Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Դինամիկան դրական է, բայց աճի տեմպերն ու մասշտաբները չի կարելի բավարար կոչել»…

Հայաստանի նորընտիր խորհրդարանում 19 կին  ընտրվեց: Նախորդ գումարման համեմատությամբ մեզանում այս անգամ, կարծես, դրական դինամիկա կա, սակայն  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդական  առաքելության վերջնական, ամփոփիչ զեկույցի գնհատականներով  դա  չի համապատասխանում կին թեկնածուների համար հավասար հնարավորությունների փաստացի ապահովման  վերաբերյալ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին: Այս հարցի շուրջ  մենք զրուցում ենք   սոցիոլոգ,  փիլիսոփայաան գիտությունների  թեկնածու  Վլադիմիր Օսիպովի հետ: 

 

–  Ձեր կարծիքով,  արդյոք  կարելի է բավարար  գնահատել  կանանց ներկայացվածության մասով  ԱԺ ընտրություններում արձանագրված արդյունքը:

 

– Իրոք, խորհրդարանում այժմ 19 կին կա, այսինքն` կանանց ներկայացվածությունը 10%-ից աճել է մինչև 18%: Անշուշտ, դինամիկան միանշանակ դրական է և անհնար է դա չտեսնել, սակայն ցանկալի է մտածել այն մասին, թե որքանով է այն համադրելի մեծ տարածաշրջանում` Եվրոպայում և ամբողջ աշխարհում գոյություն ունեցող միտումների հետ: Այլ խոսքով, արդյո՞ք  մենք պետք է  սահմանափակվենք միայն ներկայիս կազմը նախորդի հետ համադրելով,  արդյո՞ք արջանագրված դինամիկան բավարար  է ու  այս ոլորտում բավարար առաջընթաց է ձեռք բերվել: Իմ կարծիքով` այս հարցին միայն բացասական կարելի է պատասխանել, քանի որ եթե նույնիսկ համադրելու լինենք ամբողջ աշխարհի երկրները, ապա կտեսնենք, որ Եվրոպայի երկրներում, օրինակ` խորհրդարանում կանանց միջին ներկայացվածությունը կազմում է 26-27%, Մեքսիկայում, Սենեգալում, Ֆինլանդիայում այս ցուցանիշը ավելի քան 40% է, իսկ առաջին տեղը զբաղեցնում է Ռուանդան, որտեղ խորհրդարանականների 61,3%-ը կանայք են: Ազգային ժողովի նախորդ կազմի համեմատությամբ խզումը, իհարկե, կրճատվել է, սակայն ոչ այնքան, որ խորհրդարանում կանանց ներկայացվածությունը բավարար համարվի, և ոչ միայն Հայաստանի համար, այլև իրեն ժողովրդավարական համարող կամ ժողովրդավարական բարեփոխումների ուղին բռնած ցանկացած երկրի համար: Այսինքն, եթե համադրում ենք Հայաստանի և աշխարհի միջինացված տվյալները, ապա տեսնում ենք, որ մեր հետ մնալը շարունակում է  մտահոգիչ  լինել  և հարկ է ինչ-որ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

 

Իսկ ինչ կասեք   ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդական  առաքելության վերջնական, ամփոփիչ զեկույցում  հիշատակված   կանանց ներկայացվածության  վերաբերյալ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների մասին…

 

– Հիշեցնեմ, որ դեռ 2003-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունեց հայտնի հանձնարարականը, որը մինչ օրս ուժի մեջ է   և որը հանձնարարում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցություն քաղաքական և հասարակական ոլորտում: Հանձնարարականի հավելվածում հստակ խոսվում է, որ սեռերից մեկի ներկայացվածությունը չպետք է 40%-ից ցածր լինի: Հայաստանի կառավարությունը կողմ է քվեարկել այս հանձնարարականին և միշտ քվեարկում է միջազգային կազմակերպությունների համանման հանձնարարականների օգտին: Հիշեցնեմ նաեւ, որ դեռ 2000-ականների սկզբին «Հազարամյակի զարգացման նպատակներ» ծրագրի համատեքստում Հայաստանի կատավարությունը պարտավորվել է ապահովել կանանց ներկայացվածությունը խորհրդարանում և կառավարությունում 25% և ավելի բարձր մակարդակի վրա, իսկ ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմում  կանայք պետք է ներկայացված լինեին 10%-ից ոչ պակաս: Սակայն 2015 թ. ՀԶՆ-ի իրացման ամփոփիչ զեկույցում ՀՀ կառավարությունը ստիպված եղավ  արձանագրել, որ իր իսկ կողմից  նշված  նպատակները ձեռք չեն բերվել: Այլ խոսքով, 15 տարվա ընթացքում Հայաստանը չի կարողացել արձանագրել գոնե բավարար արդյունք` սեփական կառավարության սահմանած նշաձողին հասնելու հարցում, ու թեև դինամիկան, կրկնում եմ` դրական է, սակայն տեպն ու մասշտաբները չի կարելի բավարար կոչել: Եվ սա լուրջ առիթ է թե´ կառավարության և թե´ քաղաքացիական հասարակության համար` մտածելու նոր ռազմավարությունների և նոր ծրագրերի մասին, որոնք կներառեն իրավիճակի դրական փոփոխության հասնելու ավելի արդյունավետ միջոցներ: Առավել ևս, որ աշխարհն առաջ է շարժվում, և 2015-ին ՄԱԿ-ի ընդունած Կայուն զարգացման նպատակների շրջանակներում սահմանված է զարգացման գործընթացներում կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցության նշաձող` 50/50:

