Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Էմմա Մարաշլյանի հինն ու նորը համադրելու արվեստը

Էմմա Մարաշլյանի  հիմնադրած «Մարաշլյան ռետրո ֆոտո ատելիե»-ն ( Photo Atelier Marashlyan)  հայտնի է թե’ Հայաստանում, թե’ հանրապետության սահմաններից դուրս: Ֆոտո ստուդիան , թերևս, միակն է հնի ու նորի գրավիչ համադրության մեջ: Ազգային տարազով լուսանակարվելու Էմմա Մարաշլյանի գաղափարը վերակենդանացրեց հայկական տարազն ու հետաքրքրությունը դրա նկատմամբ, կարելի է ասել,  լուսանկարչական նոր մշակույթ ձևավորեց` առաջնորդվելով  ազգային արժեքներին ու արմատներին հավատարիմ մնալու սկզբունքով: 

 

Սկզբում նպատակ կար ուղղակի վերականգնել ընտանեկան լուսանկարի ավանդույթը, ինչը սակայն շատ արագ վերածվեց տարազներով լուսանկարվելու  գաղափարին: Մեկնարկը ցույց տվեց, որ մարդիկ իսկապես ցանկանում են լուսանկարվել ազգային տարազներով: Դա  նաև շատ զբոսաշրջիկների ուշադրությունն է գրավում Հայաստան այցելության ժամանակ:

 

Էմմա  Մարաշլյանը ընտանիքի հետ 2010-ին է տեղափոխվել Երևան Մոսկվայից, որտեղ  երկար տարիներ  ապրել, կրթվել և ստեղծագործել է: Միշտ երազել է սեփական ֆոտոսրահի մասին, որը այսպես թե այնպես կապ կունենա Հայաստանի հետ: Ամեն Հայաստան այցելությունից նա բազմաթիվ լուսանկարներ է իր հետ տարել, այնպես որ երբ պահը հասունացավ, հարցեր չծագեցին` պարզ էր, թե նա ինչ է անելու հայրենիքում: Թեև սկիզբը շատ դժվար էր.

 

«Երբ տեղափոխվեցինք Երևան, դժվար էր մեկնարկը, բայց ես ունեի նպատակ, հստակ պատկերացնում էի, թե ինչ եմ ուզում անել` ոչ միայն լուսանկարել, այլ վերակենդանացնել հայկական ազգային տարազը, հետաքրքրությունը դրա նկատմամբ»,- մեզ հետ զրույցում պատմեց նա: Սակայն դա էլ բարդ իրագործելի ցանկություն էր. պարզվեց, որ Հայաստանում հմուտ դերձակները տարազ կարելու փորձ չունեն և այն սահմանափակվում է ճչան, ոսկեգույն ինչ-որ հագուստներ կարելով, ինչը  որևէ կերպ համադրելի  չէ նախորդ դարերի մեր տատիկների առօրյա հագուկապի հետ: Սակայն ժամանակի ընթացքում նրան  հաջողվեց գտնել իր դերձակին` Թագուհի Սիմավորյանին, այնուհետ նոր համագործակցության եզրեր ստեղծել և ահա այսօր, տարիներ անց, «Մարաշլյան» ֆոտոսրահի պահարանում տասնյակ զգեստներ են, գլխաշորեր, գլխարկներ ու զարդեր, որոնք այստեղ արված լուսանկարներին առանձնահատուկ հմայք են հաղորդում. «Անում եմ այն, ինչի մասին երազում էի ու մեծ բավականություն եմ ստանում այդ ամենից»,-շեշտեց մեր զրուցակիցը:

 

«Սկզբում նպատակ էինք դրել վերականգնել ընտանեկան լուսանկարի ավանդույթը: Իսկ երբ տեսանք, որ մարդիկ ցանկանում են լուսանկարվել նաև ավանդական տարազներով, սկսեցինք վերականգնել ընտանեկան լուսանկարչությունը՝ ազգային տարազներով: Այդպես ստեղծվեց «Մարաշլյան» ռետրո ստուդիան»,- պատմում է լուսանկարչական ստուդիայի հիմնադիր էմմա Մարաշլյանը:

 

Ֆոտոսրահը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև նախորդ տարեսկզբին, երբ հրապարակվեց հայուհու և նրա սևամորթ ամուսնու ու իրենց երեխայի լուսանկարը տարազներով: Հանրությունը, ինչպես հիշում ենք, բաժանվեց երկու ճամբարի ու դեռ երկար էր քննարկում «հայու գեն» ասվածը: Շատերը կանխատեսում էին, որ դա կվնասի ֆոտոսրահին, բայց եղավ հակառակը. «Մինչ այդ էլ մենք շատ նման ընտանիքների ենք լուսանկարել ու հրապարակել այդ լուսանկարները, սակայն նման աժիոտաժ եղավ միայն այս մի ընտանիքի դեպքում: Մենք ստիպված եղանք հեռացնել այդ լուսանկարը, որպեսզի խուսափենք մեր հաճախորդների հասցեին հնչող անառողջ ու աբսուրդային քննադատություններից, սակայն այդ դեպքից հետո մեր ստուդիա բազմաթիվ խառը ընտանիքներ այցելեցին: Ու թեև քննադատության ալիքը մեծ էր, բայց ես ուրախ եմ, որ ավելի շատ դրական արձագանքներ եղան ու ադեկվատ դիրքորոումների թիվն ավելի մեծ էր»,- ասաց նա:

