Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Դու հզոր ես ու  կարող ես աշխարհը գրավել».  հայտնի են  «Տեխնովացիա Հայաստան 2018» մրցանակակիրները

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվորեն զարգանում է բջջային հավելվածների մշակման ոլորտը, ընդ որում ստեղծվող  խաղերն ու կրթական ծրագրերը  նախատեսված են ոչ միայն տեղական շուկայի, այլև արտասահմանյան օգտատերերի համար: Սակայն  ամենակարևորն այն է, որ այդ հավելվածներից շատերը ստեղծում են դպրոցականները, և դրան մեծապես նպաստում է  «Տեխնովացիա Հայաստան » մրցույթը:  

 

 

Տեխնովացիան (Technovation) աշխարհի տեխնոլոգիական ձեռներեցության խոշորագույն մրցույթ է 10-18 աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգևորել և հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում` լուծելով իրենց համայնքների խնդիրները, ստացած ձեռներեցության և տեխնոլոգիական գիտելիքների միջոցով: Երկրորդ տարին է ինչ Հայաստանը մասնակցում է այս ծրագրին: 2017 թվականին առաջին անգամ մասնակցելով, ունեցանք հաջողված պատմություն՝ Կարբի գյուղի դպրոցի «Մեկ քայլ առաջ» աղջիկների թիմը իր «Հայկական ժեստերի լեզու» հավելվածով կրթություն անվանակարգում ստացավ գլխավոր մրցանակ և հրավիրվեց Սիլիկոնյան հովիտ մասնակցելու միջազգային մրցանակաբաշխությանը, որտեղ արժանացավ «Ժողովրդի ընտրություն» մրցանակին։

 

 

Այս տարվա  «Տեխնովացիա Հայաստան 2018» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ  հունիսի 7-ին: Այն  կազմակերպվել էր  Կրթության ազգային ինստիտուտի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից :  

 

 

«Տեխնովացիա Հայաստան 2018» ծրագրին մասնակցել է 398 աշակերտուհի, 94 մենթոր, ձևավորվել է  90 թիմ, որից հայաստանյան եզրափակիչ փուլ են դուրս եկել 49 թիմ՝ 16-ը Երևանից, 33-ը՝ մարզերից: «Տեխնովացիա-Հայաստանյան 2018» մրցույթին մասնակցած 49 թիմերը մայիսի 11-ին, 17-ին, և 18-ին ժյուրիին են ներկայացրել իրենց կողմից ստեղծած բջջային հավելվածները,  և առցանց գնահատման արդյունքում որոշվել են հաղթող թիմերը: Հաղթողներ դարձան չորս ավագ և երեք կրտսեր թիմեր: Նրանք ուղեգիր ստացան մասնակցելու միջազգային փուլին, որը տեղի կունենա  օնլայն տարբերակով մինչև հունիսի 17-ը:  

 

 

«Տեխնովացիա Հայաստան 2018» ծրագրի  տարածաշրջանային դեսպան Նարինե Աբազյանը նշեց,  որ հաղթող թիմերը ներկայացրել են մի շարք հավելվածներ, որոնք վերաբերում են համայքներում զբոսաշրջության  զարգացմանը, տրանսպորտային խնդիրների լուծմանը, դպրոցականների շրջանում անգլերեն լեզվի ուսուցմանը: Դպրոցականները նաև ստեղծել են բջջային հավելված, որը աուտիզմ ունեցող  երեխաներին հնարավորություն է տալիս ավելի հեշտ հաղորդակցվել  մարդկանց հետ:

Կրթության ազգային ինստիտուտի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Ռուզաննա Ստեփանյանը կարևորելով դպրոցներում  նման մրցույթների անցկացումն՝ ասաց, որ նախորդ տարի, երբ առաջին անգամ էին կազմակերպում այս ծրագիրը, լուրջ կասկածներ ունեին, որ այն հաջողություն կունենա: Սակայն Արագածոտնի մարզի Կարբի համայնքի աղջիկներից բաղկացած «Մեկ քայլ առաջ» թիմի հաղթանակը ցույց տվեց, որ դպրոցական աղջիկները կարող են լուրջ հաջողություններ ունենալ ոչ միայն հայրնենիքում, այլև երկրի սահմաններից դուրս: 

