաև կազմակերպիչների շրջանակը ՝ Օքսֆամին միացան ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունն  և Գյուղատնտեսական դաշինքի մեջ մտնող մեկ տասնյակից ավելի կազմակերպությունները:

 

 Է. Մակարյան, Ա. Ներսիսյան,

Տեսանյութը `Ա. Գևորգյանի 

 

 

WomenNet.am-ը անդրադառնում  է  «Գյուղմթերք արտադրող կին հերոս»

 կոչմանը արժանացած բոլոր  կանանց  պատմություններին.


 

Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքում.

 

Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ

 

Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը

 

Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին

 

«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ

 

«Լիիրավ երջանկությունը ընտանիքիս համերաշխությունն է, ինչպես որ խաղաղությունը՝երկրի համար »…/ տեսանյութ

 

«Հասոյի լեգենդար պանիրը»

 

«Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին և առա՛ջ շարժվեք»…

 

«Աշխատանքի մեջ պահանջկոտ եմ, ուզում եմ ամեն ինչ իր հունով, շիփ-շիտակ գնա»

 

«Հաջողության բանալին համբերատարությունն է ու սերը աշխատանքի նկատմամբ»

 

«Տարիների ընթացքում զարգացրել եմ սեփական տնտեսությունս»

 

«Նոր ուղիներ եմ փնտրում տնտեսությունս ընդլայնելու և զարգացնելու համար»

 

«Բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի, եթե գիտես` հանուն ում և ինչի պայքարել»

 

«Յուրաքանչյուր աշխատանքին հարկավոր է ստեղծագործաբար մոտենալ, սեր ու հոգի ներդնել»

 

«Գործս մեծ հաճույքով եմ անում ու երբեք չեմ մտածում քաղաքում ապրելու մասին» / տեսանյութ

 

Մի ձեռքը ծափ չի տալիս…/ տեսանյութ

 

Հարսնությամբ կնքված աշխատասիրություն և արարում

 

«Հողը, ծաղկած դաշտերը, մեր բնությունն ու մարդկանց ջերմությունն են ինձ ուժ տվողը»

 

«Ամեն ինչն էլ սիրով եմ անում, դրա համար էլ հասցնում եմ»…

 

«Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար»

 

«Գյուղն այն հենարանն է, որին պետք է ամուր հենվել» / տեսանյութ

 

«Իմ երջանկությունը ընտանիքս է, իսկ խնդիրները լուծում կստանան»/ տեսանյութ

 

«Կին, ով գյուղի հույսն ու հավատն է»

 

«Ապրել բնության մեջ ու բնության հետ»…

 

 

Դիտումների քանակը` 3490

Վերադառնալ վերև