Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Եվրամիության ծրագիրն օգնել է կանանց տնտեսական հզորացմանը

Ապրիլի 28-ին բոլոր կողմերը՝ շահառուները, գործընկերները, պետական մարմինները, որոնք ներգրավված էին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի իրականացմանը, հավաքվել էին ներկայացնելու և ամփոփելու ծրագրի արդյունքները:  Այս մասին է  հայտնում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության  լրատուն:

 

Ծրագրում ներգրավված են եղել Լոռու մարզի 55 համայնքների ավելի քան 1000 բնակիչներ: Նպատակն էր զարգացնել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունները՝ այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, տրամադրել նրանց բիզնես սկսելու ու կառավարելու կարողություններ: Դասընթացներին մասնակցելու արդյունքում 38 կին և կանանց խմբեր ստացել են դրամաշնորհներ և բացել են հյուրատներ, խանութներ, նոր արտադրություններ:

 

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի հետ համատեղ: Շահառու դարձած 38 կանանցից 30-ը երբեևէ չի զբաղվել բիզնես գործունեությամբ: Ծրագիրը հնարավորություն է տվել նրանց բացելու սեփական բիզնեսը: Կանայք Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ, Արևաշող, Շիրակամուտ, Հարթագյուղ, Ջրաշեն, Օձուն, Ալավերդի, Քարինջ, Ախթալա, Շամլուղ, Շնող և Հաղպատ համայնքներից էին:

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար Իրինա Մովսեսյանը ևս մասնակցել է ապրիլի 28-ին տեղի ունեցած միջոցառմանն ու նշել կանանց հզորացնելու կարևորությունը: «Այս ծրագիրը շատ կարևոր է, քանի որ նվիրված է կանանց հզորացմանը, նրանց ավելի ինքնավստահ դարձնելուն, հնարավորություն է տալիս պայքարել իրենց իրավունքների համար: Ծրագիրն արդեն ունեցել է շատ ձեռքբերումներ ու լավ արդյունքներ: Հույս ունենք, որ ծրագրում ներգրավված կանայք կշարունակեն իրենց գործունեությունը նաև ծրագրի ավարտից հետո»:

 

«Մենք շարունակում ենք կարևորել կանանց սոցիալ-տնտեսական հզորացումը մեր երկրում և շարունակում ենք ծրագրեր իրականացնել այս ուղղությամբ: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ծրագրի շահառու կանանց անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն գործընկերներին, ովքեր մասնակցել ու ներդրում են ունեցել ծրագրի իրականացման գործում: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական միությանը, առանց որի այս ծրագիրն իրականություն չէր դառնա»,- ասել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ղեկավար Լիլիթ Ասատրյանը:

 

Միջոցառումից երկու օր առաջ Վանաձորում տեղի է ունեցել ծրագրի շահառուների մասնակցությամբ ցուցահանդես և աշխատանքի տոնավաճառ: Ծրագրի շահառուները ներկայացրել են, թե ինչպես են ծրագրի դասընթացներն ու տրամադրված դրամաշնորհներն իրենց հնարավորություն տվել սկսելու կամ ընդլայնելու համայնքային իրենց բիզնեսները: Կին ձեռներեցները ցուցադրել են իրենց արտադրանքը և ներկայացրել ծառայությունները՝ կիսաֆաբրիկատներ, խմորեղեն, սուրճ, թան, մեղր, արշտա, ինկուբատորային տնտեսություն, կարի, արծաթյա զարդերի արտադրամաս, զբոսաշրջային, առողջապահական ծառայություններ և այլն:

 

 

Ծրագրի մասնակից Լիլիթ Սինդոյանը, ով Վանաձորում հիմնել է արծաթյա զարդերի արտադրություն, պատմել է, թե ինչպես է ծրագիրը փոխել իր կյանքը: «Ես և իմ ողջ ընտանիքը պատրաստվում էինք լքել Հայաստանը: Սակայն ես մասնակցեցի ծրագրին, ստացա դրամաշնորհ, որը փոխեց մեր ճակատագիրը և նպաստեց մեր այստեղ մնալուն: Այսօր ես ուրախ եմ, որ իմ երեխաները կմեծանան իրենց հայրենիքում, այլ ոչ թե արտերկրում»:
Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն են ունեցել հաղորդակցվելու ծրագրի շահառուների հետ, համտեսելու կամ ծանոթանալու նրանց արտադրության հետ: Միջոցառումն ուղեկցվել է մշակութային ծրագրով և ծրագրի շահառուների կողմից անցկացվող վարպետության դասերով, որոնց ընթացքում նրանք կիսվել են ԵՄ ծրագրերին մասնակցելու իրենց փորձով, պատմել դասընթացների և սեփական բիզնես հիմնելու իրենց փորձի մասին:

 

Աղբյուրը՝    EU Newsletter

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մարտի 20-ին ՝ գարնանային տոնավաճառ նաեւ սիրիահայ ձեռներեց կանանց մասնակցությամբ

 

Կանանց ձեռներեցության շաբաթը միավորեց տաս երկրների կանանց

Սիրիահայ եւ տեղացի կին ձեռներեցները էքսպո ցուցահանդեսում

«Ամեն ինչ հնարավոր է դառնում մայրական սիրո եւ նվիրվածության շնորհիվ»

 

Կանայք, աշխատանք և տնտեսություն. գենդերային հավասարության մակրոտնտեսական օգուտները

Երեւանում մեկնարկեց «Կանանց ձեռերեցության միջազգային շաբաթը»/ լրացված

«Մենք ուզում ենք ցույց տալ ձեռներեց կանանց ներուժը»

«Կին ձեռներեցների շաբաթ» և միջազգային համաժողով Երևանում. հրավիրում է ՀԵԿԱ-ն

 

«Մենք՝ գյուղում ապրող կանայք, կարծես թե արթնացանք»…

 

ՀԵԿԱ-ն հրավիրում է բացօթյա ցուցահանդես վաճառքին

 

Դիտումների քանակը` 1859

Վերադառնալ վերև