Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Եվրոպայի խորհուրդը  գենդերային հավասարության նոր ռազմավարություն է ընդունել

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն օրեր առաջ ընդունել է Գենդերային հավասարության ռազմավարությունը  2018-2023 թվականների համար:

 

Կառույցի պաշտոնական էջի փոխանցմամբ, ռազմավարությունը վերահաստատում է կազմակերպության ստանձնած պարտավորությունները՝ լուծելու մարտահրավերներն ու խոչընդոտներ, որոնք առկա են կամ կարող են ի հայտ գալ անդամ երկրներում ու կազմակերպության ներսում գենդերային հավասարության հասնելու ճանապարհին: Նոր ռազմավարության շահառուներն են ԵԽ անդամ 47 երկրների անդամ պետություններում ապրող  կանայք և տղամարդիկ, աղջիկները և տղաները:

 

Հիմնական շեշտադրումները կարվեն վեց ռազմավարական ուղղություններով՝   գենդերային կարծրատիպերի և սեքսիզմի դեմ պայքար ու  կանխարգելում, կանանց  նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության  կանխարգելում և դրա դեմ պայքար,  արդադատության համակարգ կանանց հավասար մուտքի ապահովում, քաղաքական ու հասարակական որոշումների կայացման գործում կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցության ապահովում, փասխստական, ապաստան հայցող կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանություն, ինչպես նաև ցանկացած ռազմավարության մեջ ու միջոցառումներում գենդերային հեռանկարի ներառում: Ռազմավարության իրականացման մեկնարկը կտրվի այս տարվա մայիսի 3-4-ը՝   կսկսվի 2018 թվականի մայիսի 3-4-ը Կոպենհագենում «Գենդերային հավասարությանն ճանապարհին» խորագրով  համաժողովով:

 

83 կետից բաղկացած ռազմավարությունը նախ սահմանում է գենդերային հավասարությունը, անդրադառնում կարծտատիպերին, կանանց նկատմամբ բռնությանն ու դրա բազմաբնույթ հետևանքներին, սահմանում նպատակները, որոնց պետք է հասնել գործընկեր պետական մարմինների ու միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերով: 2018-2023թթ. Ռազմավարության փաստաթղթում յուրաքանչյուր առաջնահերթություն ունի վտանգի վերլուծության աղյուսակ:

 

«Գենդերային հավասարությունը ենթադրում է կանանց և տղամարդկանց, աղջիկների և տղաների հավասար իրավունքները, ինչպես նաև նույնաչափ ընդգրկվածություն հզորացման, պատասխանատվության և մասնակցության, հանրային և մասնավոր կյանքի բոլոր բնագավառներում: Դա նաև ենթադրում է կանանց ու տղամարդկանց միջև հավասար հնարավորություններ ու ռեսուրսների բաշխում»,-ասված է փաստաթղթում:

 

Փորձագետները նշում են, խնդրի լուծման առումով առաջընթացը տեսանելի է, վերջին տասնամյակներում կանանց իրավական կարգավիճակը Եվրոպայում բարելավվել է, սակայն այդքանով հանդերձ կանանց և  տղամարդկանց միջև արդյունավետ հավասարությունը դեռևս հեռու է  ցանկալիից: Շատ ոլորտներում դեռևս առկա են գենդերային բացեր,  խոչընդոտները շարունակում են մնալ շատ ոլորտներում, որոնք սահմանափակում են կանանց հնարավորությունները՝ օգտվելու իրենց հիմնական իրավունքներից:

 

Կանոնավոր մոնիտորինգի ու հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ առաջընթացը շատ դանդաղ է` մասնավորապես  կանանց քաղաքական մասնակցության, արդարադատության  համակարգ մուտքի մատչելիության ու  վնասակար գենդերային կարծրատիպերի,  սեքսիզմի վերացման ոլորտներում: Կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ կանանց ու տղամարդկանց միջև անհավասար ուժային հարաբերությունների առավել արտահայտված օրինակ:  Դա և մարդու իրավունքների խախտում և գենդերային հավասարության հիմնական խոչընդոտ է:

 

Ռազմավարությունը կազմող փորձագետները նշում են քաղաքական, տնտեսական, համայնքներին զարգացման գործընթացներում կանանց հավասար ներգրավվածության կարևորությունը, ավելացնում, որ միգրացիան, փախստականների ահագնացող տեղաշարժը, կրճատվող ֆինանսական ռեսուրսները նոր մարտահրավերն են ստեղծում գենդերային հավասարության հասնելու ճանապարհին:

 

Ռազմավարության իրականացման հարցում ԵԽ-ն իր գործընկերներ է համարում անդամ երկրների խորհրդարանները, կառավարությունները, ՏԻՄ-երը, գենդերային հավասարության նպատակի համար կոչված մարմինները, իրավապաշտպան կազմակերպությունները, լրագրության, առողջապահության, սոցիալական, արդարադատության, կրթության ոլորտներում գործող  մասնագիտական ցանցերը, ահմիություններն ու գործատուների միությունները, լրատվամիջոցները, մասնավոր հատվածը:Կարևորվում է ԵԽ անդամ երկրների կողմից ստանձնած պարտավորությունների հետևողական իրականացումը, ինչպես նաև խնդիրների լուծման համար սերտ համագործակցությունը:

 

 

Ռազմավարությունն ամփոփում է. «Բազմաթիվ մարտահրավերներ և խոչընդոտներ կշարունակեն ազդել կանանց և տղամարդկանց միջև դե ֆակտո հավասարության վրա: Դրանք պայմանավորված են ինչպես ներկայիս տնտեսական և քաղաքական համատեքստով, այնպես էլ ժառանգություն ստացած գենդերային կարծրատիպերով, մտածելակերպով, ռեսուրսների անհավասար բաշխվածությամբ»:  

 

 

Նոր ռազմավարությունը սահմանում է նպատակներ, որոնց պետք է հասնել առաջիկա հինգ տարում՝  դրանք են հասնել գենդերային հավասարության, Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում կանանց և տղամարդկանց հզորացման`աջակցելով առկա փաստաթղթերի իրագործմանն ու ԵԽ ամրագրված իրավական ակտերի ամրապնդմանը:

 

2018-2023 թվականներին ուշադրության կենտրոնում կլինեն վեց ռազմավարական ոլորտներ՝

 

1) Կանխարգելել և պայքարել գենդերային կարծրատիպերի և սեքսիզմի դեմ

2) Կանխել և պայքարել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ

3) Ապահովել կանանց արդարության հասնելու հավասար հնարավորությունը

4) Քաղաքական և հանրային որոշումների կայացման գործընթացում հասնել կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությանը

5) Պաշտպանել միգրանտ, փախստական և ապաստան հայցող կանանց և աղջիկների իրավունքները

6) Հասնել նրան, որ գենդերային հարցերն ընդգրկվեն  բոլոր քաղաքականություններում և միջոցառումների ծրագրերում:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 298

Վերադառնալ վերև