Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Էլինար Վարդանյան. «Հանրահավաքների օրակարգը հասկանալի չէ»

Այս օրերին Ազատության հրապարակում կազմակերպված ակցիայի, հանրահավաքների օրակարգը հասկանալի չէ: Այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ի` հանրահավաքներինե միանալու մասին հարցին:

 

«Այսինքն, հայտնի չէ` ինչպիսին են լինելու դրանք, ի՞նչ են ենթադրում դրանք, իսկ հստակության դեպքում ԲՀԿ-ն կհայտնի իր տեսակետը», -փոխանցեց Վարդանյանը:

Անդրադառնալով այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածած հայտարարությանը և այն ավելի մատչելի ներկայացնելով, տիկին Վարդանյանն ասաց, որ ԲՀԿ-ն կիսում է ժողովրդի բողոքը: «Իր հայտարարության մեջ ի՞նչ է առաջարկում ԲՀԿ-ն. առաջարկում ենք սկսել օրակարգային հարցերի քննարկում և ճանապարհային քարտեզի մշակում: Քաղաքական ուժերը, բոլորը, երբ կսկսեն ծրագրել այդ ճանապարհային քարտեզը, ԲՀԿ-ն ևս մասնակցություն կունենա այդ ճանապարհային քարտեզի մշակմանը», -հավելեց Էլինար Վարդանյանը:

Նրա խոսքով, ստեղծվել է նաև այնպիսի վիճակ, երբ ժողովուրդը չի հավատում նաև ընտրություններին, արդյունքներին ու ընտրական համակարգի նկատմամբ ժողովրդի վստահությունը կորել է: «Ընտրական համակարգը այնքան է խեղաթյուրվել, այքնան է ոչնչացվել, որ այդ հավատը վերականգնելու խնդիր է առաջացել», -նկատեց Էլինար Վարդանյանը:

 

Դիտումների քանակը` 4811

Վերադառնալ վերև