Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Դայակ պետության հաշվին» ծրագիրն ավելի ճկուն պետք է դարձնել. քննարկում

 «Դայակ պետության հաշվին» ծրագրի շահառու մայրեր դժգոհում են՝ թղթաբանությունը երկար է, հարկերը՝ շատ։ Նաև առաջարկում են՝ պետք է հանել հաշվառման ու միջին աշխատավարձին վերաբերող սահմանափակումները, ծրագիրն ավելի ճկուն ու հասանելի դարձնել, իրազեկումն ավելի լավ կազմակերպել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչն ընդունում է, խնդիրներ կան, որոնց մեծ մասը տեխնիկական է, բնական է, ծրագիրն առաջին անգամ է իրականացվելու, խնդիրներն էլ կամաց-կամաց հարթվելու են։ Տարեվերջին կամփոփեն նաև ծրագրի արդյունավետությունը, հետևություններ կարվեն։



Առաջին ալիքի «Եկեք հասկանանք» հաղորդման թողարկումներից մեկը  նվիրված էր հենց այդ ծրագրին ու դրա կիրարկման ժամանակ ի հայտ եկող խնդիրներին։ Քննարկմանը մասնակցում էին ծրագրի շահառուներ, նախկին պատգամավոր, կրթական ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչություն պետ Ժորա Սարգսյանը, իրավապաշտպան Էմիլ Մարկոսյանը և այլք։

 

Իրավապաշտպանի գնահատականները բավականին կոշտ էին: Նրա կարծիքով  գեղեցիկ փաթեթավորված ծրագիր է, որի միջոցով պետությունը 18 հազար դրամից զրկում է ծնողին, դրան գումարում 12 հազար դրամ, արդյունքում ունենում երկու հարկատու։

 

Աշխատող մայր Մարիամ Մեհրաբյանը համարում է, որ 90 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները չեն կարողանա օգտվել ծրագրի շրջանակում ընձեռված արտոնություններից։ Նա հենց այդ պատճառով չի կարողացել օգտվել այդ ծրագրից։

 

«Ինչպես գիտենք, դայակների համար ընդունված ժամավճարը 500 դրամ է։ Սա ուղղակի ձեռնտու չէ նվազագույն աշխատավարձ ստացող մայրիկների համար»,-ասաց  նա։

 

Հիշեցնենք, որ ծրագրով մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությանը վճարվում է գումար՝ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որը այժմ կազմում է 55 հազար դրամ։ Մնացած մասը պետք է վճարի ծնողը։ Ծրագիրը գործում է  այս տարվա հուլիսի 7-ից։ Ծրագրից օգտվելիս առաջնահերթություն տալիս են այն ծնողներին, ում միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում միջին ամսական աշխատավարձի չափը, որը 2017-ին կազմել է 195 հազար 74 դրամ, ինչպես նաև ընտանեկան նպաստ ստացողները։ Ծրագրի շրջանակում մայրերին կարող են օգնել տատիկները կամ այլ հարազատներ, եթե նրանք շահառուի հետ հաշվառված չեն նույն հասցեում։

 

Աշխատանքի և սոցիալական նախարարությունից հիշեցնում են, քանի որ ծրագիրը մեկնարկել է տարվա կեսից, հատկացված դրամական միջոցները թույլ են տվել, որպեսզի ծրագրում ավելի մեծ թվով շահառուներ ընդգրկվեն։ Դրա արդյունքում 2018-ին նախատեսված 200 շահառուի փոխարեն նոյեմբերի 14-ին նրանց թիվը հատել է 310-ը, մինչև տարեվերջ շահառուների թիվը կհասնի 350-ի։

 

«Հուլիսից մինչ օրս ովքեր դիմել են, բավարարել են երկու պահանջի՝ ունեցել են մինչև երկու տարեկան երեխա և ցանկացել են վերադառնալ աշխատանքի»,-տվյալներ ներկայացրեց   աշխատանքի և զբաղվածության վարչություն պետ Ժորա Սարգսյանը։

 

