Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Երևանի ավագանու ընտրություններ. քանի կին է ներկայացված ցուցակների առաջին հնգյակներում

Օգոստոսի 29-ին ժամը 18-ին լրացավ այն ժամկետը, երբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակացելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերը կարող էին դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովը հայտարարեց` սահմանված ժամկետում գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 13 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք: ՀՀ ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև սեպտեմբերի 3-ը:

 

 Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակացելու հայտ են ներյացրել  հետևյալ  քաղաքական  ուժերը. 

 

 

Ռեֆորմիստների կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«Լույս» կուսակցությունների դաշինք

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն

«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

«Ժողովրդական Ուղի» կուսակցություն

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք

«Օրինաց Երկիր» կուսակցություն

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք:

 

Կանայք` Երևանի ավագանու ընտրություններում

 

13 քաղաքական ուժերից միայն երեքի ցուցակներն են գլխավորում կանայք. ԲՀԿ ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր Ծիրանի»-ի ցուցակը` Զարուհի Փոստանջյանը, Երևանի հանրություն կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է «Գալա» կուսակցության կողմից առաջադրված ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

 

WomenNet.am-ն ուսումնասիրել է առաջադրված քաղաքական ուժերի ցուցակների առաջին հինգ համարները` պարզելու, թե կանայք որքանով են ներկայացված անցողիկ տեղերում: Պարզվեց, որ 13 քաղաքական ուժերից միայն մեկի` «Լույս» դաշինքի ցուցակի առաջին  հնգյակում են երեք կին ընդգրկված ու միայն` երկուսի «Երևանի հանրություն» դաշինիքի ու «Երկիր ծիրանի» ցուցակների հնգյակում` երկու կին: Մնացած տասը քաղաքական ուժերի գերադասել են բարի կամք չդրսևորել կանանց մասնակցության ընդլայնման առումով՝ մնալով օրենքով  նախատեսված շրջանակներում և ընդգրկելով առաջին հնգյակում մեկ կին թեկնածու, հիմնականում 4-րդ հորիզոնականում:  Հիշեցնենք, որ, ըստ գործող Ընտրական օրենսգրքի,  Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը:

 

 

Այսպիսով, Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքական  ուժերի ընտրական ցուցակների առաջին հնգյակներում կին և տղամարդ թեկնածուների միջև տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.

 

 

ԲՀԿ-ն ավագանու 65 տեղի համար ներկայացրել է 195 թեկնածու: Առաջին հինգ տեղերում մեկ կին կա, ինչպես նշեցինք վերևում, նա ցուցակի առաջին տեղը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանն է:

 

 

«Երևանի հանրություն» դաշինիքի` հանձնաժողով ներկայացրած ցուցակի առաջին հինգյակում երկու կանայք կան` Անահիտ Թարխանյանն ու չորրորդ հորիզոնական գտնվող Անի Երեմյանը: Նա 26 տարեկան է, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա ՀԿ-ի անդամագրության բաժնի պատասխանատուն է: Դաշինքը ներկայացրել է 47 թեկնածուի անուն:

 

 

«Երևանցիներ» դաշինքի ցուցակի առաջին հնգյակում մեկ կին կա. 50-ամյա Անահիտ Եղոյանը ցուցակի 4-րդ հորիզոնականում է, «Հայոց Հայրենիք» կուսակցությունից: Այս դաշինքի ցուցակը գլխավորում է Աժ պատգամավոր Արարատ Զուրաբյանը: Դաշինքի ցուցակում 53 թեկնածու կա:

 

 

«Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակում  56 թեկնածու է ընդգրկված: Ցուցակի առաջին հինգ հորիզոնականներում երկու կին գործիչ կա` Զարուհի Փոստանջյանն ու 5-րդ տեղը զբաղեցնող քիմիկոս Սիլվա Վարդանյանն է: Նշենք, որ ցուցակում ընդգրկված չէ կուսակցության առանցքային դեմքերից Մարինա Խաչատրյանը, ով  լքել է կուսակցության շարքերը ևս երեք անդամների հետ միասին՝ համապատասխան հայտարարություն տարածելով այսօր այդ մասին:   Հիշեցնենք, որ Մարինա Խաչատրյանի անունը կապվում է նաև Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստի աղմկահարույց միջադեպի հետ։

 

 

«Ժառանգություն» կուսակցության 49 հոգանոց ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Առաջին հնգյակում մեկ կին կա, անկուսակցական, «Աղբալյան Ֆեմիլի» ՍՊԸ համահիմնադիր տնօրեն Սեդա Աղբալյանը ցուցակի չորրորդ տեղում է:

 

 

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության 33 հոգանոց ցուցակի առաջին հնգյակում մեկ կին կա: «Աթենք» ՍՊԸ գանձապետ Ելենա Դանիելյանը 3-րդ հորիզոնականում է: Նա ԺՈՒԿ-ի անդամ է:

 

 

«Իմ քայլը» դաշինքը 170 թեկնածու ունի: Առաջին հնգյակում մեկ կին կա` Սրբուհի Ղազարյանը 2-րդ տեղում է: Նա վարչապետի խորհրդականն է:

 

 

«Լույս» դաշինքի հնգյակում կանայք ամենաշատ են` երեք կին: 112 թեկնածուից բաղկացած ցուցակը, հիշեցնենք, գլխավորում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Երրորդ հորիզոնականում «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանն է, նա Երևանի գործող ավագանու անդամ է «Ելք» խմբակցությունից, չորրորդ հորիզոնականում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանն է, նա էլ գործող ավագանու անդամ է, հինգերորդ տեղում «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինե Վարդանյանն է, նա ևս ավագանու անդամ է: Նրա անունն ակտիվ շրջանառվում էր որպես քաղաքապետի հավանական թեկնածու:

 

 

ՀՅԴ ցուցակում 77 թեկնածու կա: Առաջին հնգյակում մեկ կին կա.  Ալեսյա Բեջանյանը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատուն է, ցուցակի չորրորդ համարն  է:

 

 

Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միություն(ՀԺԱՄ) կուսակցության ցուցակում 26 թեկնածու կա: Հնգյակում միակ կինը Ծովինար Պապիկյանն է (4-րդ տեղ), նա Մանկավարժական նախաձեռնություն հայկական ասոցացիայի անդամ է, մանկավարժ, մեթոդիստ:

 

 

«Հայք» (Հայկազուններ) կուսակցության ցուցակում 60 թեկնածու է ընդգրկված: Առաջին հնգյակում մեկ կին կա` չորրորդ հորիզոնականում է անկուսակցական Արփինե Սահակյանը: Նա ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության գլխավոր մասնագետ է:

 

 

«Ռեֆորմիստներ» կուսակցությունը ներկայացրել է 29 թեկնածու: Ցուցակի առաջին հնգյակում մեկ կին կա` չորրորդ հորիզոնականում է կուսակցական Լիլիթ Հովակիմյանը: Ցուցակում թեկնածուների աշխատանքի, պաշտոնի մասին տվյալներ չկան:

 

 

«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակում 115 թեկնածու կա, առաջին հնգյակում` մեկ կին: Այս կուսակցության դեպքում էլ առաջին կին թեկնածուն հանգրվանել է չորրորդ հորիզոնականում` Մարինե Քոչարյանը թիվ 186  հիմնական դպրոցի տնօրեն  է:

 

 

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 23-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին, կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ:

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է չորս տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:
Երևանի ավագանին գործում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն և օժտված է Երևան համայնքի համար կենսական նշանակության խնդիրները լուծելու իրավասությամբ:

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 883

Վերադառնալ վերև