Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Դպրոց չհաճախող երեխաներ. Աշխարհում և Հայաստանում

Ըստ  ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակված տվյալների, տարրական կրթության հնարավորություն չունեցող երեխաների ամենաբարձր ցուցանիշներով  10 երկրներում յուրաքանչյուր 5 երեխայից 2-ը, այն է՝ 18 միլիոն երեխա, դպրոց չի հաճախում: Տվյալները ներկայացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի  հայաստանյան գրասենյակը: 

 

Սիրիայում 2.1 մլն երեխա դպրոց չի հաճախում

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, տարրական կրթության հնարավորություն չունեցող երեխաների ամենաբարձր ցուցանիշներ ունեցող 10 երկրներում յուրաքանչյուր 5 երեխայից 2-ը, այն է՝ 18 միլիոն երեխա, դպրոց չի հաճախում:

 

Լիբերիայում է ապրում դպրոց չհաճախող երեխաների ամենաստվար զանգվածը, ուր տարրական դպրոցի տարիքի երեխաների գրեթե երկու երրորդը դպրոց չի հաճախում: Երկրորդ տեղում է Հարավային Սուդանը, որտեղ երեխաների 59 տոկոսը զրկված են տարրական կրթություն ստանալու իրենց իրավունքից, և որտեղ 3 դպրոցից 1-ը ճգնաժամի պատճառով չի գործում

 

Հաջորդիվ՝ Աֆղանստանը (46), Սուդանը (45), Նիգերը (38), Նիգերիան (34) տոկոսով դպրոց չհաճախող երեխաներ ունեցող երկրների տասնյակում են՝ հստակ պատկերելով, թե ինչպես են հումանիտար արտակարգ իրավիճակներն ու  ձգձգվող ճգնաժամը պատճառ դառնում, որ երեխաները դպրոց չհաճախեն:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների վերլուծությունը, որ արվել է միլիոնավոր երեխաների՝ սեպտեմբերին դպրոց վերադառնալուն ընդառաջ, ընդգծում է կրթական ճգնաժամի աստիճանը, որ ազդում է, օրինակ, արդեն իսկ հակամարտության մեջ  գտնվող կամ  երկարատև երաշտի, ջրհեղեղների, երկրաշարժերի, ծայրահեղ աղքատության բարձր ցուցանիշ  ունեցող երկրների վրա:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտավախություն ունի, որ առանց կրթության հակամարտության գոտում գտնվող, բնական աղետների և ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների մի ողջ սերունդ կմեծանա առանց անհրաժեշտ ունակությունների՝ իրենց երկրների տնտեսության զարգացման վրա ներգործելու համար՝ վատթարացնելով միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների արդեն իսկ անհույս իրավիճակը:

 

Կրթությունը շարունակում է մնալ հումանիտար աջակցության համար արված կոչերի ամենաքիչ ֆինանսավորվող ոլորտներից մեկը: 2015թ.-ին կրթական կարիքները բավարարելու համար հումանիտար գործակալությունները անհրաժեշտ ֆինանսավորումից ստացել են միայն 31 տոկոս, մեկ տասնամյակ առաջ տրվող 66 տոկոսի դիմաց: Չնայած 2005թ.-ից 126 տոկոսով աճած կրթական պահանջներին՝ ֆինանսավորումն ավելացվել է ընդամենը 4 տոկոսով: Դեռ ավելին,  ձգձգվող հակամարտություններում գործելու հմտություններ ունեցող կրթական համակարգերը չեն կարող կառուցվել կարճաժամկետ և անկանխատեսելի կոչերի հիման վրա:

 

2016թ.-ի մայիսին տեղի ունեցած Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի ընթացքում մեկնարկեց մի նոր համաշխարհային ֆինանսավորման հարթակ՝ «Կրթությունը չի կարող սպասել» խորագրով: Այն կոչված է կանխատեսելի ֆինանսավորման միջոցով կամրջելու ճգնաժամերի ընթացքում հումանիտար միջամտություններն և հաջորդող երկարատև զարգացումները:

 

Սիրիայում (որ դպրոց չհաճախող երեխաների բարձր ցուցանիշ  ունեցող երկրների առաջատար տասնյակում չէ),  դպրոցական տարիքի (5-17 տարեկան) 2.1 միլիոն երեխա կա, որ դպրոց չի հաճախում: Բացի դրանից, դպրոց չեն հաճախում հարևան շրջաններում ապրող ևս 600 000  փախստականի կարգավիճակ ունեցող  երեխաներ:

 

Սոմալիից և Լիբիայից նոր և վստահելի տվյալներ չկան ո՛չ ադմինիստրատիվ, ո՛չ հետազոտական աղբյուրներից,  այնտեղ շարունակվող հակամարտությունների պատճառով նաև:

 

«Հակամարտությունից տուժած երկրներում, դպրոցը երեխաներին զինում է  անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ հակամարտության ավարտից հետո իրենց համայնքները վերակառուցելու համար, իսկ կարճաժամկետ հեռանկարում, այն ապահովում է նրանց այն կայունությամբ և կառույցներով, որ անհրաժեշտ են տրավման հաղթահարելու համար: Դպրոցները կարող են նաև պաշտպանել երեխաներին տրավմաներից և իրենց շրջապատող ֆիզիկական վտանգներից: Երբ երեխաները դպրոց չեն հաճախում, նրանք ավելի շատ են վտանգվում չարաշահման, շահագործման և զինված ուժերի կողմից հավաքագրման», -նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կրթության բաժնի ղեկավար Ջո Բուրնեն (Jo Bourne):

 

Հայաստան. Երբ գալիս է սեպտեմբերը…

 