Ծրագրի շահառու Լուսինե Մաթևոսյանը դժգոհում է, որ թղթաբանությունը շատ է՝ կապված հարկերի վճարման հետ, դայակը պետք է թողնի երեխաներին, գնա հարկերը վճարելու, բացի այդ էլ եկամտահարկը մեծ գումար է կազմում։

 

«Երկու երեխայի համար մոտ 52 հազար դրամի եկամտահարկ է գանձվում, իսկ դա ինձ թվում է՝ քիչ գումար չէ»,-խնդիրը ներկայացրեց շահառուն։

 

Քննարկմանը մասնակից մայրերից մեկն էլ նկատեց, ոչ տարածքային բաժինների աշխատակիցները, ոչ էլ հասարակությունը լավ իրազեկված չեն  ծրագրի մասին։  Բացի այդ, նա առաջարկում է հանել միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ պահանջը, քանի որ ինքն էլ համատեղում է ու դասախոսում մի քանի բուհում, ու երբեմն իր ստացածը մի փոքր ավելի լինում 195 հազար դրամից։

 

Ժորա Սարգսյանը պարզաբանում է, հստակ սահմանված է, թե ով պետք է վճարի հարկերը, բայց առաջին տարին է ծրագիրը գործարկվում, այդ պատճառով էլ խնդիրներն անխուսափելի են։

 

«Հարկային օրենսգրքի կարգավորում է, որպես ֆիզիկական անձ, դայակը պետք է իր պարտավորությունը կատարի»,-ասաց նախարարության ներկայացուցիչը։

 

Ինչ վերաբերում է եկամտահարկին, Ժորա Սարգսյանը հիշեցրեց, նախաձեռնել  ու շրջանառության մեջ են դրել  Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծ, որով առաջարկում են դայակների համար հարկային արտոնություն սահմանել և ազատել  նրանց հարկերից։

 

«Հիմք ընդունելով դայակին վճարվող օրինակ՝ 110.000 դրամ աշխատավարձը, ստացվում է, որ ծրագրի շրջանակներում 55.000 դրամը սահմանված կարգով ծնողին կփոխհատուցի պետությունը: Մինչդեռ, Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև 150.000 դրամի դեպքում 23 տոկոս սահմանված է որպես եկամտային հարկ (արդյունքում, դայակի աշխատավարձից կհարկվի 25.300 դրամ): Հաշվի առնելով նաև նպատակային սոցիալական վճարն ու դրոշմանիշային վճարը, պարզ է դառնում, որ պետությունն իրականում ավելի քիչ գումար է փաստացի հատկացնում անձին որպես աջակցություն»,-նշվում է օրինագծում։

 

Առաջարկվում է, պետբյուջե որպես հարկ գանձված գումարները վերադարձնելու հնարավորություն սահմանել, իսկ վերադարձման կարգն ու ժամկետները հաստատվեն կառավարության որոշմամբ։ 

 

Ըստ հրապարակված տվյալների, այս տարվա  հուլիսի 7-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում դայակների կողմից կատարվել է 2 875 931 դրամի չափով եկամտային հարկի վճարում ՀՀ պետական բյուջե: Հետևաբար, նշված գումարի չափով կավելանան ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերը:

 

Ժորա Սարգսյանը պնդեց՝ նպատակ չեն ունեցել դայակներին հարկային դաշտ բերել, իրենց նպատակն է աջակցել աշխատող մայրերին՝ վերադառնալու աշխատանքի։

 

Անահիտ Բախշյանն էլ կարծիք հայտնեց, որ առավել արդյունավետ կլինի, եթե ծրագրի համար նախատեված միջոցները ներդրվեն նախադպրոցական կրթության ոլորտում։ «Բոլոր դեպքերում եթե մարդն ունի ֆինանսական հնարավորություն, ինքը կարողանում է գտնել, վճարել։ Սա հարց լուծող նախաձեռնություն չէ, ավելին գումարի անարդյունավետ ծախսում է»,- կարծում է  Բախշյանը։

 

