Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Դպրոց չհաճախող երեխաների թվի նվազեցման հարցում առաջընթաց չկա . ՅՈՒՆԻՍԵՖ

Դպրոցական տարիքի երեխաների 11.5 տոկոսը կամ 123 միլիոնը կրթություն չի ստանում: Տվյալ ցուցանիշը 2007թ. -ի դպրոց չհաճախող երեխաների 12.8 տոկոսի կամ 135 միլիոնի հետ համեմատելիս՝ հասկանալի է դառնում, որ դպրոց չհաճախող 6-15 տարեկան երեխաների տոկոսի գրեթե զրոյական նվազում է գրանցվել, նշվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում  է, որ համատարած աղքատության, երկարատև հակամարտությունների և մարդասիրական ճգնաժամերի հետևանքով դպրոց չհաճախող երեխաների ցուցանիշը զգալիորեն աճել է՝ միևնույն ժամանակ կոչ անելով ներդնել խոցելի երեխաներին դպրոցից դուրս մղող պատճառների լուծմանն ուղղված խոշոր ներդրումների օգտին:

 

«Բնակչության աճին զուգահեռ դպրոցների և ուսուցիչների թվաքանակի ավելացմանն ուղղված ներդրումները բավարար չեն: Ներկա մոտեցումը չի նպաստի առավել խոցելի երեխաների դպրոց հաճախելուն և իրենց ողջ ներուժին հասնելուն, քանի դեռ նրանք շարունակում են ապրել աղքատության, զրկանքների և ոչ անվտանգ միջավայրում», -նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ջո Բուրնեն (Jo Bourne):

 

«Կառավարությունները և համաշխարհային հանրությունը իրենց ներդրումները առաջին հերթին պետք է ուղղեն այս երեխաներին դպրոց գնալ արգելող գործոնները վերացնելուն, այդ թվում՝ դարձնելով դպրոցներն առավել անվտանգ և բարելավելով ուսուցման որակը»:

 

Աշխարհի ամենաաղքատ երկրներում և հակամարտության գոտիներում ապրող երեխաներն առավել շատ են տուժում: Դպրոց չհաճախող 123 միլիոն երեխաների 40 տոկոսը բնակվում են պակաս զարգացած երկրներում, իսկ 20 տոկոսը՝ հակամարտության գոտիներում:

 

Պատերազմը շարունակում է սպառնալ և հակադարձել կրթության ձեռքբերումներին: Իրաքի և Սիրիայի հակամարտությունների հետևանքով ևս 3.4 միլիոն երեխա զրկվել է կրթությունից՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դպրոց չհաճախող երեխաների թիվը հավասարեցնելով 2007թ. -ի՝ դպրոց չհաճախող գրեթե 16 միլիոն երեխաների թվաքանակին:

 

Ենթասահարյան Աֆրիկան և Հարավային Ասիան, աղքատության բարձր մակարդակով, բնակչության արագ աճով և կրկնվող արտակարգ իրավիճակներով, կազմում են դպրոց չհաճախող համաշխարհային կրտսեր և հիմնական դպրոցական տարիքի երեխաների 75 տոկոսը:

 

Եթովպիան և Նիգերիան, որոնք աշխարհի ամենաաղքատ երկրների ցանկում են, նախորդ տասնամյակի ընթացքում կրտսեր դպրոցական տարիքի երեխաների կրթական համակարգում ներգրավվածության առավելագույն առաջընթաց են արձանագրել՝ գրանցելով համապատասխանաբար 15 և գրեթե 19 տոկոս աճ:  

 

Անբավարար ֆինանսավորումը սպառնում է հակամարտության և աղետի գոտիներում ապրող երեխաների դպրոց հաճախելուն: Միջինում համաշխարհային մարդասիրական օգնության գրեթե 2.7 տոկոսն ուղղված է կրթությանը: 2017թ.-ի առաջին 6 ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ին տրամադրվել է արտակարգ իրավիճակներից տուժած երեխաների կրթությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսավորման միայն 12 տոկոսը: Անհրաժեշտ է անհապաղ առավել շատ միջոցներ տրամադրել համակարտությունների աճող թիվը վերացնելու, ինչպես նաև՝ երեխաներին իրենց արժանի կյանք ու հնարավորություններ ընձեռելու համար:

