Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Եվա». հայ-իրանական  ֆիլմ, որի ցուցադրությունն արգելվել է Ստամբուլում  

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» լիամետրաժ  խաղարկային  ֆիլմը պատմում  է կնոջ մասին, ով փորձում է մոռանալ իր կյանքում տարիներ առաջ տեղի ունեցած մութ ու ծանր  պատմության մասին։ Նա դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում  է Արցախում՝ ծանոթների տանը։ Սակայն անցյալը հետապնդում է կնոջը ամենուր…  

 

Հայաստանում Ֆիլմի պրեմիերան կայացել էր անցյալ տարվա սեպտեմբերին՝ «Մոսկվա» կինոթատրոնում։ Ֆիլմը ցուցադրվել է Մոնրեալի փառատոնում, ներկայացվել է երկու՝ Կաննի և «Ֆաջր» կինոփառատոների կինոշուկաներում։ «Եվա»-ն ընդգրկվել է նաև Օսկար ամենամյա մրցանակաբաշխության 90-րդ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկում: Օրերս սակայն հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանություններն արգելել են հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունը Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» կանանց միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Կինոփառատոնի ներկայացուցիչները նշել են, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական պահանջով այն պատճառաբանությամբ, որ ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունում:

Այս առիթով կապվեցինք կինոռեժիսոր Անահիտ Աբադի հետ, ով մեզ հետ զրույցում իր  վրդովմունքը հայտնեց կատարվածի վերաբերյալ․

 

-Բնականաբար դժգոհ եմ և զարմացած, ինչպե՞ս կարելի է միջազգային փառատոնում, ֆիլմի ցուցադրումից մեկ ժամ առաջ, պետական կարգադրությամբ, քաղաքական միջամտությամբ,  արգելել գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը։ Դա ինձ համար ընդունելի չէ։  Իհարկե կփորձեմ որոշ քայլեր ձեռնարկել, որով իմ դժգոհությունը կհայտնեմ, քանի որ սա միայն իմ խնդիրը չէ, որպես ֆիլմի ռեժիսոր, այս երևույթը ինքնին անընդունելի է։

 

-Ֆիլմը մարտի  17-ին պետք է ցուցադրվեր․․․

-Այո, և ոչ միայն Ստամբուլում, այլև՝ Թուրքիայի այլ քաղքաներում, այսինքն՝  ոչ միայն Ստամբուլի ցուցադրությունն է կանխվել, այլև՝  այլ քաղաքներում փառատոնի ցուցակից ֆիլմը հանվել է։

 

-Դուք այդ օրերին Ստամբուլո՞ւմ էիք։

-Ո՛չ, ես պատրաստվում էի մեկնել, ես ճիշտ այդ օրը Բուլղարիայից պետք է վերադառնայի, և մեկնեի Ստամբուլ, Ստամբուլից հետո ֆիլմը պետք է Անթալիայում ցուցադրվեր, և ես ցանկանում էի գոնե Անթալիայի ցուցադրությանը ներկա գտնվել։  Դե, ինֆորմացիան ստանալուց հետո, բնականաբար, այլևս չմեկնեցի։

 

Ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական միջամտությա՞մբ։

-Կարծես դա է եղել պատճառն իսկապես, Ադրբեջանի պահանջով Թուրքիան վերաբերմունք է ցույց տվել։

 

-Դուք նման քաղաքական արձագանքի սպասո՞ւմ էիք։

-Բոլորովին չէի սպասում։

 

– Ձեր կարծիքով  Ձեր  ֆիլմը ունի՞ քաղաքական ենթատեքստ։

– Ես որևէ քաղաքական ենթատեքստ չեմ դրել ֆիլմում, ֆիլմս համամարդկային արժեքների համատեքստում մի կնոջ պատմություն է ներկայացնում , ով հայտնելով կոնկրետ իրավիճակի մեջ փորձում է դիմակայել իր դեմ առաջացած մարտահրավերներին։ Ու եթե քաղաքական ենթատեքստ են տեսել, ապա դա իրենց սուբյեկտիվ ակնոցն է։ Այո, Արցախն այսօր քաղաքական տարածք է, բայց ֆիլմիս թեման և ֆիլմիս խնդիրը դա չէ, ֆիլմը չի շոշափում Արցախի խնդիրը։

 

«Եվան» Ձեր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն է, և առաջին աշխատանքը Հայաստանի և Հայաստանի կինոկենտրոնի հետ համատեղ։ Նորից համագործակցելու ցանկություն ունե՞ք։

-Այո՛, միանշանակ։ Արդեն նոր սցենար եմ ավարտում, որը կուզեի նկարահանել Հայաստանում։

 

-Փակագծեր կբացե՞ք։

-Թողնենք աելի ուշ։

 

Թեմայից շեղվելով, այսօր Իրանում կա՞ն շատ կին ռեժիսորներ։

-Այո, Իրանում հռչակավոր կին ռեժիսորներ ունենք, ովքեր ունեն միջազգային համբավ։ Շոշափելի տեղ և դիրք ունեն Իրանի կինոյում։

Մենք կապվեցինք նաև «Եվա» ֆիլմի գլխավոր դերասանուհի, Նարինե Գրգորյանի հետ․ «Կարծում եմ, որ ֆիլմը մեծ արժեք ունի, դա է արգելափակման պատճառը»,-ասաց դերասանուհին։

 

 

Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի»  ֆիլմարտադրության կենտրոն հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։  Սցենարի հեղինակը Անահիտ Աբադն է, պրոդյուսերը՝ Թաղի Ալի Ղոլիզադեհը։ Հատկանշական է , որ ֆիլմի դերասանական կազմում ամբողջությամբ հայեր են ընդգրկված, իսկ նկարահանող խումբը՝ իրանցիներ են: Գլխավոր դերում հանդես է եկել դերասանուհի Նարինե Գրիգորյանը։ Կինոնկարում նկարահանվել են նաև Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էվելինա Ադամյանը, Մարատ Դավթյանը և այլոք։

 

Աշխեն Քեշիշյան

Դիտումների քանակը` 685

Վերադառնալ վերև