Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությունը մարզերում. ի՞նչ է անհրաժեշտ

«Երեխաների իրավունքների պաշտպանությունը մարզերում բարելավելու և առաջընթաց գրանցելու համար առաջին հերթին անհրաժեշտ են ստեղծել ցերեկային խնամքի կենտրոններ, ապահովել կրթությունից զրկված երեխաների իրավունքների պաշտպանություն, ներդնել սոցիալական աշխատողի ինստիտուտն ու ամենակարևորը՝ ապահովել երեխայի խնամքն ու դաստիարակությունը ընտանիքում», – այսպիսի եզրակացության եկան այսօր «Մեդիա կենտրոնում » կայացած ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված քննարկման մասնակիցները :

 

Երեխաների հիմնահարցերի շուրջ խոսեցին Արմավիրի զարգացման կենտրոնի ղեկավար Նաիրա Առաքելյանը, Գյումրիի «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի համակարգող Արմեն Պետրոսյանը, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի՝ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանը և ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը:

 

Նաիրա Առաքելյանը ասաց, որ խնամակալության և հոգաբարձության խորհուրդների աշխատանքը այդքան էլ արդյունավետ չէ հատկապես՝ գյուղական համայնքներում: «Այդ խուրհուրդները գործում են հասարակական կարգով, ոչ պրոֆեսիոնալ կազմով, չկա հոգեբան, սոցիալական աշխատող, որոնք կարող են աշխատել խոցելի խմբի երեխաների և ընտանիքների հետ: Ես կարծում եմ, որ համայնքների բյուջեներից որոշակի տոկոս պետք է հատկացվի նաև սոցիալական աշխատողի հաստիք ունենալու համար»,-նշեց Առաքելյանը: Նա հավելեց, որ ցերեկային կենտրոնների բացակայությունը Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում նույնպես լուրջ խնդիր է: «Ցերեկային կենտրոններ չկան համայնքներում և շատ երեխաներ դուրս են մնում խնամքից: Բոլոր համայնքներում ուղղակի անրաժեշտություն է նման ցերեկային կենտրոն ունենալը, հակառակ դեպքում դժվարանում է աշխատանքը խոցելի խմբի երեխաների հետ»,-նշեց Առաքելյանը:

 

Արմեն Պետրոսյանն էլ նշեց, որ  երեխաների իրավունքների հարցը բավականին լուրջ է Շիրակի մարզի սահմանամերձ և լեռնային շրջաններում, որտեղ հնարավոր է ցանկացած իրավախախտում:  «Սկսած ծննդյան վկայականի բացակայությունից վերջացրած կրթությունից դուրս մնացած երեխաներով: Վերջինիս պարագայում խախտումները սոցիալական բնույթ են կրում, երբեմն լինում են իրավախախտումներ ծնողների կողմից: Այս հարցերում շատ կարևոր է համագործակցությունը քաղհասարակության, կառավարության և միջազգային կառույցների միջև: Պետք է խնդրին համակարգային լուծում տալ, այլ ոչ թե յուրաքանչյուր մասնավոր դեպքով լուծումներ գտնել»,-ընդգծեց Պետրոսյանը:
Ասթինե Ապիոտնյանը՝ ներկայացնելով Արմավիրի մարզպետարանի իրականացրած ծրագրերը նշեց, որ իրենք մոնիտորինգ են իրականացնում նաև խնամակալության և հոգաբարձության կենտրոններում: «Մեր բաժնում աշխատում է 5 մասնագետ, ուստի մարզի 97 համայնքներին չենք կարող հետևել, այս հարցում մեզ օգնում են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները, որոնք հայտնում են դեպքերի մասին: Երբ տեղեկանում ենք դեպքի մասին, մեր մասնագետները կատարում են ընտանիքի կյանքի պայմանների ուսումնասիրություն, կարիքների գնահատում և երեխայի հետ աշխատում է մասնագիտական խումբը: Պարզապես մեր ռեսուրսներն են քիչ, իսկ մարզը մեծ է: Չունենք ցերեկային կենտրոններ, վերականգնողական կենտրոններ երեխաների համար, իսկ համայնքները չունեն այդքան մեծ ֆինանսական ռեսուրսներ, որ միանգամից ապահովեն»,-հավելում է Ապիտոնյանը:

 

Լենա Հայրապետյանի խոսքով,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ 2014-ից սկսել է բարեփոխումների նոր փաթեթ, որը կշարունակվի մինչև 2018-ը:  «ՀՀ-ում երեխաների ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունը երեխաների խնամքը և դաստիարակությունը ընտանիքում ու  սոցիալական միջավայրում ապահովելն է:  Այս բարեփոխումները միտված են նրան, որպեսզի աջակցենք երեխաների խնամքը՝ ընտանիքներում որդեգրման կամ խնամակալության ներդրման միջոցով: Այս ծրագրի իրականանցման արդյունքում  մանկատները և գիշերօթիկ դպրոցները կբեռնաթափվեն և երեխաները լիարժեք կյանքով կապրեն ընտանիքներում, իսկ կրթությունը կկազմակերպվի հանրակրթական դպրոցներում»,-ասաց Հայրապետյանը:

 

Բարեփոխման շրջանակում կհստակեցվեն նաև որդեգրման գործընթացի մեխանիզմները, իսկ խնամակալության մարմիններին մեծ հնարավորություններ կտրվի զարգացնել, սոցիալական, բարոյական և հոգեբանական աջակցություն տրամարդել խնամակալ ընտանիքներին:
Այս պահին միայն Լոռու և Շիրակի մարզերում է իրականացվում փակ հաստատությունների բեռնաթափման ծրագիրը: Հետագայում նախարարությունը նպատակ ունի ծրագիրը ընդլայնել հանրապետության մյուս մարզերում: «Նշեմ, որ ծնողների կողմից սոցիալ-տնտեսական կամ այլ պատճառով լքված երեխաների թիվը Հայաստանում 200-ից չի անցնում,  ու  ավելի շատ խնդիրը վերաբերում է հաշմանդամություն ունեցող երեխաներին: Մեր երկրում  վերականգնողական և բուժծառայությունների պակաս կա  ու դա է հիմնական պատճառը, որ  ծնողները ստիպված հրաժարվում  են նման երեխաներից: Այժմ եթե ընտանիքը պատրաստ լինի վերցնել մանկատնից և ընտանիքում պահել հաշմանդամություն ունեցող երեխային, ապա պետությունը ամսեկան 130 հազար դրամի չափով ընտանիքին աջակցություն է տրամադրելու  երեխայի խնամքը ընտանեկան միջավայրում իրականացնելու համար»,-ասաց Հայրապետյանը:

 

Անդրադառնալով համայնքներում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրմանը, նա նշեց, որ, այս պահին ՀՀ 19 համայանքում իրականացվում է ինտեգրված սոցիալական ծառայություն: «Եթե սոցիալական աշխատողների զարգացմանը զուգահեռ ստեղծվեն ցերեկային կենտրոններ, լինեն դեպքը վարողներ, որոնք կհամագործակցեն ՀԿ-ների, պետական և միջազգային կառույցների հետ, ապա արդյունավետ կլինի: Սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը նաև կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, նրանք պետք է ռիսկային ընտանիքներին հետևեն, դիտարկեն և ռիսկերի գանահատում կատարեն»,-եզրափակեց Հայրապետյանը:

 

 Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» 

 

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

 

 

Դիտումների քանակը` 3260

Վերադառնալ վերև