Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Երբ երեխան բռնության ականատես է լինում տանը…

 

 Մի քանի օր առաջ դաստիարակը զանգեց: Մանկապարտեզում պարապմունքի ժամանակ բացած թևերով ոտնաթաթերի վրա երեխաների քայլելու ընթացքում երեխաներից մեկը հրել է տղայիս, ընկել է: Թևն անշարժացրել են: Կասկածում են` ինչ-որ բան այն չէ: Ահաբեկված, նյարդայնացած, անելիքս չիմանալով զանգեցի տատիկին, որ տանի վիրաբույժի մոտ: Հետո ես արդեն հասա հիվանդանոց: Ռենտգեն հետազոտություն: Կոտրվել է: Գիպս դրեցին, տուն բերեցինք: Էդ ընթացքում իմ ու մյուսների սթերսի, երեխայի ապրումների, ցավերի, ուսուցչական կազմի մտահոգությունների մասին էլ չեմ գրում: Պատկերացնում եք:

 

Այդ երեխայի մասնակցությամբ սա առաջին դեպքը չէր: Գրեթե ամեն առավոտ խմբի ծնողներից մեկն անպայման մանկապարտեզ է գալիս սպառնալիքներով` «դրա մորը բռնեմ, պատուհանից գցելու եմ», «էդ երեխուն տես ինչ եմ անելու»… Հետո պատմում են… դարակները բացում է, երեխաների հագուստի հրպաններում քաղցրավենիք է փնտրում, մեկի գլխին է հարվածում, մեկին քացի է տալիս, մեկին սպառնում է իր պապայով, դաստիրակին սպառնում է աթոռը գլխին տալ, մյուս դաստիրակին ոտքով է խփում, մի երեխայի փորի մեջ է հարվածում, մեկ էլ հանկարծ բղավում է, պապան խմած եկել է, փախեք, դանակն է սուր մասով դնում իր իսկ ձեռքի մեջ, որ քաշի, վրա է հասնում դաստիարակը… Երեխայիս թևի կոտվելն արդեն համբերության բաժակի վերջին կաթիլն էր…

 

Երեկոյան արդեն մեր տունը լիքն էր: Հարազատներն ու մտերիմներն իմացել էին դեպքի մասին, եկել էին երեխային տեսակցության: Երեխայի ընտանիքին ճանաչողներին հարցրեցի` ի՞նչ ընտանիք է: Պարզ է, երեխան ուղղակի զոհ է: Հայրը, պատմեցին, խմող է, ընտանիքի մյուս անդամների մասին էլ լավ բաներ չասեցին: Սոցիալապես անպահով են, վարձով ինչ-որ մեկի նկուղում են ապրում… Ինչևէ… Ավելի ուշ իմացա հայրն է զանգել մանկապարտեզ, դաստիարակներին սպառնացել, թե ես երեխային ուղարկում եմ, իսկ դուք չեք դաստիարակում: Ասել է, իբր չափազանցնում ենք, կոտրվածք չկա, սպառնացել է` կգնա ու կհասնի մինչև նախարարություն:

 

Հետո մայրն է ինձ զանգում: Սկսում է լացել, բողոքում է, որ իրենք հարուստ չեն, դրա համար էլ երեխան ըտենց է, նորից մեղքը ցանկանում է բարդել դաստիարակի վրա: Բացատրում եմ, հարգելիս, մենք էլ հարուստ չենք, առավոտ վաղ տանից դուրս ենք գալիս, բոլորովս գնում աշխատանքի, երեկոյան ուշ վերադառնում` ընդամենը օրվա հացի փողը վաստակելու համար, բայց իմ երեխան դաստիարկված է, չէ՞, ագրեսիվ չի, չէ՞: Հետո համոզում եմ: Ի՞նչ կլինի, քո երեխային հոգեբան է պետք, տար, մեղք է, թող հետը աշխատեն մասնագետները, թե չէ վաղը ձեռքին եղած դանակը մեկի փորն է մտցնելու, կորուստն անդառնալի է լինելու, դու էլ էս մեղք: Շրջվել է, ինձ ի՞նչ է ասում: Ես երկու ամիս էդ երեխուն ո՞նց պահեմ: Ի՞նչ ասեմ… Ծնող լինելը 10 րոպեանոց գործողություն չի ու դրա հետևանք… Դա նախ և առաջ պատասխանտվություն է այդ երեխայի, նրա ապագայի, նրա մարդ դառնալու… նկատմամբ:

 

Մեկ ուրիշ երեխայի մասին. հաճախ է մեր տանը լինում, ահավոր ագրեսիվ, չար… Հորը մի քանի ամիս է չի տեսել, մայր վերցրել է աղջան, տնից հեռացել, չի դիմացել… Մի օր էդ երեխու ներկայությամբ ասեցի, վա՜խ, թևս ցավում է: Ամուսնուս անուն է տալիս ու հարցնում, ի՞նքն է քեզ ծեծել: Ամեն ինչ պարզ է…

 

Սիրեք ձեր երեխաներին, խնդրում եմ… Նրանք անմեղ են:

 

Հ. Կարապետյան

 

Լուսանկարը՝  ՄԱԿ-ի Մանկական  հիմնադրամի / UNICEF/

 

 

Դիտումների քանակը` 3313

Վերադառնալ վերև