Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ես վերջապես կարող եմ աշխատել ». Նունեի պատմությունը

 

sgp-spitak-story_gender2-338x600

Նունե Մովսիսյանը 21 տարեկան էր, երբ նրա կյանքն ընդմիշտ փոխվեց: 1988 թ. դեկտեմբերի 7-ի առավոտյան նա տանը մենակ էր, երբ տեղի ունեցավ 6.8 մագնիտուդով երկրաշարժը, որի  արդյունքում Նունեն հայտնվեց իր տան փլատակների տակ: Միայն 7 ժամ անց նրան դուրս հանեցին փլատակներից և ծանր վնասվածքներով տեղափոխեցին հիվանդանոց: Նա հաջողակ էր որ ողջ էր, քանի որ երկրաշարժը խլեց մոտ 40,000 մարդու կյանք Հայաստանի հյուսիսում գտնվող Լոռու մարզում:

 

Նունեի բնակավայր Սպիտակ քաղաքն ամենաշատն էր տուժել երկրաշարժից: Շուրջ 25,000 բնակչություն ունեցող Սպիտակ քաղաքում զոհերի թիվը կազմել էր 4,300 (յուրաքանչյուր վեցերորդը), 1,550 հոգի ստացան ծանր աստիճանի վնասվածքներ (որոնցից 670 կին և 375 երեխա): Ավերվել էր քաղաքի շինությունների 95 տոկոսը:

 

Քաղաքի վերակառուցումը լուրջ մարտահրավեր էր քաղաքի իշխանությունների համար: Համայնքի հիմնական եկամուտի աղբյուրը` գյուղատնտեսության ոլորտը, վտանգված էր, քանի որ մաքրման աշխատանքների ընթացքում շինարարական թափոնները լցվել էին տեղական հողատարածքները: Բացի այդ, շինարարական աղբը փակել էր տեղական գետերը, հեղեղատարների հուները, արդյունքում հեղեղումների ժամանակ հեղեղաջրերը լցվում էին հողատարածքները` քայքայելով հողը:

 

Սակայն քաղաքի վերակառուցումը միակ մարտահրավերը չէր: Տեղական բնակչության ապրուստի միջոցները նույնպես հարկավոր էր բարելավել: Բնակչության ավելի քան 10 տոկոսը հաշմանդամ էր դարձել: Միևնույն ժամանակ, աղետի հետևանքով առաջացած բոլոր ֆիզիկական և հոգեբանական բարդություններից բացի, այս մարդիկ չէին կարող ներգրավված լինել առանց այդ էլ սակավաթիվ աշխատանքների մեջ, ինչպիսիք են հողագործությունն ու անասնաբուծությունը:

 

Նունեն պատկանում էր այդ մարդկանց թվին: Նա ունի շարժողական համակարգի հետ կապված լուրջ խնդիրներ և օգտվում  է անվասայլակից:

 

«Ընտանիքս մինչ այսօր փորձում է հաղթահարել երկրաշարժի հետևանքով առաջացած դժվարությունները, մեր եկամուտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է: Մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց տարատեսակ աշխատանքներում ներգրավվածությունը մեծ չէ: Երկրաշարժից հետո չէի կարողանում աշխատանք գտնել և ինչ-որ կերպ օգնել ընտանիքիս անդամներին» :

 

28 տարի անց դեռևս վերականգնման կարիք կա: Մեր տարածաշրջանը հայտնի է որպես «Աղետի գոտի», ինչն էլ խորհրդանշում է այն ընկալումը, որ տարածաշրջանում դեռ շատ բան պետք է վերականգնվի: Մինչ այսօր էլ առկա է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքներում ներգրավվելու խնդիրը: Ներկայումս, հաշմանդամներից շատերը գտնվում են ծայրահեղ աղքատության շեմին: Մինչ օրս հողատարածքները ծածկված են շինարարական աղբով և ավելի քան 2000 մարդ բնակվում է  ժամանակավոր կացարաններում (որոնք կոչվում են դոմիկներ), որ զուրկ են անգամ առաջին անհրաժեշտության հարմարություններից:

 

Այնուամենայնիվ, առաջընթացն առկա է, չնայած բազմաթիվ մարտահրավերներին: Օրինակ, Նունեն աշխատանք է գտել ջերմոցում , որը կառուցվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհներ ծրագրի, Սպիտակի քաղաքապետարանի, ԱՄՆ Միջազգայինզարգացմանգործակալության, «Սեյվ դը չիլդրեն»միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և «Կամրջակ» ՀԿ-ի համատեղ ջանքերով: Նունեն և համայնքի այլ 48 հաշմանդամություն ունեցող մարդիկ (որոնց մեծ մասը կանայք են) անցել են հատուկ դասընթացներ: Նունեն ստացել է հատուկ իր համար հարմարեցված աշխատանքի հնարավորություններ: «Քանի որ ջերմոցը հարմարեցված է համայնքի հաշմանդամություն ունեցող անձանց համար, ես վերջապես կարող եմ աշխատել և այդպիսով աջակցել ընտանիքիս: Բացի այդ, թաղամասում կառուցվեց հեղեղատար և ջրագիծ, որոնք օգնեցին մշակել և եկամուտ ստանալ նաև մեր տնամերձ հողամասերից»:

 

Ծրագիրն օժանդակել է նաև համայնքի այլ բնակիչներին: Տարածքը մաքրվեց շինարարական աղբից, հիմնվեց ավելի քան 2000 տնկիներով և 500 մետր երկարությամբ կաթիլային ոռոգումով պտղատու այգի: Նունեի որդի Արտյոմը, ով նույնպես հաշմանդամ է, մասնակցել է նոր կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման և շահագործման վերաբերյալ հատուկ դասընթացների: Կամաց-կամաց, ընտանիքին հաջողվել է ապահովել իրենց սոցիալ-տնտեսական անվտանգությունը:

 

Նունեի խոսքով, ամբողջ քաղաքը նկատել է ծրագրի շնորհիվ տեղի ունեցած բարելավումները: «Երկրաշարժից հետո մնացած և անկանոն կերպով այս ու այն կողմ լցված շինարարական թափոնները միայն վատ հիշողություններ էին արթնացնում։ Մաքրման և վերակառուցման աշխատանքներից հետո փոխվել է ինչպես բնակավայրում տիրող մթնոլորտը, այնպես էլ մարդկանց տրամադրությունը. այժմ թաղամասի բնակիչներն ամեն օր ճանապարհ են ընկնում ոչ թե երկրաշարժը հիշեցնող աղբակույտի միջով, այլ ավելի բարեկեցիկ ուղով»:

Աղբյուրը՝ UNDP in Armenia

Դիտումների քանակը` 889

Վերադառնալ վերև