Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

“Ֆեմինիստական ֆանտազիաները” գրքի հեղինակ ամերիկյան հրապարակախոս Ֆիլիս Շլաֆլին, լինելով պահպանողական հայացքների տեր, հեգնանքով էր նկարագրում այն իրավիճակը, երբ “53 կգ քաշով և 163 սմ հասակ ունեցող աղջիկը կարող է երազել մինչև ծնկները ցեխի մեջ թաղվելու մասին, կապտած շուրթերով, փոշոտ և միայնակ ջունգլիներով թափառելու և այդպիսի պայմաններում տղամարդկանց ջոկատներ ղեկավարելու մասին»: Չէ՞ որ ծառայության այսպիսի պայմանների մասին, հեղինակի կարծիքով,  կարող են երազել միայն իսկական տղամարդիկ…

 

Մեջբերելով այս կարծիքը լեհ լրագրող Մալգոժատա Շվարցգրուբերը փորձում է այն կասկածի տակ դնել,  հիմնվելով այն փաստի վրա, որ այսօրվա բանակնեում    ամերիկուհիները  ղեկավարում են կործանիչներ, նորվեգուհիները` սուզանավեր,  իսկ կանադուհիները ծառայում են հատուկ ստորաբաժանումներում: Սակայն «իսկական կանանց»  այդ ամենին հասնելու համար շատ ժամանակ պահանջվեց, գրում է լրագրողը իր « Ինչպե՞ս են կանայք հարթել դեպի բանակ  իրենց  ճանապարհը» բավականին ուշագրավ հոդվածում:

«Ինչպե՞ս են կանայք հարթել դեպի բանակ  իրենց  ճանապարհը»

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կանայք համալրեցին  ֆրանսիական, չեխական և հունգարական բանակի շարքերը, իսկ Հոլանդիայում և Մեծ Բրիտանիայում ձևավորվեցին կանացի զորամասեր: Սառը պատերազմի առաջին տարիներին Կանադայում, Թուրքիայում, Նորվեգիայում և Դանիայում կանանց թույլատրեցին կատարել օժանդակ առաջադրանքներ, որպեսզի տղամարդիկ կարողանան կենտրոնանալ ռազմականների վրա: Որոշ ռազմական ուժեր (հունական և պորտուգալական) համարձակվեցին իրենց շարքերն ընդունել միայն բուժքույրերի:

Հերթական փոփոխությունները տեղի ունեցան 70-ականներին, երբ կանայք սկսեցին ավելի հետևողականորեն  պահանջել հարգել իրենց քաղաքացիական իրավունքները: Բանակն իր դռները ավելի լայն բացեց Բելգիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Կանադայի և Միացյալ Նահանգների քաղաքացի կանանց համար:

 

 

Միանալով 1952-ին ընդունված  «Կանանց քաղաքական իրավունքների Կոնվենցիային, 1966-ի  Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին, ինչպես նաև 1979-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ¬ի կոնվենցիային  ավելի շատ թվով երկրներ սկսեցին կանանց հնարավորություն ընձեռել զբաղեցնել հանրային պաշտոններ, այդ թվում  ծառայել բանակում:

Եվրոպական համայնքները ընդունեցին հավասար իրավունքների մասին դիրեկտիվները 1976 -ին:  Շատ երկրներում օրենսդրության մեջ տեղի ունեցած փոփոխությունները (70-80-ականներին) կանանց թույլ տվեցին կրթություն ստանալ զինվորական ակադեմիաներում (Դանիայում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Կանադայում և Պիրենեյան թերակղզու երկրներում): Բանակում սկսեցին ծառայել նաև Լյուքսեմբուրգի բնակչուհիները:

 

Բարեփոխումների հերթական ալիքը բարձրացավ 1989 -ին. Բրիտանական զինված ուժերում հաստատվեցին Women`s Services ստորաբաժանումներ, և զինվորական ծառայությունը հավասարապես  հասանելի դարձավ  երկու սեռերին էլ: Հունաստանի բնակչուհիների առջև բացեցին բարձրագույն զինվորական հաստատությունների դռները, իսկ ամերիկուհիներին թույլատրեցին կանանց  կատարել զինավարժությունների մեծամասնությունը:

