Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Երիտասարդության միջազգային օր. Ճանապարհ դեպի կայուն զարգացում / տեսաուղերձ

Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ի օրացույցով   Երիտասարդության միջազգային օրն է:  Այն սահմանվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից 1999-ի դեկտեմբերի 17-ին Երիտասարդության հարցերով համաշխարհային գիտաժողովի կողմից: Առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000-ի օգոստոսի 12-ին: Համաձայն Երիտասարդության գործողությունների համաշխարհային ծրագրի սահմանման «երիտասարդ»  են համարվում 15-ից 24 տարեկան անձինք:

 

Այսօր աշխարհում հաշվվում է մինչև 25 տարեկան մոտ երեք մլրդ մարդ, որոնցից մեկ մլրդ-ից ավելին աղքատ է: Այսօր երիտասարդները կազմում են համաշխարհային աշխատուժի մեկ քառորդ մասը, սակայն նրանց բաժին է ընկնում աշխարհի գործազուրկների կեսը:  Ավելի քան  100 մլն դեռահասներ դպրոց չեն հաճախում :   Աշխարհի հակամարտություններում զոհերի 90 տոկոսը երիտասարդներ են…

 

Այս  տարի օրվա  թեման անմիջական կապ ունի  Կայուն զարգացման նպատակների հետ, այն է.  «Ճանապարհ դեպի 2030 թվական. Աղքատության հաղթահարում եւ սպառման ու արտադրության կայուն մոդելների ապահովում (նպատակ թիվ 12): Խոսքը գնում է  արտադրության եւ սպառման այնպիսի մոդելների կիրառման մասին, որոնք թույլ կտան  պահպանել աշխարհի բնական ռեսուրսները գալիք սերունդների համար:   «Ես խրախուսում եմ բոլոր երիտասարդներին ներգրավվել ԿԶՆ-ի իրականացման գործընթացում և իրենց կառավարություններից պահանջել գործողությունների ձեռնարկում», – ասված է  ՄԱկ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուղերձում:

 

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նույնպես  նշել են Երիտասարդության միջազգային օրը: Միջոցառումը նպատակ ուներ ցույց տալ երիտասարդության դերը 2016թ. հունվարի 1-ից մեկնարկած «Կայուն զարգացման 2030թ․օրակարգի» 17 նպատակների իրականացման գործում:

«Երիտասարդները կարող են կոտրել անցյալի կաղապարները և աշխարհին առաջնորդել դեպի ավելի կայուն ապագա: Նրանք կարող են դառնել անհատ գործընկերներ և օգնել իմաստալից լուծումներ գտնել այն խնդիրների համար, որոնք 2030 զարգացման օրակարգի հիմքում են»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:

 

Նա   նշել է, որ ԿԶՆ 12-ին՝ «Պատասխանատու սպառման և արտադրության», կարող ենք հասնել երիտասարդության միջոցով, օրինակ՝ օգնելով կրթել սպառողներին և սերմանել նրանց մեջ պատասխանատու վարքագիծ:  Դրանցից մեկը Սփյուռքից Հայաստան վերադարձած հայազգի Կարինե Վաննի ու Ֆլորենս Լոուի «Տոպրակ պետք չի» նախաձեռնությունն է, որով աղջիկները պայքարում են բնությանը մեծ վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների անխնա օգտագործման դեմ:  Հանրային ու իրազեկող տարբեր միջոցառումներով հանդես եկող նախաձեռնող թիմը մարդկանց կոչ է անում սկսել օգտվել կտորից տոպրակներից:

 

 

Ըստ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության, Գլխավոր քարտուղարի ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Աշխարհի երիտասարդությունը` որը մարդկության պատմության մեջ թվով ամենամեծ երիտասարդական սերունդն է, կարող է առաջնորդել  անցյալի կարծրատիպերը կոտրելու և աշխարհում բոլորի համար ավելի կայուն ապագա ստեղծելու գործընթացը: Երիտասարդներն անմիջականորեն իրենց վրա են կրում  ներկայիս գերակշռող ողբերգական հակասությունների արդյունքները, որոնք  առկա են ծայրահեղ աղքատության ու ակնառու  հարստության, տանջալից սովի և պարենային թափոնների ամոթալի առկայության, հարուստ բնական պաշարների և շրջակա միջավայրը աղտոտող արտադրությունների միջև: Երիտասարդները կարող են լուծումներ տալ Կայուն զարգացման 2030 օրակարգի հիմնաքարը կազմող այս հիմնախնդիրներին:

