Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կանանց և տղամարդկանց հավասարության մասին օրինագիծը

Այսօր մեկնարկած ԱԺ հինգերորդ գումարման գարնանային նստաշրջանի առաջին իսկ օրը ` խորհրդարանը վերջապես քննարկեց ‘’Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին’’ օրինագիծը երկրորդ ընթերցմամբ : Հիշեցնենք, որ  առաջին ընթերցումը կայացել էր դեռ անցյալ գումարման ընթացքում` մեկ տարի առաջ:

 

 

Կառավարության և ԱԺ պատգամավորներ, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի և ՀՀԿ խմբակցության քարտողար Հովհաննես Մարգարյանի հեղինակած օրինագծի քննարկմանը ՀՀ  Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ այս ընթացքում նախագիծը քննարկվել է տարբեր ձևաչափերով՝ այդ թվում և խորհրդարանական լսումների, լրամշակվել բազմաթիվ առաջարկների հիման վրա:

 

 

Լսումներին  եւ քննարկումներին  ակտիվորեն մասնակցել են նաև հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հարակից ելույթում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նկատեց, որ ընդունվել է ՀԿ-ներից ստացված առաջարկությունների մի մասը միայն, այդուհանդերձ, հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախաձեռնությանը:

 

 

Պատգամավորների ելույթներից պարզ դարձավ, որ նախագիծն անհրաժեշտ և անգամ ուշացած են համարում բոլորը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, սակայն, նախագիծն ունի ձևական բնույթ, չի առաջարկում  մեխանիզմներ, հետևաբար նոր խնդիրներ է առաջացնելու: Ըստ նրա, նաև  չեն ընդունվել ՀՅԴ խմբակցության առաջարկները:

 

 

Նախագծի համահեղինակ Հեղինե Բիշարյանի կարծիքով էլ,  թեև կան բազմաթիվ խնդիրներ, որոնք այս փաստաթղթով չեն լուծվել, բայց սա առաջին կարևոր քայլն է կանանց և տղամարդկանց  համար հավասար հնարավորություններ ապահովելու  ճանապարհին:

 

 

Նախագծի քննարկմանը արտահերթ ելույթ ունեցավ  Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա ևս կարևորեց տասնամյա ճանապարհ անցած այս նախաձեռնությունը՝ նշելով, որ այն ոչ միայն բխում է մեր ստանձնած միջազգային պարտավորություններից, այլ նախ և առաջ պետք է մեր հասարակությանն ու երկրին: Կանանց ներուժը, Աժ փոխնախագահի բնորոշմամբ, մեծ է և որակյալ, նրանց գերակշիռ մասն ունի բարձրագույն կրթություն, և շռայլություն կլիներ չօգտագործել այդ ուժը, չուղղորդել այն երկրի կայացմանը:

 

 

Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն հայտնեց հեղինակներին մեծ աշխատանքի համար, նաև ողջունեց հասարակական սեկտորին աշխատանքներում ներգրավելու աշխատաոճը: Բանախոսի գնահատմամբ՝ օրենքը քաղաքական  կամքի հռչակագրումն է, բայց այն պետք է ապահովված լինի նաև գործուն մեխանիզմներով: Այստեղ ԱԺ փոխնախագահը դեռ անելիքներ է տեսնում: Նա նաև մատնանշեց առաջարկներ, որոնք օգտակար կլիներ ընդունել:

 

 

Իսկ ԲՀԿ խմբակցության   քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ  թեև խմբակցությունը նախագծին կողմ կքվեարկի, սակայն այն համարում է հռչակագրային և գործուն մեխանիզմներից զուրկ: Նրա բնորոշմամբ, օրինագիծը միան  «գալոչկայի համար է»: Նաիրա Զոհրաբյանն , ի դեպ,  դեմ է պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքին՝ համարելով, որ սեռերի իրավահավասարությունը պետք է նախ արմատավորվի ազգային մտածելակերպով: Այդուհանդերձ, եթե այս օրենքը կդառնա այդ մտածելակերպի փոփոխման հիմք, պատագամավորը կողմ է նաև այս տաբերակին: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ նախագծում արտացոլված չեն հասարակական կազմակերպություններից ստացված մի շարք արժեքավոր առաջարկներ:

 

 

Եզրափակիչ ելույթում կառավարության ներկայացուցիչն ասաց, որ, ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը, ընտրել են ամենալավ տարբերակը, որը հետագայում հնարավոր է բարելավել: Նրա խոսքերով՝ սա լուրջ իրավական հիմք է՝ այս ուղղությամբ առաջ շարժվելու համար:

 

 

Օրինագծի քվեարկությունը ամենայն հավանականությամբ կկայանա վաղը:

 

Դիտումների քանակը` 2889

Վերադառնալ վերև