 

«Ուսուցումը ոչ միայն կարճաժամկետ օգնություն է աղետի գոտիներում ապրող երեխաների համար, այլ նաև՝ նշանակալի երկարաժամկետ ներդրում՝ ուղղված հասարակությունների զարգացմանը:  Սակայն, կրթության մեջ կատարվող ներդրումները չեն համապատասխանում մեր անկայուն աշխարհի իրականությանը: Այդ իսկ պատճառով մենք պետք է անկանխատեսելի արտակարգ իրավիճակների համար հավաքագրենք կրթությանն ուղղված առավել իրատեսական ֆինանսավորում », – նշեց Բուրնեն:

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

2014 թ.-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Լոռու մարզում փորձնական ծրագիր է իրականացրել, որի արդյունքում միայն այս մարզում բացահայտվել էր դպրոց չհաճախող 228 երեխա: Ամենամեծ խումբը կազմում էին 6-ից 8 տարեկան երեխաները, որոնք դեռևս չէին ընդունվել առաջին դասարան: Եվս 16 երեխա՝ 9-ից 16 տարիքային խմբում նույնպես չէին ընդունվել և չէին հաճախում դպրոց:

 

Այս փորձնական ծրագրի արդյունքում հաջողվել էր բացահայտել, որ երեխաների որոշ մասը կրթություն չի ստանում մի շարք համալիր և մասնակի համընկնող գործոնների պատճառով:

 

Հիմնվելով Լոռու մարզի փորձնական ծրագրի արդյունքների վրա և տեղական փորձագետների խորհրդատվությամբ, դպրոցից դուրս մնացած երեխաների կամ դուրս մնալու վտանգի տակ գտնվող երեխաների բացահայտման կամ վաղ ազդարարման համակարգ ներդնելու անհրաժեշտություն է առաջացել: Այդ նպատակով որոշում է կայացվել կիրառել դպրոցների տեղեկատվական բազայի հնարավորությունը:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետների առաջարկով և միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում ԿՏԱԿ-ին առաջարկվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ստեղծել դպրոց չհաճախող երեխաների հայտնաբերման և արձագանքման էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա իրականացնել բացակայությունների մշտադիտարկում, ժամանակին ազդարարել դպրոց չհաճախող երեխաների մասին:

 

Համակարգը ստեղծվել է 2016 թվականին՝ նպատակ ունենալով ոչ միայն բացահայտել այլ նաև ինտեգրված և կայուն մոտեցմամբ արձագանքել դպրոց չհաճախող կամ դպրոցից դուրս մնացած երեխաների խնդրին: 2017թ. սեպտեմբերին նախատեսվում է ծրագրի փորձարկումը Լոռվա մարզում, քանի որ մարզում ձևավորվել է միջոլորտային համագործակցության լավ փորձ: 

 

Զուգահեռաբար, ԿԳՆ-ն իրականացնում է տեղեկատվական միջոցառումները ամբողջ հանրապետությունում: Մշակման փուլում է պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և ուղղորդման կարգը, որը նախատեսվում է ներկայացնել կառավարության հաստատամանը 2017թ.-ի նոյեմբերին:

 

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ուսում ստացած աղջիկներ. ինչպես է դասավորվում նրանց հետագա կյանքը

 

Աղքատությունը ՝ դպրոցից դուրս մնալու պատճառ

 

Ճանապարհ դեպի դպրոց. ինչպիսի՞ն է այն Հայաստանում

 

Դպրոց չհաճախող երեխաներ. Աշխարհում և Հայաստանում

 

«Աշխարհում ոչ մի երեխա չպետք է զուրկ լինի սովորելու հնարավորությունից, նույնիսկ պատերազմական պայմաններում». Մալալա Յուսուֆզայ

 

Նպատակ թիվ 4 – Որակյալ կրթություն բոլորի համար

 

Դիտումների քանակը` 246

Վերադառնալ վերև