 

Թեման շարունակելով տիկին Մարաշլյանը նշեց, որ ուրախ է, որ այսօր հայ կանայք ավելի ազատ են ու ավելի նախաձեռնող, վստահ իրենց ուժերում, քան դեռ մի քանի տարի առաջ: Նրա խոսքով, հայ կանայք շատ խելացի են, մեծ ներուժ ունեն ու խիզախ են. «Այսօր հայ կինը շատ ավելի հետաքրքիր նախաձեռնությունների  մեջ է, շատ ավելի ակտիվ ու ստեղծագործ է, և շատ դեպքերում անգամ գերազանցում է որոշ տղամարդկանց (չեմ ցանկանում որևէ մեկին նեղացնել, բայց այդպես է): Ամուսինս «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրենն է և կարելի է պատկերացնել, որ ես հաճախ եմ դիմում իրեն ինչ-որ հարցերով, բայց ամեն մեկս ինքնուրույն է, ես իմ գործի մեջ եմ, ինքն ՝ իր: Իհարկե, երեկոյան միշտ քննարկում ենք օրը, բայց ամենքս մեր տիրույթում ենք ու զբաղվում ենք մեր գործով: Ես 7 տարի է, ինչ Հայաստանում եմ ու այնքան արագ եմ ըմբռնում այդ էվոլյուցիան, որ երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ եթե ես վերադառնայի Երևան 2018 թվականին, ապա ինձ ավելի հեշտ կլիներ նպատակս կյանքի կոչել, քան եղավ իմ դեպքում, երբ ամեն ինչ սկսեցի զրոյից: Այսօր մրցակցություն կա և դա իսկապես ուրախալի է, և ես երբեք չեմ համաձայնվում այն բացասական երանգավորում ունեցող հայտարարությունների հետ, թե Հայաստանում ոչինչ չի զարգանում: Եվ այդ զարգացման մեջ, այո, կանայք ունեն իրենց առանձնահատուկ դերակատարությունը և ես շատ ուրախ եմ, որ նրանք հնարավորություն ունեն իրենց ուժերը փորձելու տարբեր ոլորտներում»,- շեշտեց Էմմա Մարաշլյանը:

«Ինձ շատերն են հարցնում, թե ինչպե՞ս հաջողեցի, ինչպես չվախեցա փորձել սկսել: Հենց այդպես՝ գալիս ես ու փորձում համոզել նրան, ով ունի ֆինանսապես քեզ օգնելու հնարավորություն, որ հավատա քո նախագծին: Իմ պարագայում դա Ջեյմս Թուֆենկյանն էր, նա հավատաց ու զգաց, որ ես այդ գաղափարով ապրում եմ: Եվ պետք է լինել լավատես»,- նշեց մեր զրուցակիցը: Առաջին տարին ստուդիան գործել է Թուֆենկյան հյուրանոցում, իսկ մեկ տարի անց տեղափոխվել Երևանի սրտում գտնվող պատմական շենք, որտեղ մինչ օրս էլ գործում է: Տարածքը փոքր է, բայց իր առանձնահատուկ հմայք ունեցող նեղվածքով` ամբողջ պատերով մեկ կախված են տարազներն ու հագուստները, այստեղ է նաև առաջին նմուշը` Արցախի զարդանախշերով զգեստը, որը Էմմա Մարաշլյանը իր պահարանից նվիրաբերել է ֆոտոսրահին:

 

Տիկին Մարաշլյանն ասում է, որ 5 տարվա գործունեության ընթացքում ֆոտոսրահը երբեք գների փոփոխություն չի կատարել: Ասում է, որ դա ևս քաղաքականություն է` ոչ միայն հանդես գալ նորարար գաղափարով, որը, ինչպես ցույց տվեց ժամանակը, սպասելի էր, այլ պահպանել այն մակարդակը, որը հավասարակշռում է արվեստն ու բիզնեսը: Իհարկե, սա նաև բիզնես է, որը թույլ է տալիս վարձատրել սրահի վեց աշխատակիցներին, բայց առաջին հերթին ֆոտոսրահը հենց այն է, ինչով տիկին Մարաշլյանը երազել է զբաղվել և ինչը իրեն ուրախություն է պատճառում.  «Շատերը ինձ հարցնում են` զբոսաշրջիկների համար հատուկ գնացուցակ է գործում, թե ոչ: Սա զուտ հայկական մենթալիտետ է և ամեն անգամ այդ հարցը ինձ ջղայնացնում է, իսկ պատասխանը միշտ նույնն է` բնականաբար, մենք տարբերություն չենք դնում զբոսաշրջիկների ու տեղացիների համար մատուցվող ծառայությունների վճարի հարցում, քանզի դա, մեղմ ասած, սխալ գործելաոճ է», – ասում է նա: 

 

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 727

Վերադառնալ վերև