Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Էլինար Վարդանյանը պարզաբանեց օրինագծի հետաձգման պատճառները

«Հայաստանում կանայք մեծամասնություն են կազմում, նրանք գրագետ են, գեղեցիկ, խելացի և մենք իրավունք չունենք այդ ներուժը չօգտագործել… Օրենքի ընդունումը շատ հարցերի պատասխան կտա, այդ թվում և ` կլուծի գենդերային հավասարության խնդիրը»: Նման կարծիք էր հայտնել այս տարվա   հունվարին Ազգային Ժողովում  տեղի ունեցած «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի վերաբերյալ  խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ արդեն նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Նախորդ գումարման խորհրդարանը սակայն չհասցրեց ընդունել այս օրենքը՝ թողնելով երկրորդ ընթերցումը իրավահաջորդներին:  Նշենք  նաև, որ  օգոստոսի սկզբին կառավարությունը հավանություն էր տվել այդ օրինագիծը  երկրորդ ընթերցմամբ նորընտիր  ՀՀ Ազգային Ժողովին ներկայացնելու առաջարկին:

 

 

Ինչպես արդեն հայտնել էինք,  օրերս կայացած  ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի   նիստում օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, որը ակնկալվում էր որ կընդգրկվի  մի քանի օրից մեկնարկող  ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում , մեկ տարով հետաձգվեց: Պատճառները  WomenNet-ի  հետ զրույցում պարզաբանեց  այդ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

 

 

«Այդքան երկար ժամանակով է հետաձգվել, որովհետև Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններից հետո հանձնաժողովի նիստերում օրենքի նախագիծը կարող է հետաձգվել միայն մեկ անգամ` մինչև մեկ տարի ժամկետով: Բայց սա, պարզաբանեմ, չի նշանակում, որ խոսքը հարցին հենց մեկ տարի հետո անդրադառնալու մասին է: Երբ Կառավարությունը լրամշակված տեքստը կբերի, իսկ դա կարող լինել մեկ ամիս կամ տասն օր հետո, այդ ժամանակ հանձնաժողովի նիստում հարցին նորից կանդրադառնանք»,- ասաց  նա` հավելելով, որ գործընթացի հնարավոր երկարաձգումը   միմիայն Կառավարությունից է կախված:

 

 

Ինչ վերաբերում է լրամշակմանը, ապա մեր զրուցակիցը նշեց, որ օրենքի նախագծում մեկ հոդված կար, որը ոչ այնքան հակասում էր իրավական ձևակերպումներին, որքան փաթեթային լուծում էր պահանջում: Խոսքը, մասնավորապես, գենդերային խտրականությունը քրեորեն պատժելուն էր վերաբերում` այս դեպքերի համար հեղինակները նախատեսել էին կարգապահական, վարչական, իսկ առանձին դեպքերում նաև քրեական պատասխանատվություն.

 

 

«Եթե պատասխանատվություն էր սահմանվում քրեական, վարչական կամ կարգապահական, ապա դա ենթադրում էր, որ պետք է համապատասխան փոփոխություններ ներկայացվեին նաև այդ օրենքներում: Հակառակ դեպքում օրենքի այդ դրույթները կյանքի չէին կոչվի»,- նշեց Էլինար Վարդանյանը:

 

 

Այլ կերպ ասած, հիշատակվող օրենքին զուգահեռ պետք է նաև առանձին փաթեթ ներկայացվեր համապատասխան փոփոխություններով, իսկ այսպես որոշում է կայացվել այդ հոդվածը պարզապես հանել օրենքի նախագծից: Առավել ևս, նշեց մեր զրուցակիցը, որ պատասխանատվություն և Քրեական օրենսգրքում, և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում առանձին պատիժ խտրականության համար նախատեսված է:

 

 

Այսինքն` կոնկրետ գենդերային խտրականության դեպքերը դարձյալ կմնան անպատի՞ժ: Այս կապակցությամբ Էլինար Վարդանյանը նշեց, որ օրենքի նախագծում այնպիսի դրույթներ չկան, որոնք քրեորեն պատժելի կարող են դիտվել` այդ խախտումները քրեորեն պատժելու նախադրյալներ չեն ստեղծում:

 

 

Հաջարոդ պատճառը, որը մատնանշեց գլխադասային հանձնաժողովի նախագահը և որի պատճառով օրենքի նախագիծը հետ էր ուղարկվել Կառավարություն` ամփոփաթերթիկի ԱԺ  կանոնակարգին ոչ համապատասխան լինելն էր.

 

«Ամփոփաթերթիկում պետք է ընդգրկված լինեին բոլոր առաջարկությունները, որոնք արվել էին նախագծի առաջին ընթերցումից հետո` դրանք շուրջ 40-ն էին: Սակայն ամփոփաթերթիկում անդրադարձել էին միայն մեկ առաջարկությանը, որն ընդունվել էր, իսկ մնացածի առումով էլ բացակայում էր հիմնավորումը, թե ինչու դրանք չեն ընդունվել: Եվ որևէ կերպ չէր հասկացվում, թե ինչ անդրադարձ է եղել մնացած առաջարկություններին»,- պարզաբանեց նա:

 

 

Հիշեցնենք, առաջարկությունները առաջ  էին քաշվել այս տարվա հունվարին տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ:

 

Մեր այն հարցին, թե արդյո՞ք Կառավարությունը չի փորձի  «քնացնել» օրենքի նախագծի քննարկումը, Էլինար Վարդանյանը նշեց, որ այդ կարծիքին չէ և Կառավարությունն էլ շահագրգռված է, որ այն քննարկվի ԱԺ-ում.

«Գոյություն ունեին թերություններ, որոնք շտկում էին պահանջում»,- եզրափակեց  նա:

 

Էնզելա Մակարյան

Կարդացեք նաև թեմայի շուրջ մեր  կայքում.

Կանանց ու տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների հավասարեցումը հետաձգեցին մեկ տարով

 

Դիտումների քանակը` 3764

Վերադառնալ վերև