Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ԵԽԽՎ. «Բռնություն չպետք է լինի ո´չ իմ տանը, ո´չ իմ քաղաքում, ո´չ իմ գրասենյակում, ո´չ իմ համալսարանում…»

 «Մենք հասնում ենք մեր կենսական նպատակին, այն է  վերջ տալ կանանց նկատմամբ բռնությանը։ Բայց ավելի մեծ առաջընթաց է հարկավոր»,- ընդգծել է  Եվրոպայի խորհրդի գլխավոր քատուղար Թորբյորն Յագլանդը մարտի 8-ի առթիվ հղած ուղերձում։

 

ԵԽ պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում նա հիշեցրել է 2011 թվականին ընդունված Ստամբուլի կոնվենցիայի մասին, որը վերաբերում է կանանց նկատմամբ ու ընտանեկան բռնության դեմ պայքարին։

 

«Այն ապացուցել է, որ մեծ  արդյունավետություն ունեցող ու ճանաչված իրավական գործիք է։ Մինչ այս պահը  33 երկրների կողմից վավերացմած կոնվենցիան պահանջում է կանանց նկատմամբ ցանկացած՝ այդ թվում ընտանեկան, սեռական, հոգեբանական, ֆիզիկական բռնության քրեականացում և դրա համար պատասխանատվություն»,-ասել է Յագլանդը։

 

Նա հիշեցրել է, որ փաստաթուղթը դեռ չեն ստորագրել Ադրբեջանն ու Ռուսաստանը։ ԵԽ անդամ ևս 12 երկիր՝ Հայաստանը, Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան, Իռլանդիան, Լատվիան, Լիխտենշտեյնը, Լիտվան, Մոլդովան, Սլովակիան, Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը ստորագրել են, սակայն դեռ չեն վավերացրել փաստաթուղթը։

 

ԵԽ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Կանանց և ընտանեկան բռնության դեմ պայքարի փորձագետների խումբը՝ GREVIO-ն պարբերաբար մոնիտորինգ են իրականացնում անդամ պետություններում՝ պարզելու, թե ինչպես են երկրներն իրականացնում կոնվենցիայով ստանձնած պարտականությունները։

 

«Խմբի միջոցով մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը անդամ երկրների հետ, ինչպես նաև առանձնացնում այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն»,-նշել է ԵԽ պաշտոնյան։

 

Յագլանդն այս առումով մատնացույց է արել Պորտուգալիայի ու Շվեդիայի ուսանելի փորձը, որոնց պարագայում փորձագետների խումբն առաջընթաց է գրանցել։ Պորտուգալիայում համապարփակ քաղաքականություն ու միջոցառումներ են մշակվել՝ ուղղված գենդերային հավասարությանն ու ընտանեկան բռնության կանխարգելմանը, իսկ Շվեդիայի համար արձանագրել են՝  վերջին 40 տարում բազմաթիվ օրենքներ են ընդունել այդ ուղղությամբ։

 

«Չնայած այս առաջընթացին, մենք չենք կարող բավարարված լինել արդյունքներով։ Օրինակ, Բուլղարիայում վավերացումը կասեցվեց, քանի որ «գենդեր» բառը սխալ էր ներկայացվել։  Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ նման սխալ մեկնաբանությունները կարելի է հստակեցնել, եթե ճիշտ տեղեկատվություն տրամադրվի, և եթե կա քաղաքական կամք  դա անելու համար։ Ինչպես արեց Խորվաթիան։ Այդ երկիրը վավերացրեց Ստամբուլի կոնվենցիան անցյալ տարվա հունիսին»,-նշել է նա։

 

ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է՝ պետք է շարունակեն իրենց պայքարը, որպեսզի խորհրդի անդամ բոլոր երկրները վավերացնեն փաստաթուղթը, քանի որ կանայք և աղջիկները չեն կարող զրկված լինել մարդու հիմնարար այնպիսի իրավունքից՝ ինչպիսին առանց բռնության ապրելն է։

 

«Կոչ եմ անում  բոլոր անդամ պետություններին առանց հապաղելու վավերացնել Ստամբուլի կոնվենցիան»,-եզրափակել է ուղերձը նա։

 

 

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն էլ իր ուղերձում կոչ է արել  խիստ գործողություններ ձեռնարկել կանանց նկատմամբ սեքսիզմի ու բռնության դեմ պայքարի, ինչպես նաև կանանց ու տղամարդկանց իրավահավասարության հաստատման գործում։

 

«Այն, ինչ բացահայտեց #MeToo (Ես նույնպես) շարժումը, սառցաբեկորի միայն գագաթն էր։ Սա կանանց նկատմամբ բռնության բազմաթիվ դեմքերից միայն մեկն է՝ սկսած սեքսիզմից ու ոտնձգություններից մինչև ֆիզիկական բռնություն, ծեծ, բռնաբարություն ու սպանություն»,-ասել է Պասկիեն։

 

Վեհաժողովի կին նախագահն ընդգծում է՝ կանանց նկատմամբ բռնությունն արմատախիլ անելու համար անհրաժեշտ է, որ կանայք ու տղամարդիկ ամենուրեք հստակ դիրքորոշում հայտնեն, քաղաքականության մեջ ներգրավեն մեծ թվով կանայք,  ստեղծվեն  իրավական ուժեղ գործիքներ։

 

«Կանանց նկատմամբ բռնությունն ամենուրեք է։ Այն ազդում է բոլոր ոլորտների վրա՝  սասանելով մեր ժողովրդավարական հասարակությունների հիմքերը։ Այդ իսկ պատճառով ես ձեզ հրավիրում եմ Կանանց միջազգային այս օրը համախմբվել՝ կանանց նկատմամբ բռնությանը վերջ դնելու համար և հայտարարել. «Ո´չ իմ տանը, ո´չ իմ քաղաքում, ո´չ իմ գրասենյակում, ո´չ իմ համալսարանում,  ո´չ իմ հիվանդանոցում, ո´չ իմ գործարանում, ո´չ իմ երկրում, ո´չ իմ դասարանում, ո´չ իմ հարևանությամբ․․․»,-ասել է նա։

 

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախագահը նաև սկսել է «Ոչ իմ խորհրդարանում»/  #NotInMyParliament ակցիան, որի նպատակն է վերջ դնել խորհրդարաններում կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններին ու բռնություններին։

 

Վեհաժողովի նախագահ  Լիլիան Մորի Պասկեն շնորհակալություն էր հայտնել  խորհրդարանականներին ակցիային մասնակցելու համար և հույս հայտնել, որ խորհրդարաններում սեքսիստական կարծրատիպերի  դեմ այդ ակցիան կտարածվի նաև աշխատանքային այլ ոլորտների վրա: 

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Եվրոպայի խորհուրդն ընդդեմ սեքսիզմի. ակցիա

Դիտումների քանակը` 409

Վերադառնալ վերև