Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Դատական վճիռ ընդդեմ հոմոֆոբիայի

Մայիսի 17-ը  իրավապաշտպանների եւ ՄԱԿ-ի կողմից   հռչակվել է  որպես  Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր: Օրվա նախօրեին Հայաստանում ուշագրավ դատական որոշում էր կայացվել, որն անմիջականորեն կապված է   հոմոֆոբիայի դրսեւորման՝ ատելության և խտրականության հրահրման հետ: 
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակիորեն բավարարեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի 3 աշխատակիցների՝  Արման Սահակյանի, Գրիգոր Գևորգյանի և Հովհաննես Մկրտչյանի հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի ,  որը մեկ տարի առաջ  հրապարակել էր «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածը: Նրանք  պահանջում էին հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու և յուրաքանչյուրին փոխհատուցել 3 մլն ՀՀ դրամ:

 

 

Հիշեցնենք, որ այս հոդվածի առնչությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը անցյալ տարվա հոկտեմբերին՝  ի պատասխան  16 քաղաքացիական ակտիվիստների  կողմից ներկայացված հայցադիմումի, աղմկահարույց  որոշում էր կայացրել՝   արդարացնելով   հոդվածագրին եւ նշելով, որ այն  օգտվել է խոսքի ազատության իրավունքից  եւ չի ոտնահարվել հայցվորների պատիվն ու արժանապատվությունը: Որոշումը որպես վտանգավոր նախադեպ որակվեց իրավապաշտպանների կողմից,   քանի որ  հրապարակելով  60 քաղաքացիներից բաղկացած «սև ցուցակ»-ը  թերթը  ոչ միայն  «ազգի և պետության թշնամիներ»  էր անվանել նրանց , այլ    հանրությանը  կոչ  արել  ցուցաբերել «Զրո հանդուրժողականություն» նրանց  հանդեպ,   չբարևել ցուցակում ընդգրկված մարդկանց, որևէ հարցում չօգնել, իսկ գործատուներին և պետական պաշտոնյաներին  հորդորել էր չընդունել նրանց  աշխատանքի կամ ցանկացած հարմար պատրվակով հեռացնել պետական ծառայությունից:  Ի դեպ այս որոշման բողոքարկումը  Վերաքննիչ դատարանում  նույնպես ոչ մի արդյունք չտվեց, եւ  այժմ ակտիվիստները  դիմել են  Վճռաբեկ դատարան պնդելով, որ  թերթը պարտավոր է ներողություն խնդրել իր հոդվածում «37 թվի մեթոդներով» ցուցակագրված բոլոր վեց  տասնյակ քաղաքացիներից։

 

 

Այս նույն   հոդվածի  վերաբերյալ  մայիսի 14-ի  դատարանի որոշումը  (նախագահող դատավոր Արայիկ Մելքումյան)  էականորեն  տարբերվում է նախորդից:  Դրա  համաձայն թերթն իր կայքում պետք է հերքում հրապարակվի կապված նշված հոդվածում հրապարակված զրպարտիչ տեղեկությունների վերաբերյալ, եւ  ի հօգուտ հայցվորների՝ Գրիգոր Գևորգյանի և Արման Սահակյանի պետք է բռնագանձվի 250.000-ական դրամ: Բացի այդ  թերթի խմբագիր եւ հոդվածագիր  Հովհաննես Գալաջյանը  պետք է նաև հրապարակայնորեն վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրի Գրիգոր Գևորգյանից և Հովհաննես Մկրտչյանից, Արման Սահակյանից:

 

 

Ինչպես հաղորդում է  «Ազատություն» ռադիոկայանը,   հոդվածի հեղինակ Հովհաննես Գալաջյանը առաջին ատյանի դատարանի հետ համաձայն չէ, պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան:  Ավելին,  նա  սպառնում է նույն հոդվածը մեկ անգամ էլ հրապարակել, ու 60 քաղաքացիների կողքին ավելացնել նաև որոշում կայացրած դատավորի անունն ու լուսանկարը։  «Այդ դատավոր Մելքումյանին ես անզոր եմ փրկել երեկվանից իր ճակատին դրոշմված «համասեռամոլների պաշտպան» պիտակից», – մեջբերում է  «Ազատությունը» նրա խոսքերը:

 

 

Հայցվոր Արման Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում վճիռը նախադեպային համարեց ու նշեց. «Այն, որ ՀՀ-ում հայկական պատմության մեջ առաջին անգամ դատարանի կողմից և առաջին ատյանում փաստվեց խտրականության և ատելության խոսքի հրահրման փաստը, դա արդեն առաջընթաց է մեր հանրապետության համար ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման տեսանկյունից»:

 

 

Նշենք, որ Եվրախորհրդարանի միջազգային պաշտոնական փաստաթղթերում հոմոֆոբիան դասվում է ռասիզմի, քսենոֆոբիայի, հակասեմիտիզմի շարքին:

 

 

Կարդացեք  թեմայի շուրջ.

 

Վտանգավոր նախադեպ. Խտրականության և ատելության կոչերը՝ «խոսքի ազատություն» են որակվել / քննարկման տեսագրություն

 

 

 

Դիտումների քանակը` 2619

Վերադառնալ վերև