Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Եթե դուք լինեիք ավագանու անդամ… կամ քաղաքապետ…

 

Ձեր կարծիքով, որն է Երևանի համար այն  առաջնային, կարևորագույն խնդիրը, որը դուք կբարձրաձայնեիք, եթե լինեիք ավագանու անդամկամ քաղաքապետ… 

Այս հարցով  WomenNet.am-ը  դիմեց  հասարակական սեկտորը ներկայացնող կանանց:

 

 

Լիլիթ Ասատրյան ,

‹‹Երիտասարդ կանանց ասոցիացիա››ՀԿ նախագահ.

« Այսօր մենք չունենք հին Երևան, պատմություն չունենք»…

 

– Երևանի համար կարևորագույն խնդիրն ինձ համար էկոլոգիան է:  Սակայն ի նկատի ունենալով ոչ միայն կանաչ տարածքներ, այլև տրանսպորտի խնդիրը. Երևանում ավելի մեծ չափով գործի էլեկտրական տրանսպորտը, վերականգնվի մեր կորցված տրամվայը: Ամբողջ աշխարհն է այսօր գնում էկոլոգիապես մաքուր երթևեկության միջոցների, հատկապես, որ այն առավել էժան է:

 

 

Կցանկանամ, որ ավագանու խնդիրը լինի հանրային շահ ասվածը, հանրային շահի պահպանումը, ավագանին այսուհետ մտածի նաև հին Երևանի մասին, մենք անընդհատ ասում ենք` նոր, ավելի նոր, ավելի բարվոք, բայց ցավոք այսօր մենք չունենք հին Երևան, որը մեծ խնդիր է: Երբ որ զբոսաշրջիկին, կամ անգամ մեր երեխաներին ուզում ենք ցույց տալ հին Երևանը, ցավոք սրտի, չենք կարողանում, այն գոյություն չունի: Երևանի պատմությունը միայն այսօրով չէ, ես կցանկանայի, որ պատմությունը վերականգնվի և քաղաքը ունենա նաև իր հին մասը, իր հին դեմքը թեկուզ որևէ  թաղամասի տեսքով այն վերագտնի:

 

 

Կցանկանամ, որ նորընտիր ավագանին, անկախ նրանից, որ կուսակցության ներկայացուցիչը կլինի և ինչ թվով ներկայացված կլինի, այն ունենա բազմակարծություն և որոշումները ընդունվեն, ոչ թե միաձայն, այլ իսկապես լինի քննարկումներ և արդյունքում մենք կարողանանք մեր Երևանը ավելի լավն ու գեղեցիկը տեսնել:

 

 

 

Աիդա Թոփուզյան,

Կանանց հանրապետական խորհրդի նախագահ.

«Քաղաքը պետք է հարմար լինի բնակչին»

 

Երևանի համար առաջնային խնդիրներից մեկը ես համարում եմ բնակֆոնդի հարցը: Արդեն մոտ 20 տարի է բնակարային շինարարություն տեղի չի ունենում, իհարկե, կան մասնավոր կառույցներ, սակայն այնպիսի հնարավորություն, որ սովորական աշխատող քաղաքացին կարողանա արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերել, կամ բնակարան ստանալ, այսօր չկա:

 

 

Բնակֆոնդը պետք է անձնագրավորվի, քանի որ 60-ակններից կառուցված շենքերը այսօր դեռ շահագործվում են.. Մենք փոքրիկ հետազոտություն էինք  կատարել, մոտ մի երկու տարի առաջ և պարզել, որ այդ շենքերը վատ վիճակում են գտնվում, վթարային են, չեն նորոգվում և տրամադրված որոշակի գումարներն էլ, ուղղվում են են զուտ կոսմետիկ խնդիրները լուծելու համար:

 

 

Ունենք նաև այս խնդրին զուգահեռ աղբահանության, վերելակների լուրջ խնդիր: Ի վերջո,  մենք պետք է հասկանանք, որ եթե մենք ցանկանում ենք, որ բնակիչը, երևանցին շարունակի ապրել իր քաղաքում, ապա պետք է լուծվեն գոնե այս խնդիրները, քաղաքը պետք է հարմար լինի բնակչին:

 

 

Ջեմմա Հասրաթյան,

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ.