 

 

                                               

                                                    

 

“Մենք պարզապես կանայք չենք. Մենք Բունդեսվերի կանայք ենք”

 

Այս փոփոխությունները մասամբ բանակի կրճատման և պրոֆեսիոնալիզացման արդյունք էին:  20-րդ դարի երկրորդ կեսի արագ տեխնոլոգիական և արդյունաբերական զարգացումը հանգեցրեց նրան, որ շատ պաշտոններում կարևորվեցին ոչ թե ֆիզիկական ուժը, այլ ունակությունները:

Սկսվեց մասնագետների որոնումը, իսկ այն կանայք, ովքեր ավելի լավ կրթություն ունեին, քան տղամարդիկ, բանակի համար դարձան ավելի արժեքավոր: Բելգիական և կանադական զինված ուժերը նույնիսկ գովազդային արշավներ կազմակերպեցին` կանանց իրենց շարքերը ներգրավելու համար: Իսկ 20-րդ դարի վերջում զինվորական ծառայության անցան նաև իտալուհիները: 2

 

 

2000 -ին ՄԱԿ-ի խորհուրդը կոչ արեց ավելացնել կանանց թիվը բանակում, ինչն էլ իր հերթին կնպաստեր խաղաղության և անվտանգության հաստատմանը: Նույն տարվա աշնանն էլ ընկավ տղամարդկանց բաստիոններից վերջինը. Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը կանանց համար բացեց դեռեւս 1831 -ին ստեղծված Արտաքին Լեգեոնը:

 

2011 -ի հունվարին Եվրոպական Միության դատարանը Հաննովերի 23-ամյա բնակչուհու` Թանի Քրայլի  հայցը վավեր համարեց, ով ապարդյուն փորձում էր իրավունք ստանալ ծառայելու Բունդեսվերում: Դատարանը վճռեց, որ Գերմանիայի Սահմանադրության 12 ա հոդվածը, որն արգելում է կանանց զենքը ձեռքներին ծառայել, խախտում է Եվրամիության սեռերի հավասարությանը վերաբերող օրենսդրությունը: Գերմանուհիներին թույլատրեցին բացի սանիտարական և երաժշտական ոլորտներից նաև զինվորական ծառայության անցնել: Ներկայումս Բունդեսվերի շարքերում ծառայում է գրեթե 17000 կին:

 

 

Լրագրող Անդրեա Յեսկան պրովոկացիոն անվանմամբ իր գրքում “Մենք պարզապես կանայք չենք. Մենք Բունդեսվերի կանայք ենք” նկարագրում է կանանց փորձառությունը գերմանական բանակում: Հերոսուհիներից մեկը, ով մուսուլմանուհի է և ծնվել է Թուրքիայում, բանակում ծառայությունը համարում է իր քաղաքացիական պարտքը:

 

 

Չնայած այն բանին, որ ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերում կանայք տղամարդկանց հետ հավասար ծառայում են, նրանց շատ հազվադեպ են բարձր կոչումներ շնորհում: Այս առումով բացառություն է ԱՄՆ-ը, որտեղ Էնն Դենվուդը 4-աստղանի գեներալ դարձավ: Շատ եվրոպական երկրներում կանայք արժանանում են գնդապետի կոչման, սակայն իգական սեռի բրիգադավար գեներալներ կան Հունաստանում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում:

 

 

    Կանայք մարտական իրավիճակներում 

 

