Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Եվրոպայի խորհրդի նորընիտր գլխավոր քարտուղարը կին է

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը հունիսի 26-ին ընտրեց Եվրոպայի խորհրդի 14-րդ գլխավոր քարտուղարին։

 

Վեհաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն,  քվեարկության արդյունքում  159 քվե ստացավ Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը, մյուս թեկնածուն՝  Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական հարցերով նախարար Դիդիե Ռեյնդերսը ստացավ 105 քվե։ Սա նշանակում է, որ առաջիկա հինգ տարիներին միջազգգային ամենալուրջ կառույցներից մեկը կին է ղեկավարելու։

 

«Եվրոպայի խորհուրդը Եվրոպայի ամենալուրջ կազմակերպությունն է։ Կարծում եմ, այս կազմակերպության դերն այսօր ավելի կարևոր է, քան երբևէ։ Ես տեսնում եմ, որ երկխոսության կարիք կա ոչ միայն կառույցի ներսում՝ մարմինների միջև, այլև անդամ երկրների։ Ես ակնկալում եմ ձեր բոլորի աջակցությունը հասնելու կառուցի նպատակներին, իսկ դրանք մեր երկրների քաղաքացիների խաղաղությունն ու բարգավաճումն է։ Կրկին շնորհակալ եմ ինձ տված ձեր քվեների համար»,-քվեարկությունից հետո իր ողջույնի խոսքում ասաց Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։

 

Նորընտիր  գլխավոր քարտուղարը պաշտոնը կստանձնի այս տարվա աշնանը, կղեկավարի մինչև 2024 թվականի աշունը։ Իսկ մինչ այդ  գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Թորբյորն Յագլանդը։ Ի դեպ, վերջինը պաշտոնավարել է երկու ժամկետ, առաջին անգամ ընտրվել է 2009-ին, ապա՝ 2014-ին։

 

Ի դեպ, Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը, ԵԽ-ի ստեղծումից ի վեր, երկրորդ կին գլխավոր քարտուղարն է։ Առաջինը եղել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Քաթերինե Լալումիրեն։ Նա պաշտոնավարել է երկու ժամկետ, առաջին անգամ ընտրվել է 1994-ին, վերընտրվել՝ 1999-ին։

 

Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին ծնվել է 1963 թվականի ապրիլի 9-ին, ակտիվ քաղաքական գործիչ է, զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ։ Եղել է Խորվաթիայի արտաքին գործերի՝ երրորդ կին նախարարը։

 

Հիշեցնենք, որ ԵԽ գլխավոր քարտուղարն ընտրվում է Խորհրդարանական վեհաժողովի կողմից` Նախարարների կոմիտեի առաջարկությամբ, հինգ տարի ժամկետով: Գլխավոր քարտուղարը պատասխանատու է Խորհրդի աշխատանքային ծրագրի և բյուջեի ռազմավարական ուղղվածության համար և վերահսկում է Կազմակերպության և Քարտուղարության ամենօրյա կառավարումը:

 

Եվրոպայի խորհուրդը գործում է` հիմք ընդունելով իր հիմնական մարմինների` Նախարարների կոմիտեի, Խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայում տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի, Մարդու իրավունքների հանձնակատարի և Միջազգային ՀԿ-ների համաժողովի միջև երկխոսությունը:

 

Ուշագրավ է, որ այս պահին ԵԽ մարմինների ղեկավարների թվում կանայք  շատ կան։ Այսպես՝  ԵԽԽՎ նախագահը Լիլիան Մորի Պասկիյեն է։ Մարդու իրավունքների հանձնակատարը Դունյա Միյատովիչն է։ ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը Գաբրիելա Բատաինի-Դրագոնին է, ի դեպ նա այս պաշտոնում երրորդ անգամ է ընտրվել։ Առաջին անգամ ընտրվել է 2012-ին, վերընտրվել՝ 2015-ին։

 

Հիշեցնենք, որ  Եվրոպայի Խորհուրդը հիմնադրվել է 1949թ. մայիսի 5-ին 10 երկրների կողմից (Բելգիա Դանիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա և Միացյալ Թագավորություն), և 1949թ. օգոստոսին Հունաստանի և Թուրքիայի անդամակցությամբ համալրվելով՝ Եվրոպայի խորհուրդն այժմ ունի 47 անդամ պետություններ: 2001-ից ԵԽ անդամ  է նաև Հայաստանը։

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 418

Վերադառնալ վերև