Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Երբ կինը չէ որոշողը…

«Ամուսինս բառի բուն իմաստով գազազեց, տեղը չէր գտնում»…

 

Անահիտը (անունը փոխված է) պատմում է, որ երրորդ հղիության մասին լուրն ամուսնուն այնքան էլ չէր ուրախացրել, հույսը քիչ էր, որ տղա կլինի: Նրանք երկու դուստր ունեին և շատ էին ցանկանում` երրորդը տղա լինի: Անահիտն ասում է, արդեն 12 շաբաթականից մի քիչ ավելի էր հղիությունը, երբ պարզվեց, որ նորից աղջիկ է պտուղը. «Ամուսինս բառի բուն իմաստով գազազեց, տեղը չէր գտնում, ասում էր` ի վիճակի չեմ երրորդ աղջիկն ունենալ: Երկուսը հերիք են, մի բան էլ` շատ: Ես հաշվառված չէի, ընդամենը մի բժիշկ գիտեր, որ հղի եմ` էխոյի բժիշկը, փողը տվեցի էխոյի համար, ինքն իմ անուն-ազգանունը ո՛չ գրանցեց, ո՛չ կտրոն տվեց: Ես ոնց որ գոյություն չունեցող հղի էի, ամուսնուս քույրն առանց դժվարության գտավ մի բժշկի, որը համապատասխան մաղարիչով աբորտն արեց»: Անահիտն ասում է` չորրորդ անգամ հղիացավ, չորրորդն էլ աղջիկ էր, ու էլի նույն ճանապարհով նույն բժշկն է կատարել աբորտը. «Հիմա ամուսինս հույսը կտրել է, որ տղա կունենանք, որպեսզի այլևս այդ դաժան պրոցեդուրայի չենթարկվեմ, սպիրալ եմ (պարույր) դրել: Վերջին աբորտի ժամանակ արգանդս վնասվել էր, բորբոքում ունեի, երկար բուժվեցի»:

 

«Ասաց` երկու աղջիկ ունեմ, ինչի՛ս է պետք երրորդը»

 

35-ամյա Սուսաննան ամուսնացած է, ունի երկու աղջիկ: Երրորդ հղիությունից նույնպես սպասվում էր աղջիկ: Սակայն ամուսնու` 37-ամյա Գագիկի պարտադրանքով դիմեց աբորտի: Գագիկը ցանկանում էր տղա ունենալ. «Երկու աղջիկ ունեմ, ինչի՛ս է պետք երրորդը, ես տղա եմ ուզում ունենալ, ինձ տղա է պետք»: Սուսաննան աբորտի համար դիմել էր տեղամասային պոլիկլինիկա, սակայն այնտեղ բժիշկը հրաժարվել էր աբորտ կատարելուց և փորձել էր կնոջը հետ պահել ամուսնու անտրամաբանական որոշումից: Այնուամենայնիվ, Սուսաննան դիմել էր մեկ այլ կլինիկա, և թեպետ այնտեղ նույնպես բժիշկները ամուսիններին փորձել էին մտքափոխել, բայց միևնույնն է` ամուսնու որոշումն անբեկանելի էր…

 

«Ասում էր` տղա եմ ուզում, որ մեր գենը շարունակվի»:

 

Գեղարքունիքի մարզից 28-ամյա Սոնա Մխիթարյանը պատմում է, որ ամուսինը միայն արական սեռի երեխա է նախընտրում: Սոնան մի քանի անգամ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներ է արել: «Ամուսինս ինձնից 13 տարով մեծ էր: Ասում էր` տղա եմ ուզում, որ մեր գենը շարունակվի, առանց էն էլ մեծ եմ, գոնե մի կամ երկու տղա չունենա՞մ: Երեք տղա ունեմ, դպրոցական են, էլ երեխա ունենալու մասին չեմ մտածում, հազիվ էսքանին պահում ենք»,- պատմում է նա` ավելացնելով, որ ընտանիքի սոցիալական վիճակը այդքան էլ բարենպաստ չէ: Թեև ամուսիններով աշխատում են, բայց մի կերպ են ծայրը ծայրին հասցնում:

«Ուզեցինք գոնե մեկ տղա ունենալ, որ օջախի ծուխը ծխեցնի»

 

Սևանցի Նունեն երեք աղջիկ ունի, չորրորդը տղա է: «Դե, էլի աղջիկ պտուղներ եմ ունեցել, բայց  բնականաբար երրորդ աղջկանից հետո ուզեցինք գոնե մեկ տղա ունենալ, որ օջախի ծուխը ծխեցնի: Իհարկե լավ տարբերակ կլիներ, եթե այդ պտուղները չհեռացնեի, բայց ֆիզիկապես այդքան երեխային պահելը դժվար կլիներ, էս թանկության հետ ո՞նց էինք էդքանին պահելու: Միայն երեխա ծնելը չէ, պիտի կարողանաս հոգալ բոլոր ծախսերը, նորմալ ձևով պահել, մեծացնել: Չորս երեխային մի կերպ ենք պահում»,- ասում է Ն. Կարապետյանը:

 

Պատմությունները ՝ Նելլի Բաբայանի,

Լիանա Գրիգորյանի,

Արփինե Մինասյանի

 

Լուսանկարները՝   Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի   հանրային ակցիայից 

 

 

Դիտումների քանակը` 1256

Վերադառնալ վերև