Ծրագրի շահառու մայրը հակադարձեց՝ 6 ամսական բալիկին հաստատ մանկապարտեզ չէր տանի։  «Կան մասնագիտություններ, աշխատանքներ, որ 2-3 տարի տանը նստելով, կարող ես ունենալ մասնագիտական անկում։ Իմ պարագայում այս ծրագրի շնորհիվ ես 6-7 ամսական բալիկիս վստահ թողել եմ ու վերադարձել աշխատանքի։ Այս առումով ծրագիրն ինձ համար հաջողված է»,-նշեց Իլոնա Ալեքսանյանը։

 

Ծրագրի մեկ այլ շահառու Աննա Սարգսյանն էլ նկատեց, որ աշխատանքի վերադարձող կինը պետության համար կարող է ավելի լավ ու մեծ արդյունք ապահովել իր աշխատանքով։

 

Իրավապաշտպան Էմիլ Մարկոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա. Հայաստանում դայակների ինստիտուտը կայացած չէ, որպես ծնող չգիտենք, թե դայակը, ում վստահում ենք երեխային, առողջական ու հոգեկան ի՞նչ խնդիրներ ունի։ Նա հետաքրքրվեց՝ պետությունն այս առումով վերահսկողական որևէ ֆունկցիա ունի՞, իրականացրե՞լ է։

 

Սարգսյանը նկատեց, որ ծրագիրն օգտվելու հնարավորություն է տալիս, սակայն որևէ պարտադրանք չկա։ «Մենք հավելյալ օգնություն ենք առաջարկում, ծնողը ոչ թե գնում է աշխատանքի ծրագրի պատճառով, այլ եթե աշխատանքի գնալու որոշում կա, ապա պետությունն աջակցում է։ Մենք ասում ենք, կան դիմողներ, որոնց աշխատավարձն այսօր 100 հազար դրամ է»,-ասաց նախարարության ներկայացուցիչը։

 

Հ. Կարապետյան

 

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր  կայքում.

 

 Հարկային արտոնություներ դայակների համար

 «Դայակների ծրագիրը» կկրկնապատկի շահառուների թիվը տնտեսումների  հաշվին

 «Դայակ պետության հաշվին».  կառավարությունը վերահաստատել է ծրագրի կարգը

 Ինչու ես չեմ կարողանա  օգտվել «դայակ պետության հաշվին» ծրագրից

Լենա Նազարյան. «Փոխհատուցման չափն ու կարգն այնպիսին չեն, որ  խրախուսեն ծնողին վերադառնալ աշխատանքի»

 «Արդյո՞ք «դայակ պետության հաշվին» ծրագիրը կծառայի իր իսկ հայտարարած նպատակին». երկու կարծիք 

Երիտասարդ մայրերը  դժվար ընտրության առաջ են կանգնում

«Մայրերին աջակցելու գաղափարն իսկապես ողջունելի է, սակայն այս տեսքով ծրագիրն իր նպատակներին չի կարողանա ծառայել»

Հրապարակվել է «Դայակ պետության հաշվին» ծրագրի նախագիծը. այն բաց է առաջարկների համար

  «Դայակ պետության հաշվին». հարցերն ավելի շատ են, քան պատասխանները

 «Նախագծի նպատակն է ՝ աջակցության ձեռք մեկնել մանկահասակ երեխա ունեցող մայրերին» . հավաստիացրեց նախարարը

 Դայակ պետության հաշվին. մայրիկների արձագանքը

 Մանկապարտեզներն ու Երևանի բյուջեն

 Պետությունը կփոխհատուցի ձեր դայակի աշխատավարձի  50 տոկոսը

 Պետությունն աշխատելու  և սովորելու հնարավորություններ է ընձեռում երիտասարդ մայրերին. նոր մանրամասներ  

 Աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին

 Մինչև 30 տարեկան մայրերը մասնագիտական ուսուցում և կրթաթոշակ կստանան

 Կառավարությունը մերժեց «Ելք»–ի նախաձեռնությունը  աշխատանքային ժամերը կրճատելու մասին

 

Դիտումների քանակը` 707

Վերադառնալ վերև