Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Զարուհի Բաթոյան. «Իմ առաջարկներն ուղղված են արժանապատիվ կյանքին բոլորի համար»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Զարուհի Բաթոյանը հայտնի է իր հասարակական գործունեությամբ՝ ի պաշտպանություն հաշմանդամություն ունեցող անձանց ու կանանց իրավունքների:  Նա նաև  լրագրողական ու  բիզնես ոլորտի աշխատանքի փորձ ունի:  Այժմ Զարուհի Բաթոյանը փորձում է իր ուժերը նաև քաղաքականության մեջ`  ռեյտինգայիոն ընտրակարգով առաջադրվելով «Ելք» դաշինքի կողմից թիվ 1 ընտրատարածքում:

 

WomenNet.am-ի հետ զրույցում Զարուհին նշեց, որ թեպետ շատ հաճախ  է տարբեր մարդկանցից լսել,  որ քաղաքականությունը կեղտոտ ոլորտ է, սակայն համոզված է, որ մարդկային արժեքներն  ու սկզբունքներն ամեն տեղ նույնն են: Մարդիկ կարող են լինել ազնիվ, կամ ոչ, արդար կամ անարդար: Այնպես որ,  դեմ է դաշտերն ու ոլորտները պիտակավորելուն, քանզի բիզնեսում, քաղաքականության մեջ, հասարակական և ցանկացած այլ  ոլորտում   կարևորը  մարդիկ են… 

 

 

-Դուք բավականին ակտիվ հասարակական գործունեություն եք ծավալում ու կարելի է ասել նաև շատ հաջողություններ եք գրանցել, ինչպես ստացվեց, որոշեցիք  դառնալ պատգամավոր:

 

-Բավականին երկար ժամանակ իսկապես աշխատել եմ հասարակական  ոլորտում և իմ մասնակցությունն ունեցել եմ տարբեր օրենսդրական նախաձեռնություններում՝ հանդես գալով առաջարկներով:  Այստեղ այլ հարց  է, թե դրանք որքանով են կիրառվել, որովհետև որպես ՀԿ ներկայացուցիչ քո հնարավորություններն սահմանափակ են` դրանք կարող են լինել առաջարկի տեսքով միայն, իսկ թե որքանով դրանք կընդունվեն և ինչ կերպ կիրականացվեն արդեն այլ հարց է: Եվ այս իմաստով ես հավատում եմ իմ ուժերին, որ ավելին կարող եմ անել, քան արել եմ  նախկինում հասարակական ոլորտում աշխատելու արդյունքում :  Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ես շարունակում եմ իմ աշխատանքը, այսինքն` սա ամենևին նոր ոլորտ չէ, նոր թեմա չէ, նոր խնդիր չէ, պարզապես միջոց է փոխվում: Կարծում եմ, որ ՀԿ-ների գործունեությունն ավարտվում է մի տեղ, որտեղ այլևս նրանք չեն կարող որևէ լուրջ ազդեցություն ունենալ քաղաքականության փոփոխության վրա` համակարգը թույլ չի տալիս: Որովհետև որոշում կայացնող մարդիկ, որոնք պետք է այդ փոփոխություններն անեն, անձամբ չեն կրում խնդիրը, խորքից ծանոթ չեն այդ բոլոր դժվարություններին և չգիտեն, թե ինչ ասել է խտրականություն, անհավասար պայմաններ, տարբերակումներ և այլն: Եվ համոզված եմ, ու նաև միջազգային փորձն է դա ցույց տալիս, որ եթե համակարգում, որոշումների կայացման տարբեր մակարդակներում հաշմանդամություն ունեցող անձինք (ՀՈւԱ)  ներառված չեն, ապա գործընթացներն  առանց իրենց իրավունքները հաշվի առնելու են իրագործվում: Սա է հիմնական պատճառը, որ ես ուզում եմ աշխատել նաև օրենսդրական  ոլորտում, որովհետև իմ նպատակն է նաև համակարգային փոփոխության վրա ազդել: Եթե ուզում ենք, որ ամբողջ համակարգը դառնա ներառական և լինի խտրականությունից զերծ, ապա հաշմանդամություն  ունեցող  մարդիկ պետք է ներառվեն քաղաքականության մեջ:

 

 

-Ձեր գործունեության մեջ շատ շեշտադրում եք նաև կանանց իրավունքների պաշտպանությունը,   պատրաստ եք արդյոք   Ազգային Ժողովում պաշտպանել  նաև կանանց շահերը:

 