«Ամենաքաղաքակիրթ քաղաքն էլ  մեծ գյուղ կդառնա , եթե…»

 

– Ես, որպես ավագանու անդամ,  կհավաքագրեի բոլոր այն  պատվիրանները, որ հնչեցրել է բնակչությունը նախընտրական հանդիպումների ընթացքում, կմշակեի դրանք իրականացնելու համար քայլերը, կբարձրացնեի այդ հարցերը ավագանու նիստում եւ  կփորձեի համոզել իմ բոլոր գործընկերներին միանալ ինձ: Կարծում եմ, ավագանում ընտրվող յուրաքանչյուր անձ պետք է զգա այդ պատասխանատվությունը և այդ ուղղությամբ աշխատի, քանի որ քաղաքացին չի ընտրում, որպեսզի նրանք ավագանիում իրենց համար ինչ- որ հարցերի լուծումներ տան.. Նրանք այնտեղ են, որ բնակչության կողմից հարցերը ընթացք ստանան:

Երևանի համար գլխավոր խնդիրներից մեկը այսօրվա մեր քաղաքի աղավաղված ճարտարապետական դեմքն է: Յուրաքանչյուր քաղաք ունի իր գլխավոր հատակագիծը,  իսկ երբ ամեն մեկը, իր շահերից ելնելով, փոխում է այդ հատակագիծը, ամենաքաղաքակիրթ քաղաքն էլ դառնում է մեծ գյուղ: Հիմա մենք նման Երևան ունենք, որտեղ խախտվել է ամբողջ քաղաքաշինության սկզբունքները:

 

 

 

Լարա Ահարոնյան ,

‹‹Կանանց ռեսուրսային կենտրոն›› ՀԿ  համանախագահ.

“Աղտոտված օդ, կանաչ գոտիների պակաս,  պարզապես, խեղդվում ես քաղաքում..”

 

– Ես չէի ցանականա առանձնացնել միայն Երևանինը, քանի որ իմ նշած բոլոր խնդիրներն էլ առնչվում են մեր հանրապետությանը: Նախ, իհարկե, աղքատությունն է, սոցիալ տնտեսական ծանր վիճակը, որին ամեն օր ենք առնչվում, նաև մեր շահառուներից ելնելով:

Երկրորդ խնդիրը, որ կցանկանայի առանձնացնել շինարարական աշխատանքների ոչ ապահով կազմակերպումն է, ոչ միշտ են պահպանվում անվտանգության անգամ տարրական պահանջները:

Եվ  իհարկե, բնապահպանական խնդիրն է, աղտոտված օդ, կանաչ գոտիների պակաս, հատկապես  կենտրոնում, պարզապես, խեղդվում ես քաղաքում…

 

 

 

Քրիստինա Գևորկյան,

‹‹Ընդդեմ իրավական կամայանկանությունների››  գործադիր  տնօրեն.

«Կպահանջեի բոլոր ծրագրերի նախագծերը և դրանցով նախատեսված ծախսերը»

 

 

– Նախ և առաջ, նորընտիր ավագանու նիստերի օրակարգում կընդգրկեի Երևան քաղաքում տեղի ունեցող շինարարությունների հարցը, որոնց խնդիրը սկսած 2001 թվականից մնում է անլուծելի: Մասնավորապես պետք է վերանայվեն նախկինում կառուցապատողների հետ կնքված շինարարական պայմանագրերը, շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման հատկացման գործընթացները, քաղաքացիների հետ կնքված օտարման պայմանագրերը:

 

Օրակարգում կընդգրկեի նաև բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերի  այլ անձանց` ոչ շենքի բնակիչների կողմից օրինականացման խնդիրը և նրանց այդ նկուղային հարկերի տրամադրման հիմքերը և օրինականությունը:

 

Օրակարգում կքննարկեի բազմաբնակարան շենքերի բակերի բարելավմանն ուղղված ծրագրերը` արդյոք այդ ծրագրերը նախատեսված և հաստատված են ավագանիների որոշմամբ այդ բակերի բարելավելու համար, թե այդ բարելավումները օգտագործվել են, որպես ըտրությունների քարոզարշավ: Կպահանջեի այդ ծրագրերի նախագծերը և հստակ նախատեսված ծախսերը:

 

 

Կբարձրացնեի փողոցների ասֆալտապատման հարցը քաղաքի բոլոր հատվածներում, այլ ոչ թե միայն տեսանելի գլխավոր փողոցներում: Կհնչեցնեի նաև աղբահանության հետ կապված հարցերը, արդյոք աղբահանության հաճախականությունը և որակը համապատասխանում են գանձվող գումարներին:

 

 

Երևանում առկա են բազմաթիվ ընտանիքներ, որոնք մնացել են առանց բնակարանների: Այդ ընտանիքները տարբեր տարածքներում կառուցել են իրենց համար բնակվելու տեղեր` տնակների կիսաքանդված վիճակում գտնվող տարածքների բարելավման միջոցով և այլն, կբարձրացնեի այդ ընտանիքներին արտոնյալ պայմաններով այդ տարածքների օրինականացման հնարավորություն հարցը, ինչպես նաև առանց բնակարան մնացած ընտանիքներին բնակարանների նվիրատվությամբ հատկացման հարցը:

 

Ծերանոցների և մանկատների շենքային պայմանների բարելավման, դպրոցների զուգարանային և սպորտային դահլիճների բարելավման հարցը: Երևանի կանաչապատման հարցը, ծառերի հատման արգելքի խնդիրը՝ կրպակներ տեղադրելու նպատակով:

 

 

 

Նատալյա Մարտիրոսյան,

«Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» ՀԿ-ի նախագահ

 

«Կպահպանեի հինը՝ ստեղծելով զուգահեռ  նորը»

 

– Առաջնային խնդիրևը Երևանի համար համարում եմ քաղաքի պատմական դեմքի պահպանումը, պատմամշակութային ժառանգության պահպանումը: Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է պահպանել հինը՝ ստեղծելով զուգահեռ նաև նորը: Այսօր հին Երևանը աղավաղվել է, շատ հաճախ, երբ դուրս եք գալիս քաղաք, ոչինչ չի հուշում, որ դու Երևանում ես, իր համն ու հոտը կորցրել է քաղաքը:

 

Երևանի կենտրոնում հատկապես պետք է արգելվի այդ հախուռն շինարարությունը: Վերջերս նախկին Բրյուսովի շենքի վերաբերյալ, որը եզակի է և Թամանյանի նախագծով է արված, իմացանք, որ կան որոշակի պլաններ, որ այս շենքի հիման վրա ուզում են կառուցում կատարել… Հիմա նման դեպքեր շատ ունենք ցավոք սրտի, լավագույն դեպքում համարակալում են հին քարերը, սակայն հետո անհետանում են և´ հին քարերը, և´ շենքերը, քաղաքը կորցնում է իր դեմքը:

 

Այս ամենին զուգահեռ կարևոր է նաև կանաչ տարածքներրի պահպանումը, հատկապես, մեր կլիմայական պայմաններում, եթե չկարողանանք պահպանել եղած, ու մի բան էլ պակասեցնեք այդ կանաչ գոտիները, ապա քաղաքի կյանքը ուղղակի դատապարտված է վերացման:

 

 

 Աննա Նիկողոսյան,

«Հասարակություն առանց բռնության» ՀԿի ծրագրերի ղեկավար

 

«Գերխնդիրը՝ քաղաքացիների  մասնակցության հարցն է»:

 

– Երևանում խնդիրները շատ- շատ են, սակայն ինձ համար գերխնդիրը մասնակցության հարցն է: Կարծում եմ, այն կբերեր նրան, որ մեր շատ ու շատ խնդիրներ լուծումներ կգտնեին: Համայնքի ներկայացուցիչներն ավելի ակտիվ կլինեին, ու որոշումների կընդունվեր ոչ թե մեկ կամ երկու անձի կողմից, այլ համայնքը ակտիվ ներգրավված կլիներ այս աշխատանքներում: Համայնքի յուրաքանչյուր մտահոգ բնակչին հնարավորություն կտրվեր իր կարծիքը, բողոքն ու առաջարկը ներկայացնել:

 

Ասֆալտապատման, ջրամատակարարման, տրանսպորտի խնդիր… որպեսզի այդ ամենը արդյունավետ լուծումներ ունենա, անհրաժեշտ է քաղաքացիների մասնակցությունը, պետք է և ամբիոն, հարթակ ստեղծել և  խթանել նրանց մասնակցությունը:

 

 

Զարուհի Բաթոյան,

«Հույսի կամուրջ»  ՀԿի հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու.