Ձեր գնահատականով,  որքանո՞վ աշխատեց քվոտան խորհրդարանական ընտրություններում:

 

– Իմ կարծիքով` քվոտաներն անշուշտ աշխատեցին: Ի դեպ, քվոտաներն, իրականում,  խորհրդային նոու-հաու են, դա սովետական մոդել էր, որն ընդունվեց բազմաթիվ արևմտյան երկրներների կողմից, քանի որ ցուցադրել էր իր արդյունավետությունը: Եվ արդեն անկախ Հայաստան քվոտան , ըստ էության,   վերադարձավ Արևմուտքից: ՀՀ Ընտրական օրենսգիքով այս տարվա ընտրություններում  ամրագրվել էր  25% քվոտա կանանց համար, սակայն դա վերաբերում է միայն  կուսակցական ցուցակներին և չի նշանակում, որ այսկերպ ապահոված կլինի  կանանց 25% ներկայություն խորհրդարանում, ինչի մասին էլ վկայում են անցկացված ընտրությունների արդյունքները: Դինամիկան ցույց է տալիս, որ քվոտաներն  իրենց դերն ունեցել են և պետք է ասել, որ կանանց աջակցման այդ միջոցը  արժանացել է  ոչ միայն հասարակության աջակցությանը, ինչը շատ կարևոր է, այլև քաղաքական ուժերի, որոնք վաղուց արդեն չեն առարկում քվոտաների  դեմ, և նույնիսկ  եթե վեճեր են առաջանում, ապա միայն տոկոսների շուրջ` 25%-ն արդեն իսկ ընդունելի է համարվում, իսկ 30% -ն ընդունելի կլինի 2021 թ.-ից:

Ասեմ, որ անցյալ տարի մենք ՄԱԲՀ-ի հայաստանյան  գրասենյակի նախաձեռնությամբ  սոցիոլոգիական ուսումնասիրություն անցկացրեցինք «Տղամարդիկ և գենդերային հավասարությունը Հայաստանում», և հարցվածների մեծ մասը կողմ էր քվոտաներին: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 63,3%-ը միանշանակ աջակցում է քվոտաներին, համարում դրանք ճիշտ, ընդ որում, թե´ կառավարության մակարդակով և թե´ տեղական ինքնակառավարման համակարգում և այլն: Քվոտաներին դեմ հանդես եկավ ընդամենը 32%-ը, մնացածները կա´մ չգիտեին, կա´մ դժվարացել էին պատասխանել: Քվոտաներին կողմ հանդես եկող հարցվածների շրջանում կանանց տոկոսը իհարկե բարձր է. փաստացի  67%, այն դեպքում, երբ տղամարդիկ ընդամենը 59% են: Շատ հետաքրքիր է, որ հարցվածների 67%-ը աջակցում է քվոտաների ներդրումը ոչ միայն քաղաքական մակարդակում, այլ նաև բիզնեսում. կին հարցվածների շրջանում դրա կողմնակիցները` 70% են, տղամարդկանց շրջանում` 61,5%: Կարծում եմ, որ այս արդյունքը  ցույց է տալիս, որ հասարակությունը գիտակցում է խնդիրը, հարցվածների մեծ մասը հակված է ճանաչելու որոշումների ընդունման մակարդակում կանանց ներկայացվածության խնդիրը, հասկանում է, որ կանանց ներուժը չի օգտագործված: Սա առավել ակնհայտ է այն տեսանկյունից, որ բարձրագույն կրթությամբ կանանց թիվը  Հայաստանում  ավելի  բարձր է քան տղամարդկանց,  ու այդ ներուժի  հավուր պատշաճի չօգտագործելը, մեղմ ասած, անհեռատես է:

 

Ժամանակին, երբ ընդունվում էր նոր Ընտրական օրենսգիրքը, քննադատություն էր հնչում տարածքային կամ բաց ցուցակների ներդրման առնչությամբ, շատերը կանախատեսում էին, որ դրանք կհանգեցնեն կանանց մեկուսացմանը: Դատելով այն փաստից,  որ տարածքային ցուցակներով խորհրդարան է անցել միայն երկու  կին, կարելի է  ասել, որ  մտավախություններն անհիմն չէին:

 