-Միանշանակ: Ոչ միայն ՀՈւԱ, այլ ցանկացած խոցելի խմբի շահերի պաշտպանությունը շատ կարևոր են ինձ համար: Հայաստանում, ցավոք, պաշտպանության կարիք ունեցող խմբի մեջ են մտնում նաև կանայք: Ես հավատում եմ, որ կանայք շատ լավ մասնագետներ են, շատ լավ աշխատողներ են, և եթե ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք, որ հասարակական ոլորտում հիմնականում կանայք են և նույնիսկ քաղաքականության մեջ, եթե ամենակարևոր ու պատասխանատու աշխատանքը պետք է արվի` դա կանայք են անում: Բայց որոշումներ կայացնող մակարդակներում կանայք շատ ավելի քիչ հնարավորություններ ունեն, ինչի  պատճառները տարբեր են ու հայտնի: Իմ խնդիրն է նաև և’ կանանց, և’ հատկապես հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանելն ու նրանց կարիքները տեսանելի դարձնելը: Ասեմ, որ նույնիսկ այն գործընթացներում, որոնք քիչ թե շատ իրականացվում են Հայաստանում  կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, հաշմանդամություն ունեցող կանայք գրեթե անտեսանելի են: Մինրդեռ  նրանք  ավելի  խոցելի են. նրանք բռնության տեսանկյունից ավելի ռիսկային խմբում են, վերարտադրողական  առողջության խնդիրներն են ավելի բարդ  և այլն:

 

 

-Ի՞նչ պետք է անել, որպեսզի  լուծվեն նաև  նրանց  խնդիրները  …

 

-Պետք է բոլոր  գործընթացները դարձնել ներառական ու արդյունավետ, այսինքն` ներառականությունը չպիտի լինի պարզապես ձևական կամ  լոկալ բնույթ կրի:   Օրինակ, եթե մենք մշակում ենք զբաղվածության ոլորտի լուծումներ կամ ընտանեկան բռնությանը վերաբերող հարցեր ենք փորձում լուծել օրենսդրական դաշտում և այլն, այս բոլոր ոլորտներում պետք է հատուկ ուշադրություն դարձնել հաշմանդամություն ունեցող կնոջ տեսանելիությանը: Շատ հաճախ կարելի է լսել` «օրենք է, այն բոլորին է վերաբերվում», բայց դա այդպես չէ և նույն Կոնվենցիան («Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա-խմբ )  ցույց է տալիս, որ ՀՈւ անձինք առանձին կերպով օրենքներում, ծրագրերում նշվելու և հիշատակվելու, ինչպես նաև իրավունքների ապահովման խնդիր ունեն: Իսկ դա երբեք տեղի չի ունենա, եթե այդ բոլոր գործընթացներում` մշակումից սկսած, մասնակից չեն կոմպետենտ, փորձառու հաշմանդամություն ունեցող մարդիկ: Ցավով եմ նշում, բայց Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձը կարծես երկրորդ կարգի քաղաքացու կարգավիճակ ունի, որովհետև գործում է «նախ բոլորը, հետո նոր հաշմանդամություն ունեցողները»  մոտեցումը , որովհետև դրա համար փող չկա, ռեսուրս չկա, ինչն անընդունելի է` բոլորն ունեն հավասար իրավունքներ, որոնք պետք է միաժամանակ պաշտպանվեն ու նույն սկզբունքներով:

 

 

-Հայաստանում ընտրությունից ընտրություն, երբ կանանց թիվը խորհրդարանում կամ քաղաքական այլ մարմիններում  չի ավելանում,   հայտարարում են, որ  կինը կնոջ չի ընտրում: Որո՞նք եք համարում հիմնական խոչընդոտները ընտրական գործընթացի, որին մասնակից եք:

 

-Ես չեմ հավատում պնդմանը, թե կինը կնոջ չի ընտրում,  ավելի շատ հավատում եմ, որ տղամարդը կնոջը  չի ընտրում, բայց շատ եմ ցանկանում այդ մասով սխալվել: Ի դեպ, այդ ուղղությամբ շատ չեմ մտածել, որովհետև հիմնական պատճառը դա չեմ համարում: Իհարկե կան կարծրատիպեր, կնոջ համար դժվար է շահել վստահություն, քանի որ թերահավատությունը, որքան էլ պնդենք հակառակը, այնուամենայնիվ կա. եթե նույնիսկ երկու կոմպետենտ մարդկանց մեջ ընտրություն լինի, շատ քչերը կարող են ազատ ընտրել կնոջը` հենց այդ կարծրատիպերի պատճառով:

Իմ կարծիքով` դժվարությունները, որոնք ես կունենամ, իմ դեպքում կրկնապատկվում են, որովհետև հերիք չի կին է, հետն էլ հաշմանդամություն ունի և այս դեպքում շատ դժվար կլինի մարդկանց քվեն ձեռք բերել: Բայց սա մարտահրավեր է ոչ միայն ինձ համար.  մարդիկ ի վերջո  պետք է գնան կարծրատիպերի դեմ և  տեսնել կարև որը:  Ինձ համար շատ կարևոր է նաև ցույց տալու և վստահեցնելու, որ միայն հաշմանդամությունը կամ միայն կին լինելը չէ, որ պետք է մարդուն ստիպի քեզ ձայն տալ, այլ շատ կարևոր է քո անցած ճանապարհը, կոմպետենտությունը, սկզբունքները, թե ինչ լուծումներ ես առաջարկում և ինչ հեռանկար ես տեսնում: Եվ հույս ունեմ, որ դա ինձ մոտ կստացվի, որովհետև իմ առաջարկներն ուղղված են արժանապատիվ կյանքին բոլորի համար: 

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 1145

Վերադառնալ վերև