Ամերիկյան բանակը բավականին ֆեմինիզացված է . այնտեղ ծառայում  են 200 000 կանայք: Երիտասարդ ամերիկուհիները առաջին անգամ պատերազմեցին վաղ 90-ականներին: Ըստ Պենտագոնի տվյալների` Իրաքի և Ավղանստանի ամերիկյան զինված ուժերում ծառայել են 28000 կանայք, 144 զոհվել են, ավելի քան 860` վիրավորվել: Լիբիայում ռազմական գործողությունների ժամանակ ամերիկյան հրամանատարների թվում էին նաև կանայք. փոխադմիրալ Մարգարեթ Քլեյնը Միջերկրական ծովում վերահսկում էր Լիբիայի օդային տարածքը ռմբակոծող ինքնաթիռները, իսկ գեներալ-մայոր Մարգարեթ Վուդվարդը պատասխանատու էր Աֆրիկայում ԱՄՆ-ի օդային ուժերի համար:

 

2012 -ի փետրվարին Պենտագոնը հրաման արձակեց, համաձայն որի բանակում կանանց պետք է վստահեն կատարել ավելի պատասխանատու առաջադրանքներ: Առավել հաճախ նրանց արգելվում է մասնակցել հատուկ ստորաբաժանումների գործողություններին, սակայն նրանք կարող են ծառայել հրետանային միավորներոմ, տեղ զբաղեցնել տանկերում և մարտական ամֆիբիաներում:

 

Իսրայելը միակն է այն քիչ պետություններից, որտեղ կանայք նույնպես զորակոչվում են պարտադիր զինծառայության: Այդ երկրում ամեն մի երրորդ զինծառայող կին է, և այսպիսի նշանակալի ներկայացվածությունը համաշխարհային մասշտաբով բացառություն է կազմում: Այստեղ տղամարդիկ ծառայում են 3 տարի, իսկ կանայք` 21 ամիս: Այս պարտականությունից ազատված են ամուսնացած և հղի կանայք, ինչպես նաև այն աղջիկները, ում կրոնը պարզապես արգելում է զենք կրել: Կանայք ծառայում են որպես վարորդներ, բուժքույրեր, հրահանգիչներ և կարգավարներ: Այս ստորաբաժանումները անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, բացառությամբ արտակարգ իրավիճակների, օրինակ պատերազմների: Կանայք մարտական իրավիճակներում չեն ծառայում:

 

Մուտքը սահմանափակ է

 

Ներկայումս կանայք ներգրավված են ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-երկրների   զինված ուժերում, բացի Իսլանդիայից: Տարբեր երկրներում սեռերի տոկոսային հարաբերակցությունը տարբեր է, սակայն կին-զինվորականների թիվն ավելանում է: Մի կողմից սա հասարակական փոփոխությունների արդյունքն է (քաղաքացիական իրավունքների իրականացում, աշխատանքի հավասար հնարավորություններ), մյուս կողմից` հենց զինված ուժերում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքը, որոնք էլ իրենց հերթին ստիպված են լինում հարմարվել նոր մարտահրավերներին և սպառնալիքներին այս գլոբալիզացվող աշխարհում:

 

Առավել դժվար է պայքարել կարծրատիպերի դեմ, որոնք դեռևս առկա են Ալյանսի երկրներում: Շատ երկրներում (մասնավորապես Հոլանդիայում, Լյուքսեմբուրգում, Պորտուգալիայում և Հունգարիայում)  օրենսդրությունը կանանց զինվորական ծառայության մեջ սահմանափակումներ չի մտցնում: Բելգիայում, Դանիայում և Նորվեգիայում կին-զինվորականները կարող են կատարել ցանկացած մարտական առաջադրանք: Սակայն, ամենից  հաճախ նրանց չեն թույլատրում ծառայել սուզանավերում, զրահապատ տանկերում և հատուկ ստորաբաժանումներում: Շատ երկրներում նրանց չի թույլատրվում կատարել ցանկացած զինավարժանք (օրինակ Հունաստանում) կամ էլ որոշ մարտական առաջադրանքներ (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ): Բրիտանական և շվեյցարական բանակները արգելում են կանանց ծառայել այնպիսի պաշտոններում, որոնց հիմնական առաջադրանքը թշնամուն սպանելն է:

 

Մալգոժատա Շվարցգրուբեր

 (“Polska Zbrojna”, Լեհաստան)

http://www.inosmi.ru/world/20120725/195453063.html

Դիտումների քանակը` 5138

Վերադառնալ վերև