– Միանգամայն հասկանալի է, թե ինչու ներդրվեցին այդ տարածքային ցուցակները. սա բոլորին է հասկանալի: Անվիճելի է, որ կանայք այս կարգի «մրցումներում» պարտվում են: Սա հավասար պայմաններով մրցակցություն չէ, և ընդհանրապես, ես կարծում են, որ տարածքային ցուցակները անցյալի մնացուկ են, սակայն ելնելով կոնկրետ քաղաքական շահերից և, այսպես կոչված այսօրվա պահանջներից, սա կիրառվեց: Թեև, կրկնում եմ, սա խորհրդարան ձևավորելու լավագույն միջոցը չէ, առավել ևս, որ դրանց կիրառումը զգալիորեն նվազեցրել է կանանց ներկայացվածության տոկոսը:

 

 

Հաճախ ենք լսում,  որ քվոտաներն արհեստական քայլ են, որ նրանք ,  ըստ էության,  չեն լուծում  խորհրդարանում կանանց իրական ռեսուրսի ներկայության խնդիրը: Այսինքն` թվաքանակն ապահովվում է, սակայն ոչ որակը: Ինչպես՞ է հնարավոր լուծել այս խնդիրը:

 

– Այս կարգի առարկությունները նոր չեն և դրանք հնչել են դեռ 50-60-ական թվականներին, երբ ասում էին, թե կանայք խորհրդարանում խնդիր չեն լուծում և այլն: Նախ` տարրրական արդարությունը ստիպում է պատասխան հարց ձևակերպել. իսկ ի՞նչ է, բոլո՞ր տղամարդիկ ապահովում են ընդունվող որոշումների որակը կամ համապատասխանում են այն բարձր պահանջներին, որոնք ներկայացվում են խորհրդարանի անդամին: Սա իրական կյանք է, մարդիկ ընտրում են նրանց, ում ուզում են կամ ում նրանց հուշում են, որ պետք է ընտրել. իրողություններն այնպիսին են, ինչպիսիք կան, և ես որակի առումով քննադատությունը չէի կենտրոնացնի բացառապես կանանց վրա: Սակայն հարցի էությունն այլ է: Խոսքն այն մասին է, որ գոյություն ունի ֆորմալ մոտեցում, և գոյություն ունի բովանդակային մոտեցում, սակայն առաջին փուլում շատ կարևոր է խորհրդանշական ներկայացվածությունը. գլխավորը, որ կանայք ներկայացված լինեն: Իսկ հաջորդ փուլում արդեն կարևոր է կանանց բովանդակային ներկայացվածությունը:

 

 

– Կառավարությունը շարունակ հայտարարում է այն մասին, թե գենդերային հավասարության առումով Հայաստանում առաջընթաց է գրանցել: Արդյո՞ք Ձեր կարծիքով այդպես է:

 

– Եթե խոսում ենք ֆորմալ կողմի մասին, ապա, այո´, որոշակի առաջընթաց կա: Հայաստանն ընդունել է գենդերային քաղաքականության պետական հայեցակարգ, բազմիցս անցկացվել և իրականացվել են տարբեր ծրագրեր, 2013-ին ընդունվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորություններ ապահովման մասին» ՀՀ օրենքը, այժմ մշակվում է այդ ուղղությամբ  2017-2021 թթ. գործողությունների ծրագիրը, իսկ  կես տարի առաջ Հայաստանն իր զեկույցը ներկայացրեց CEDAW-ի կոմիտեին այն մասին, թե ինչ է արվել Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի իրականացման ուղղությամբ: Այսինքն` ֆորմալ առումով Հայաստանը համապատասխանում է որոշակի չափանիշների, և կարելի է ասել, որ մենք առաջընթաց քայլ ենք կատարել: Սակայն իրական քաղաքականության մեջ մենք տեսնում ենք, որ դա ամենևին էլ այդպես չէ, և խոսքը միայն կառավարման կամ տնտեսական հատվածում կանանց ներկայացվածության մասին չէ, այլ այն մասին, որ կառավարության վերջին փաստաթղթերում չի օգտագործվում «գենդեր» հասկացությունը: Իսկ ինչպե՞ս է հնարավոր իրականացնել գենդերային հավասարության քաղաքականությունը, եթե մենք այդ եզրը չենք կիրառում: Ընդհանուր առմամբ, իրական կյանքում բազմաթիվ պարամետրերով հետընթաց կա, այսինքն` մեզանում  բազմաթիվ խնդիրներ կան գենդերային հավասարության ոլորտում, որոնք պետք է լուծվեն ոչ միայն թղթի վրա, իսկ դա լրջագույն գործընթաց է:

 

Զրուցեց Լիա Խոջոյանը

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Կուսակցությունները պետք է ավելացնեն կին թեկնածուների թիվը

 

Ջեմմա Հասրաթյան. «Պետք է հստակ գիտակցենք, որ քվոտաները ժամանակավոր միջոց են»

 

մեկ կին մանդատ ստացավ/ ինֆոգրաֆիկա

 

  Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 23.4% է

 

 Լույս է տեսել «Կինը եւ քաղաքականությունը» թերթի նոր համարը

 

 «Կանանց օրակարգը» շարունակում է ուժի մեջ մնալ. ուղերձ նորընտիր պատգամավորներին 

 

Դիտումների քանակը` 394

Վերադառնալ վերև