Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Եպրաքսյա Մեխակյան. « Գյումրեցիներն ինձ ճանաչում են որպես ճշմարտության և արդարության համար կռիվ տվող մարդ»

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը Գյումրու ՏԻՄ ընտրություններում միակն է, որի ընտրական ցուցակը կին է գլխավորում: Ցուցակի առաջին հորիզոնականը կուսակցությունը վստահել է «Շրջապատ» շաբաթաթերթի հիմնադիր, անկուսակցական Եպրաքսյա Մեխակյանին և եթե հոկտեմբերի 2-ին գյումրեցիները ընտրեն ՀԱԿ-ը, ապա նորանկախ պատմության մեջ Գյումրին կունենա առաջին կին քաղաքապետը:

 

WomenNet-ի հետ զրույցում տիկին Մեխակյանը նշեց, որ արդեն իսկ այն, որ և՛ Գյումրիում, և՛ Վանաձորում ՏԻՄ ընտրություններին ցուցակի առաջին համարով կան կին թեկնածուներ խոսում է առաջընթացի մասին:

 

Հանդիսանալով անկուսակցական և ՀԱԿ համակիր, Եպրաքսյա Մեխակյանը նշում է, որ իր ողջ գործունեությունը ընդդիմադիր պայքարային ուղով է անցել՝ 1988 թվական, այնուհետև 2008 թվական: Կոնգրեսը, նրա խոսքով, այն ուժն է, որ պայքարով սկսեց իր ուղին և իր սկզբունքից չի շեղվում.

 

«Ինձ բոլորը ճանաչում են որպես ճշմարտության և արդարության համար կռիվ տվող մարդ. ինչ ուզում է լինի, ես պատրաստ եմ այդ պայքարի միջով անցնել: Այդպիսի հանրահավաք, բողոքի ակցիան չկա, որ ես թե՛ որպես  լրատվամիջոցի ներկայացուցիչ, թե՛ որպես քաղաքացի ներկա չլինեմ: Հիմա արդեն որդուս եմ ինձ հետ տանում, որպեսզի նա որպես ազատ քաղաքացի ազատատենչ ու պայքարող լինի»,- ասաց նա,նշելով, որ իր անձը լավ ճանաչելով  է ՀԱԿ-ը  վստահել  իրեն: Իր թիմի նպատակը այսպես է բնորոշում. « Ուզում  հանել Գյումրին ճահճից, մղձավանջից, որն արդեն անտանելի է մեզ համար, շունչներս կտրվում է»…

 

Գյումրեցիների մեծամասնությունն էլ իրեն  ճանաչում են, գիտեն իր կենսագրությունը,  թե ինչ ճանապարհ է անցել և այդ իսկ պատճառով վստահ է, որ հաղթանակն իրենցն է լինելու:

 

Ինչ վերաբերում է կարծրատիպերին, որ բնորոշ են հայ հասարակությանը ու հարցին, թե ինչպես է ինքը, որպես կին թեկնածու, առերեսվում դրանց ավանդապահ հայրաքաղաքում, տիկին Մեխակյանն ասաց, որ այս առումով  որևէ լարվածություն քարոզարշավի  ընթացքում չի զգացել.

 

«Ես հարցով պատասխանեմ. եթե մեր քաղաքում ունենք հայտնի բժշկուհի, փաստաբան, հայտնի ուսուցչուհի, գիտությունների թեկնածու, հայտնի սպորտսմենուհի և այլն, ապա ինչո՞ւ չենք կարող կին քաղաքական գործիչ ունենալ կամ կին քաղաքապետ:  Սկզբում, ճիշտ է, քաղաքացիները անակնկալի են գալիս, որ տասը տղամարդու հետ մեկ կին է իրենց հետ հանդիպումների գնում, բայց հենց շփվում են՝ ուրախությամբ ընդառաջ են գալիս ու ասում, թե՝ լավ, տղամարդկանցից բան չստացվեց, կարող է կնոջ դեպքում մի բան ստացվի: Ի վերջո, մինչև անկախությունը Գյումրին ունեցել է կին քաղաքապետ՝ Դոնարա Հարությունյան, ում կառավարման ընթացքում Լենինականը ծաղկել է: Այնպես որ այդ փորձը հիշելով, գյումրեցիները, կարծում եմ, դեմ չեն լինի կին քաղաքապետ ունենալ»,   – նշեց նա:

 

Հարցին, թե ինչպիսին է մրցակցությունը, երբ մրցակիցները բացառապես տղամարդիկ են, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ գուցե իր ներկայությունը նրանց զուսպ է պահում.

 

«Իհարկե, որոշակի լարվածություն հնարավոր է, դա անխուսափելի է նման գործընթացի դեպքում, բայց Գյումրին ջիգյարով քաղաք է՝ բոլորն իրար ճանաչում են և այնպես չի, որ թշնամանք կա: Ես ինքս բոլորի հետ աշխատանքի բերումով շփում եմ ունեցել և իսկապես հանդարտ է ամեն ինչ»,- նկատեց նա:

 

 

Ինչպիսի՞ն կլինի իր առաջին օրը այդ պաշտոնում: Գյումրին, Ե.Մեխակյանի խոսքով, շատ խնդիրներ ունի և անելիքները այդ բարդ պաշտոնում իսկապես շատ են: Բայց առաջինը քաղաքապետի պաշտոնում կսկսի ավելորդ ճոխությունների վերացումից՝ ծառայողական մեքենաների ու անհիմն ծախսերի կրճատումից, աշխատակազմի ցուցակի թարմեցումից և այլն: Հետո նոր Գյումրու խնդիրների հավաքագրում, առաջնահերթությունների ընկալում, ՀԱԿ ծրագրի իրականացում և իսկապես տքնաջան աշխատանք, որին, սակայն, թեկնածուն լիովին պատրաստ է:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 1132

Վերադառնալ վերև