Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Երկրներ, որտեղ կանանց համար քանդվում են «ապակյա առաստաղները»

Կանանց համար լավագույն աշխատանքային պայմաններ ստեղծված են սկանդինավյան երկրներում՝ Իսլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում:  Այս  տվյալներներն է  հրապարակել  բրիտանական The Economist պարբերականը,   ներկայացնելով  այսպես կոչված «ապակյա առաստաղի» ցուցանիշի վրա հիմնված վարկանիշային աղյուսակը: Հիշեցնենք, որ  «ապակյա առաստաղ» արտահայտությունը  բնորոշում է կանանց առջեւ ծառացող այն անտեսանելի խոչընդոտները, որոնք արգելափակում  են նրանց առաջընթացի հնարավորությունները: 

 

 

Վարկանշային աղյուսակում զետեղված են   այն երկրների անունները, որտեղ կանայք ու տղամարդիկ ունեն նույն հնարավորություները աշխատանքի համար: Աղյուսակը կազմելիս  պարբերականը հաշվի է առել աշխատավարձի չափը, բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը, երեխայի խնամքի ծախսերը, հղիության ու ծննդաբերության հետ կապված իրավունքները, ծննդաբերությունից հետո աշխատանքի վերադառնալու հնարավորությունները,  ղեկավար պաշտոններում ներկայացվածությունը:

 

 

«Հյուսիսային Եվրոպայի այդ երկրներում կանանց ու տղամարդկանց պարագայում ցուցանիշները գրեթե նույնն են»,-նշում է պարբերականը:

 

 

Օրինակ Ֆինլանդիայում կանայք ավելի շատ են բարձրագույն կրթություն ստանում, քան տղամարդիկ: Այստեղ եռաստիճան կրթություն է ստացել կանանց 49 տոկոսը, իսկ տղամարդկանց՝  35 տոկոսը:

 

 

Նորվեգիայում կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը կազմում է 6.3 տոկոս, այն պարագայում երբ որպես միջին ցուցանիշ ընդունված է 15,5%-ը:

 

Իսլանդիայում ընկերությունների խորհուրդներում կանանց ներկայացվածությունը 44 տոկոս է, սա պարբերականը պայմանավորում է այդ երկրում քվոտավորմամբ: Քվոտավորման արդյունքում Նորվեգիայի, Իսլանդիայի, Շվեդիայի խորհրդարաններում ևս կանայք ներկայացված են 44 տոկոսով: Սա համարվում է աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկը:

 

Հունգարիայում էլ մայրության արձակուրդի ու վճարի առումով ամենառատաձեռն են, այստեղ երեխա ունեցած մայրերին տրամադրում են 71 շաբաթյա արձակուրդ (15 ամիս), իսկ այդ ընթացքում աշխատավարձը վճարում են ամբողջությամբ: Երեխայի խնամքի ծախսերն էլ հնարավորինս նվազեցրած են: Այստեղ կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը 3.8 տոկոս է, սակայն ցածր են ընկերությունների խորհուրդներում ու խորհրդարանում կանանց ներկայացվածության ցուցանիշները՝ համապատասխանաբար 11 և 10 տոկոս:

 

Առաջին տասնյակում ընդգրկված են նաև Լեհաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Նոր Զելանդիան, Բելգիան:

 

Աղյուսակի ստորին հորիզոնականներում են Հունաստանը, Բրիտանիան, Իռլանդիան,  Շվեյցարիան, Ճապոնիան, Թուրքիան, Հարավային Կորեան: Վերջին երեք երկրներում  տղամարդիկ առավել մեծ հնարավորություններ ունեն բարձրագույն կրթություն ստանալ, նրանք ավելի շատ գիտական աստիճաններ ունեն, քան կանայք: Այս երկրներում ղեկավար պաշտոնները մեծամասամբ տղամարդիկ են զբաղեցնում: Այս երկրներում աշխատավարձերի միջև տարբերությունն ավելի մեծ է: Պարբերականը նշում է, որ այս երկրները դեռ երկար ճանապար ունեն հասնելու Սկանդինավյան երկրներին:

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3891

Վերադառնալ վերև