Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ես աստծուն աղաչում էի, որ նրանք լռեն․․․»

spitak-3

«Ինչ կլիներ, եթե ․․․»՝ այս բառերից են սկսվում այն հարցերը, որոնք հաճախ են իրենց ու շրջապատին տալիս լուրջ փորձությունների միջով անցած ու մտերիմներին կորցրած մարդիկ։ «Ի՞նչ կլիներ, եթե մենք այդ պահին շենքում չլինեինք», «Ի՞նչ կլիներ, եթե օգնությունն ավելի արագ հասներ», «Ի՞նչ կլիներ, եթե արեւմտյան երկրների բժիշկներն  ավելի շուտ Հայաստան գային», «Գո՞ւցե իմ ոտքերը կհաջողվեր փրկել»,- այս հարցերը տանջում են Արմինե Նիկողոսյանին արդեն 28 տարի՝ այն օրվանից, երբ նա Սպիտակի երկրաշարժի ժամանակ կորցրեց իր երեխաներին, առողջությունը, կյանքի հանդեպ հետաքրքրությունը:

 

 

Երկու առաջին հարցերին ոչ ոք չի կարող պատասխանել։ Իսկ վերջին հարցի մասին ավելի լավ է առհասարակ չմտածել, խորհուրդ է տալիս պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, ոչ մի բժիշկ՝ կարեւոր չէ, թե որ երկրից, չէր կարող անդամահատումից փրկել նրա ոտքերը, այն բանից հետո, երբ նա չորս օր մնացել էր փլատակների տակ, ու ոտքերը ճզմվել էին:

 

armine-gumri

Այդ օրը՝ 1988-ի դեկտեմբերի 7-ին, այն ժամանակ դեռ 21-ամյա Արմինեն ու նրա երկու երեխաները Արմիների մոր տանն էին։ Վերջինը, ինչ Արմինեն հիշում է, այն է, որ մտավ սենյակ, որպեսզի կերակրի դստերը ու դուրս գա տանից։ Դրանից հետո տեղի ունեցածը նա աղոտ է հիշում՝ թե ինչպես 9 հարկանի շենքը ցնցվեց, ինչպես ինքը դուրս վազեց՝ գրկելով դստերը ու բռնելով որդու ձեռքը, ինչպես նրանց վրա ինչ-որ ծանր բան ընկավ, ինչպես էր ինքը փլատակների տակ պառկած ու չէր կարողանում շարժվել, ինչպես էին երեխաները բղավում, լացում ու օգնության կանչում:

 

 

«Մոր համար ամենասարսափելին այն է, երբ երեխայիդ օգնություն է պետք, իսկ դու ոչինչ անել չես կարող,- հիշում է Արմինեն,- Ես աստծուն միայն մի բան էի աղաչում՝ այնպես անի, որ նրանք շուտ լռեին․․․»:

 

 

Եվ նրանք լռեցին։ Ոչ միանգամից, բայց Արմինեն չէր հասկանում, թե ինչքան ժամանակ էր անցել։ Որդու ձեռքը սառել էր Արմինեի ձեռքի մեջ։ Եվ Արմինեն կորցրել էր գիտակցությունը:

 

 

Երբեմն գիտակցությունը վերականգնվում էր ու չնայած նա ոչինչ չէր տեսնում, բայց հասկանում էր, թե երբ է գիշերը փոխարինում ցերեկը, ցերեկները նա լսում էր մարդկանց ձայները՝ փրկարարների, որոնք փորձում էին փլատակների տակից հանել ողջ մնացածներին։ Իսկ գիշերները շուրջը լռություն էր:

 

 

Արմինեն 4 օր մնացել էր փլատակների տալ, մինչեւ փրկարարները, վերջապես կարողացել էին հասնել նրան։ Նա հիշում է հոր ձայնը, որը փրկարարների հետ էր։ Հիշում է, թե ինչպես են նրան պարանով մի բաժակ ջուր իջեցրել, իսկ որոշ ժամանակ հետո հանել այնտեղից:

 

 

Արմինեն հիշում է, թե ինչպես էր հայրը փրկարարներին խնդրում զգույշ լինել, որ աղջկա հետ ոչինչ չպատահի:

 

 

«Բայց ամեն ինչ արդեն պատահել էր՝ ես ոչինչ չէի զգում»:

 

 

Նրան տեղափոխել էին Գյումրիի հոսպիտալ, այնտեղից էլ Երեւան, «Էրեբունի» բուժկենտրոն, որից հետո՝ Մոսկվա:

 

 

«Եթե անկեղծ՝ ես նույնիսկ հույս չունեի, որ կկարողանամ փրկվել ու դուրս գալ այնտեղից։ Ես չորս օր մնացել էին այնտեղ, չէի կարողանում ոչ ձեռքերս շարժել, ոչ ոտքերս։ Ըստ երեւույթին աստծու կամքն էր, որ ես շարունակեի ապրել»,- հիշում է Արմինեն:

 

 

Արմինեի ոտքերը փրկել չհաջողվեց՝ անդամահատեցին, քանի որ երկարատեւ ճնշումից հետո արյան շրջանառությունը ոտքերում խախտվել էր, ու մեծ վտանգ կար, որ մեռյալ հյուսվածքներից թույները կարող էին մտնել արյան մեջ ու սպանել նրան:

 

 

Արմինեն անընդհատ հարցնում էր, թե ուր են իր երեխաները, իր հարազատներից ու ծանոթներից ով է ողջ մնացել։ Երկար ժամանակ նրան ասում էին, որ բոլորը ողջ են, բոլորը հիվանդանոցներում են։ Սակայն նա հիշում էր որդու սառը ձեռքը իր ափերի մեջ։ Եվ մի օր նա իմացավ ճշմարտությունը՝ եւ որդին, եւ դուստրը զոհվել էին:

 

 

Այդ պահին կյանքն Արմիների համար կորցրեց իր ամբողջ իմաստը, ու նա երկար ժամանակ ուշքի չէր գալիս։ Սակայն ծնողների ու մասնագետների աջակցության շնորհիվ նա իր մեջ ապրելու ուժ գտավ:

 

 

Վերադառնալով Հայաստան՝ Արմինեն ստացավ ոտքերի պրոթեզներ ու գրանցվեց «Փյունիկ» կազմակերպությունում։ Այնտեղ նա շփվում էր հաշմանդամություն ունեցող մյուս մարդկանց հետ, փորձել է տարբեր մարզաձեւեր, ու ի վերջո կանգ առել լեռնադահուկային մարզաձեւի վրա, որով սկսեց լրջորեն զբաղվել։ 1998-ին նա մասնակցել է Պարալիմպիական խաղերին, որոնք Ճապոնիայում էին անցնում ու զբաղեցրեց 4-րդ տեղը։ Ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչպես կդասավորվեր Արմինեի կյանքը, եթե չլիներ երկրաշարժը, եթե այդ պահին նա մեկ ուրիշ տեղում գտնվեր ու եթե օգնությունն ավելի շուտ հասներ։ Սակայն այսօր Արմինեն ակտիվ զբաղվում է հասարակական գործունեությամբ ու օգնում հաշմանդամություն ունեցող ուրիշ մարդկանց…

 

NEWS.am

Դիտումների քանակը` 2114

Վերադառնալ վերև