Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Եվրախորհրդարանի պատգամավորն ենթարկվել է աննախադեպ պատժամիջոցների կանանց վիրավորելու համար

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին որոշում է կայացրել պատժել լեհ պատգամավոր Յանուշ Կորվին-Միկկեին սեռերի հավասարության դեմ վիրավորական ելույթի պատճառով:

 

«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ  պատգամավոր Յանուշ Կորվին-Միկկեն՝ կանանց և տղամարդկանց աշխատանքի հավասար վարձատրությանը նվիրված քննարկումների ժամանակ,  հայտարարել է, որ կանայք տղամարդկանցից թույլ են ու պակաս խելացի, հետևաբար պետք է ավելի փոքր աշխատավարձ ստանան:

 

«Ես չեմ հանդուրժի նման պահվածք, առավել ևս անընդունելի է, որ դա գալիս է մի մարդուց, ով պետք է լինի եվրոպական ժողովուրդների արժանի ներկայացուցիչ:  Վիրավորանք հասցնելով կանանց նա ոտնահարում է մեր հիմնարար արժեքները» ,- հայտարարել է Եվրախորհրդարանի  նախագահ Անտոնիո Տայանին:

 

Նրա կարգադրությամբ՝ սեքսիստական հայտարարության համար պատգամավորը ենթարկվել է իսկապես աննախադեպ պատժամիջոցների. Կորվին-Միկկեն 10 օրով հեռացվելու է Եվրախորհրդարանում ցանկացած գործունեությունից, վճարելու է իր պատգամավորի մի ամսվա հավելավճարը որպես տուգանք (9180 եվրո)  և չի կարողանալու ներկայացնել Եվրախորհրդարանը  մեկ տարվա ընթացքում:  Բացի այդ,  Անտոնիո Տայանին ներողություն է խնդրել բոլորից, ում վիրավորել կամ հիասթափեցրել են  լեհ պատգամավորի արտահայտությունները՝ ընդգծելով, որ այսուհետ այլևս թույլ չի տա նման պահվածք ցուցաբերել:

 

Ի դեպ, լեհ պատգամավորը նախկինում էլ աչքի է ընկել իր սկանդալային պահվածքով, նաեւ ռասիստական բնույթի արտահայտություններով: Այդպես, Կորվին-Միկկեն Եվրախորհրդարանում  նացիստական ժեստ էր ցույց տվել, ինչի համար Լեհաստանի ԱԳՆ-ն ներողություն էր խնդրել Եվրոպայից, Եվրախորհրդարանից և պատգամավորի ընտրողներից:

 

Մնում է ավելացնել, որ Հայաստանի Ազգային Ժողովում սեքսիստական բնույթի թե՛ ելույթներ, թե՛ հայհոյանքներ ու սպառնալիքներ բազմիցս են հնչել, բայց երբևէ որևէ տեսակի պատժամիջոց նման պահվածք ցուցաբերած  պատգամավորների նկատմամբ չի կիրառվել: Ավելին, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով հանրությանը հայտնի է իր «Շմայս» մականվամբ, մեկ անգամ չէ, որ հայհոյել ու բռնություն կիրառելու սպառնալիքներ է հնչեցրել իր գործընկեր, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին: Դա եղել է հենց նիստի ժամանակ, արձանագրել են նաև ԶԼՄ-ները, սակայն Մովսիսյանը երբեք ներողություն չի խնդրել տիկին Փոստանջյանից խայտառակ այդ պահվածքի համար, իսկ խորհրդարանի ղեկավարությունը նման դրսևորումները թողել է անհետևանք: Եվ նման շատ օրինակներ կարելի է վերհիշել:

 

Պատրաստեց Լիա Խոջոյանը

Դիտումների քանակը` 400

Վերադառնալ վերև