Դպրոցական զանգն այսօր առաջին անգամ 1430 դպրոցում կհնչի հանրապետության շուրջ 40 հազար առաջին դասարանցու համար, իսկ քանի՞ հոգու համար այն  չի հնչի …

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներով 2015-2016 ուս. տարում   տարրական դասարաններում երեխաների ընդգրկվածությունը` համապատասխան տարիքի երեխաների թվաքանակի համեմատ, կազմել է 91,6 տոկոս: Այսինքն,  Հայաստանում դպրոցահասակ  երեխաներից 8,4 տոկոսը ներկայումս ուսում չի ստանում: Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին դպրոցահասակ երեխաների 99 տոկոսն է  հաճախել  տարրական դասարաններ: Ինչո՞վ է բացատրվում  երեխաների կրթական համակարգից դուրս մնալը, արդյո՞ք պետությունը զբաղվում է նման երեխաների բացահայտմամբ ու նրանց դեպի դպռոց ուղղորդմամբ: Այս հարցերին այսօր հստակ պատասխաններ դեռևս չկան…

 

Վերջին երկու տարում կատարված   ուսումնասիրությունները   ցույց են տալիս, որ երեխաների  դպրոց չհաճախելու պատճառները տարբեր են:  Դրանց թվում են՝ հաշմանդամությունը, ծնողի անպատասխանատու վերաբերմունքը  երեխայի  կրթության հարցին  կամ մշակութային առանձնահատկությունները, լեզվի հետ կապված խնդիրները,  միգրացիան,  ծայրահեղ աղքատությունը կամ անբարենպաստ ընտանեկան հանգամանքները:

 

Օրինակ,  մինչև 18 տարեկան 8000 հաշմանդամություն ունեցող երեխա կա Հայաստանում: Յունիսեֆի տվյալներով,  հաշմանդամություն ունեցող 5 երեխայից մեկը, դպրոց չի գնում, իսկ գյուղական համայնքներում՝ 4-ից մեկը:  Հայաստանում քիչ չեն նաեւ երեխաները, ովքեր  դպրոց չեն գնում՝ պարզապես հագուստ և գրենական պիտույքներ չունենալու պատճառով: Այս տարվա սեպտեմբերի 1-ին ընդառաջ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կողմից  ներկայացված հաշվարկներով՝ մեկ երեխային դպրոց ուղարկելու համար շատ ավելի մեծ գումար է պաահանջվում, քան ընտանեկան նպաստի չափն է:

 

Որոշ երեխաներ ընդհատումներով են դպրոց հաճախում, ինչը  հաճախ տեղի է ունենում ընտանեկան հանգամանքների կամ միգրացիայի պատճառով: Այսօր միգրացիայի  հետեւանքով  Հայաստանի  հատկապես սահմանամերձ համայնքներում  դպրոցներ են փակվում, կամ էլ  արտագաղթի պատճառով առաջին դասարանցիներ չկան:  Որոշ ընտանիքներում դպրոցահասակ երեխաները ստիպված են աշխատել՝ իրենց ընտանիքներին օգնելու նպատակով եւ դպռոց չեն հաճախում այդ պատճառով:

 

Երեխաներից շատերը, հատկապես, մարզերում  ուսումը չեն շարունակում ավագ դպրոցում, քանի որ այն  հեռու է գտնվում: Սովորաբար մի քանի համայնք ունի մեկ ավագ դպրոց, որը հաճախ մի քանի կմ հեռավորության վրա է գտնվում այլ համայնքներում բնակվող դպրոցականների համար, իսկ տրանսպորտի խնդիրը նախ և առաջ գումարի հետ է կապված հետո նաև կան  երեխաների, հատկապես աղջիկների  տեղաշարժման հետ կապված անհանգստություններ: Ըստ վիճակագրական տվյալների,  2015-2016 ուս տարում ավագ դպրոցում աշակերտների համախառն ընդգրկվածության ցուցանիշը  57.9  տոկոս է կազմել: Նշվում է նաև, որ հիմնական դպրոցն ավարտելուց հետո համապատասխան տարիքի բնակչության 15.3%-ն ուսումը շարունակել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Իսկ թե ինչ է անում մնացած 27 տոկոսը հստակ տեղեկատվություն չկա:

 

Մի խոսքով, երեխաների  կրթական համակարգից դուրս մնալու հարցը, ցավոք,   արդիական  է նաեւ Հայաստանի համար… Թեկուզ մեկ երեխա, որ դպրոց չի հաճախում արդեն իսկ խնդիր է  մեր երկրի համար, որի բնակչությունը  մինչ վերջերս   գրեթե 100 տոկոսով գրագետ էր համարվում…

 

Հիշեցնենք,  որ անցյալ տարի   մեզանում  օրենքով ամրագրվեց  տասներկուամյա պարտադիր կրթությունը՝ լինի դա ուսումնարան,  քոլեջ  կամ որեւէ այլ հաստատություն:  Կառավարությունն իր այս  նախաձեռնությունը հիմնավորում էր նրանով,  որ ուզում է   դպրոց վերադարձնել  տարեկան  3-5 հազար երեխաներին, ովքեր  տարբեր պատճառներով  չէին շարունակում իրենց կրթությունը 9-րդ դասարանից հետո…

 

 

 Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Աղքատությունը ՝ դպրոցից դուրս մնալու պատճառ

Ճանապարհ դեպի դպրոց. ինչպիսի՞ն է այն Հայաստանում

Դպրոց չհաճախող երեխաներ. Աշխարհում և Հայաստանում

 

 

Դիտումների քանակը` 789

Վերադառնալ վերև