 

 

Նրան հատկապես ոգևորում է այն փաստը, որ Հայաստանում աղջիկները հետաքրքրվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով և ավելին` երիտասարդ տարիքից արդեն իսկ նպատակադրվել են իրենց ապագան կապել հենց այս ոլորտի հետ:

 

 

Ռուզաննա Ստեփանյանը նշեց, որ աղջիկները դասընթացների ժամանակ սովորում են ոչ միայն բջջային հավելվածներ ստեղծել, այլև ինքնավստահություն են ձեռք բերում ։ «Բնականաբար, սկզբնական շրջանում նրանք չեն էլ պատկերացնում, որ արդյունք կունենան, բայց երբ նրանց սովորեցնում ես, ասում եմ՝ դու հզոր ես, դու կարող ես աշխարհը գրավել, նրանք հավատում են դրան։ Մենք պետք է երեխաներին ասենք, որ իրենք կարող են և դրանով շատ ավելի մեծ արդյունքներ կունենանք»,- ասաց նա:

 

 

Երևանի 142 ավագ դպրոցի թիմը ներկայացրել է «Learning» բջջային հավելվածը, որը նախատեսված է անգլերեն սովորելու համար։ Աղջիկների ստեղծած հավելվածը հաղթել է հայաստանյան մրցույթում: Աղջիկները խոստովանում են, որ երբեք չեն մտածել՝ կարող են բջջային հավելված գրել, ավելին, հաղթել:  Այս հաղթանակից հետո նրանք հույս ունեն, որ միջազգային փուլում ևս կհաղթեն:

 

 

Խմբի աղջիկները պատմում են, որ  իրենց նպատակն էր 8-11 տարեկանների համար գրել մի ծրագիր, որ երեխաներին հնարավորություն կտար հեշտությամբ սովորել օտար լեզուն: «Գրեցինք  մի ծրագիր, որ բաղկացած է խաղերից : Երեխաները խաղերի միջոցով կարողանան հեշտությամբ տիրապետել անգլերեն լեզվին: Այսինքն՝ նրանք և կխաղան, և կսովորեն»,- ասացին թիմի աղջիկները:

 

 

 Նրանք սրանով չեն  սահմանափակվելու. որոշել են, որ այն շարունակություն է ունենալու: «Փորձում ենք նաև երկրորդ տարբերակը մշակելը: Այդ հավելվածից  արդեն բոլորն էլ կօգտվեն: Եթե առաջին տարբերակը նախատեսված է  սկսնակների համար,  երկրորդ տարբերակը կլինի ավելի բարձր մակարդակի անգլերենի համար»,- նշեց Անահիտը:

 

 

Վերջինիս նաև ասաց, որ մասնագիտական կողմնորոշման համար այս դասընթացներն իր համար  մեծ նշանակություն են ունեցել. «Արդեն որոշել եմ, որ ծրագրավորող եմ դառնալու: Իմ ապագան տեսնում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»:  

 

 

Նշենք, որ «Տեխնովացիա Հայաստան 2018 ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագրի համագործակցությամբ: Մրցույթին աջակցում և հովանավորում են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Յունիքոմփ ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը:

 

Մ.Մարգարյան

 

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Կին նորարարներ». լույս է տեսել մեր թերթի նոր համարը

 

«Տեխնովացիոն մարտահրավերներ Հայաստան 2018».  քաջարելով աղջիկ նորարարներին դեպի նոր հաղթանակներ

 

 «Մենք փորձեցինք քայլ առաջ անել». Կարբի գյուղի աղջիկների հաղթանակի գաղտնիքը

 

 Բջջային հավելված հեղինակած հայ աշակերտուհիների թիմը ԱՄՆ-ում մրցանակի է արժանացել

 

 Հայ աղջիկները կներկայացնեն իրենց նորարար բջջային հավելվածը Սիլիկոնային հովտում

 

Դիտումների քանակը` 1429

Վերադառնալ վերև