 

Ավելի առողջ, ավելի անվտանգ և ավելի արդար ապագայի ստեղծմանն ուղղված այս 15-ամյա ծրագրի առաջին տարում մենք ապավինում ենք աշխարհի երիտասարդության ներգրավվածությանը փոխակերպելու ապրանքների և ծառայությունների արտադրությունն ու սպառումն այնպես, որպեսզի բավարարվեն  աղքատ մարդկանց արմատական կարիքներն ու ձգտումներն, առանց լրացուցիչ ծանրաբեռնելու արդեն իսկ վտանգված էկոհամակարգերը: Երիտասարդներն ավանդաբար միշտ գտնվել են գործողությունների ծավալման առաջնագծում, իսկ այսօրվա երիտասարդությունը նաև ավելի տեղեկացված է, քան նախորդ սերունդները: Միավորելով նրանց ակտիվությունը, ստեղծագործական միտքն ու գաղափարները հնարավոր է ձևավորել պահանջարկի նկատմամբ նոր վերաբերմունք և օգնել ստեղծելու ավելի կայուն արդյունաբերություն:

 

Երիտասարդությունն արդեն իսկ ներգործում է աշխարհում իրականացվող արտադրության, բաշխման և սպառման վրա՝ զարկ տալով կայուն ապրանքներ և ծառայություններ առաջարկող կանաչ ձեռներեցությանը: Որպես գիտակից սպառողներ, երիտասարդները գտնվում են  ավելի արդար, հավասար և կայուն գնման մոդելներին անցնելու առաջնագծում: Երիտասարդները թափոնների վերամշակման ու վերագործարկման, ինչպես նաև դրանց ծավալի կրճատման  ակտիվ և  գործուն պաշտպաններն են,  և նրանք առաջ են մղում տեխնոլոգիական նորարարությունները՝ խթանելով ռեսուրսաարդյունավետ տնտեսության զարգացումը: Երբ մենք ներդրումներ ենք կատարում հանուն երիտասարդության, մենք նրանց հնարավորություն ենք տալիս նպաստելու նոր շուկաների, արժանապատիվ աշխատանքի, արդար առևտրի, կայուն տնտեսության, կայուն տրանսպորտի և զբոսաշրջության ապահովմանը, ինչպես նաև տալիս ենք բազմաթիվ այլ հնարավորություններ, որից շահում են  թե՛ մարդիկ և թե՛ մոլորակը:

 

Ես հպարտ եմ, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ակտիվորեն աջակցում է երիտասարդ առաջնորդներին, որոնք կարող են կյանքի կոչել Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ), ներառյալ Նպատակ 12-ը, որը վերաբերվում է սպառման և արտադրության կայուն մոդելների ապահովմանը: Ես խրախուսում եմ բոլոր երիտասարդներին ներգրավվել ԿԶՆ-ի իրականացման գործընթացում և իրենց կառավարություններից պահանջել գործողությունների ձեռնարկում: Երիտասարդության հարցերով իմ բանագնացը պատրաստ է ներգրավել  ձեզ Միավորված ազգերի կազմակերպության ողջ համակարգի շրջանակներում իրականացվող մեր քարոզարշավներում: Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, ես կոչ եմ անում մյուսներին ևս միանալ առաջընթացի համար մղվող այս համաշխարհային պայքարին: Եկե՛ք բոլորս զորացնենք երիտասարդներին՝ ապահովելով նրանց անհրաժեշտ ռեսուրսներով, աջակցությամբ և աշխատանքային ճակատով մեր աշխարհում տևական փոփոխությունների հասնելու համար»:

 

 

 

 

Դիտումների քանակը` 1644

Վերադառնալ վերև