Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Դատարանը շարունակում է քննել «սադիստ սկեսուրի» գործը

Սկեսուրի` Հայկանուշ Միքայելյանի կողմից դաժան ծեծի ու կտտանքների ենթարկված Մարիամ Գևորգյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակված է այս հինգշաբթի: Ընթանում է վկաների հարցաքննություն: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանը:

Ինչպես հայտնի է,  փաստաբանը  մտադիր է բողոքարկել դատավորի գործողությունները, քանի որ, իր կարծիքով, դատավորն ունի կանխակալ մոտեցում:
«Այս պահին մենք դեռ բողոք չենք ուղարկել դատարան, այն քննարկման փուլում է: Քանի որ քննությունն այնպիսի փուլում է, երբ տեղի են ունենում որոշակի գործողություններ, առայժմ չենք ուզում այդ գործողություններն, այսպես ասած, կանգնեցնել, քանի որ տուժողի շահերից էլ է բխում, որ գործի քննությունն իրականացվի հնարավորինս արագ ու արդյունավետ»,-ասաց փաստաբանը, նշելով, որ դատավորի գործողությունները կոնկրետ իր նկատմամբ են եղել:
Փաստաբանի խոսքով, գործը քննող դատավոր Արմեն Բեկթաշյանը քննության ընթացքում անհարկի հիշեցնում է, որ իրենք բողոքարկել են դռնփակ դատավարություն իրականացնելու դատարանի որոշումը, անընդհատ ասում է, ինչու ակցիա իրականացրեցիք նախագահական նստավայրի դիմաց, ինչու բողոքարկեցիք, ինչու եք փորձում նման ձևերով տուժողի շահերը պաշտպանել:

 

«Մենք ունենք նման իրավունք, իսկ ինքը փորձում է ճնշում իրականցնել, որպեսզի մենք մեր իրավունքից չօգտվենք»,-ասաց Նոնա Գալստյանը, ավելացնելով, որ դռնփակ որոշումը բողոքարկել են նաև Վճռաբեկ դատարանում, դեռ պատասխան չկա:

 

Նոնա Գալստյանը պատրաստվում է նաև առանձին հոդվածով պատասխանել Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին, ով  վերջերս հայտարարել էր մամուլում, թե դատարանի շենքի առաջ ու այլ վայրերում Մարիամի գործով բաց դատավարության, արդար քննության պահանջով անցկացվող ակցիաների կազմակերպումն ու իրագործումը ոչ միայն իմաստազուրկ է, այլ նաև որոշ դեպքերում կարող է դիտարկվել որպես դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու միջոց: «Էլ ավելի ցավալի է» այն, որ նման միջոցառումների կազմակերպիչներից են նաև փաստաբանները», –  դժգոհություն էր հայտնել  պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Մարիամ Գևորգյանի հայցը քննվում է Վայով Ձորի և Արարատի ընդհանուր իրավասության դատարանում: Սկեսրոջ` ամբաստանյալի ու մյուս հարսի` տուժողներից մեկի միջնորդությամբ դատական նիստերն անցկացվում են դռնփակ: Մարիամն ու իր փաստաբանը, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները պահանջում են դռնբաց դատավարություն` հիմնավորելով, թե այդ դեպքում գործը հասարակական հնչեղություն կստանա, դատարանն էլ արդար որոշում կկայացնի:

 

 

Մարիամի սկեսուրին՝ Հայկանուշ Միքայելյանին սոցիալական ցանցերում «սադիստ սկեսուր» են անվանում: Նա, ինչպես հայտնի է,   հարսին խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ: Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և կտտանքների են ենթարկել:

 

 

Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:

 

 

Ըստ գործի նյութերի, Մարիամ Գևորգյանը սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, առանձին դաժանությամբ, սիստեմատիկաբար դիտավորությամբ հարվածներ է հասցրել, պատճառել ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ: Քաշել է մազերը, պատառաքաղով և եղունգներով ծակծկել է նրա մարմնի տարբեր մասերը, ձեռքերով, ոտքերով, փայտյա գրտնակով, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, կրակայրիչով, հարթուկով վառել մարմնի տարբեր մասերը, բռնի ուժով բացել է բերանը, աղ լցրել, պատճառելով առողջությանը միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող` ձախ ծղիկոսկրի ստորին երրորդականի փակ կոտրվածքի, աջ ձեռքի 5-րդ մատի հիմային ֆալանգի փակ կոտրվածքի, գլխի ճակատային շրջանի և ձախ ականջախեցու սալջարդ վերքերի, ցայլքի և ձախ աճուկային շրջանի արյունազեղման, ձախ բազկի և ձախ կրծքագեղձի կտրած վերքերի, աջ ձեռնաթաթի կտրած ծակած վերքի, ձախ նախաբազկի ծակած վերքերի, կրծքագեղձերի, ձախ նախաբազկի, իրանի գոտկային և որովայնի շրջանի այրվածքների ձևով մարմնական վնասվածքներ»:

Աղբյուրը` Panorama.am

Կարդացեք  նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Մերս քեզ ինչ անում ա, դեռ քիչ ա, ավելի շատ պիտի ծեծի»…

 

ՀԿ-ները պահանջում են Մարիամ Գևորգյանի գործով դռնբաց դատավարություն

 

 

Նոր հանգամանքներ սկեսուրի գործում. ծեծված հարսին նախկին ամուսնու հետ են տեսե՞լ

Դիտումների քանակը` 4696

Վերադառնալ վերև