 

«Կհարմարեցնեի  քաղաքը բոլորի համար»

 

– Մատչելիության խնդիրն է ինձ համար առաջնայինը, հատկապես տրանսպորտի մատչելությունը: Այսօր Երևանում բնակվում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 60.000 մարդ: Մարդիկ երթևեկելու, տեղից տեղ շարժվելու հնարավորություն չունեն: Ինչ որ չափով որոշ մայթեր հարմարեցված են, որոշ մայթեր՝ ոչ, որոշ դեպքերում էլ այդ հարմարեցումը ձևական բնույթ է կրում, քանի որ իրականում պիտանի չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար:

 

Ամենակարևորը սակայն տրանսպորտի խնդիրն է: Խոսքը չի վերաբերում միայն տեղաշարժման խնդիրներ ունեցող, այլև տեսողության, լսողության խնդիր ունեցող քաղաքացիներին: Կան տարբեր  խնդիրներ ունեցող մարդիկ, ովքեր ունեն տարբեր կարիքներ, այդ կարիքները բավարելու ուղիներ ցույց է տալիս միջազգային փորձը, նոր բան պետք չէ հայտաբերել, պետք է պարզապես վերցնել ու կիրառել:

 

Այս տարի քաղաքապետարանի ծրագրով մայիսից հետո խոստացել են որ 10 ավտովբուս պետք է հարմարեցվի, տեսնենք թե ինչ արդյունք պետք է ունենանք: Իհարկե, 10 դեռ շատ քիչ է և պարզ չէ, թե որ ուղղությամբ է այն գնալու: Պարզ է նաև, որ շատ ավտոբուսներ հնարավոր չէ հարմարեցնել զուտ տեխնիկական պատճառով և անհրաժեշտ է ներկրել հենց այդ հատուկ հարմարեցված ավտոբուսներրը: Իհարկե  պատճառաբամնում են, թե թանկ են, սակայն սա արդարացում չէ: Սա մարդու իրավունքի կոպիտ ոտնահարում է, մեկի իրավունքը չի կարող լինել մյուսի հաշվին, եթե հավասարություն է, ապա հավասարապես կարող ենք այդ ավտոբուսներին սպասել, թե հաշմանդամություն ունեցող և թե  հաշմանդամություն չունեցող երևանցին:

 

Ի դեպ, մենք այս խնդիների վերաբերյալ բաց նամակ էինք ուղղել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին:

 

 

Նարինե Գալստյան,

«Հայ Օգնության Միություն»  Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի.

 

«Կուզեի մարդիկ ճանաչեին իրենց ավագանուն»

 

– Ինձ համար շատ ցավալի է, որ առողջապահությունը և կրթությունը կուսակցականացվել է: Մանկավարժները փոխանակ զբաղվեն իրենց կոչումով, մանկավարժությամբ, կրթական խնդիրներով, այսօրվա օրով, ցավոք սրտի, դպրոցի տնօրենները կուսակցական նշանը հագուստին փակցրած, ստիպում են, որ ծնողներին հավաքեն, ժողովներ անեն…

 

Կրթական, առողջապահական համակարգերը պետք է կուսակցականությունից զերծ լինեն: Հիմա ավագանիներ ենք ընտրում, կուզեի գոնե հիմա մարդիկ ճանաչեին իրենց ավագանուն, ավագանին էլ տեղյակ լիներ իր համայնքի խնդիրներից, իր բնակիչների հոգսերով զբաղվեր: Ու որ շատ կարոր է տարբերակում չդներ այդ խնդիր կրողը իր, թե մեկ այլ կուսակցության ներկայացուցիչն է:

 

Զրուցեց՝ Լիլիթ Քոչինյանը

 

 

Դիտումների քանակը` 4391

Վերադառնալ վերև