Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ընդդեմ գենդերային բռնության 2013-ի միջոցառումների տարեկան ծրագիրն արժանացավ Հայաստանի կառավարության հավանությանը

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության հունվարի 31-ի նիստին ներկայացրեց Հայաստանի Հանրապետությանում ընդդեմ գենդերային բռնության 2013 թվականի միջոցառումների տարեկան ծրագիրը, որն արժանացավ գործադիրի հավանությանը:

 

2000 թվականից ի վեր Հայաստանում ներընտանեկան բռնության տարածվածությունը գնահատելու նպատակով միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից անցկացվել են մի շարք ուսումնասիրություններ:  Եվ այսպես` 2008-2009թթ. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ ՀՀ  ազգային վիճակագրական ծառայությունն իրականացրել է Հայաստանում կանանց հանդեպ ներընտանեկան բռնության վերաբերյալ համապետական առաջին հարցումը: Պաշտոնական վիճակագրության համաձայն. «իրենց կյանքի ընթացքում երբևէ զուգընկեր ունեցած հարցման ենթարկված կանանց 61%-ը ենթարկվել է վերահսկողական վարքի, 25%-ը` հոգեբանական բռնության, 8.9%-ը` ֆիզիկական, 3.3%-ը` սեռական, իսկ 9.5%-ը` ֆիզիկական և սեռական բռնության:

 

 

Հայաստանի իշխանությունները խոստովանում են, որ ձեռնարկված քայլերը բավարար չեն և  երկրում շարունակում է  բավական ցածր մնալ իրազեկվածությունը գենդերային բռնության և գենդերային խնդիրների մասին, առկա է քողարկված խտրականություն կանանց հանդեպ, ինչպես նաև ընդհանուր հանդուրժողականությունը գենդերային բռնության զանազան դրսևորումների նկատմամբ։

 

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած տեղեկանքի համաձայն` այսօր գենդերային բռնության հիմնախնդիրը երկրի համար դեռևս մնում է արդիական: Հայաստանի աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, գործազրկությունը, անօրինական միգրացիան, կանանց սոցիալ-տնտեսական կախվածությունը ընտանիքում, չլուծված կենցաղային հիմնախնդիրները, ինչպես նաև  պետական կառույցների և քաղաքացիական հասարակության չհամակարգված գործողություններն ու անկատար իրավական դաշտը հանգեցնում են գենդերային բռնության աճի:

 

 

Հաշվի առնելով առկա խնդիրները` գերատեսչությունն  անհրաժեշտ է համարում քայլեր կատարել նպատակային ծրագրերի ստեղծման, իրավական դաշտի կատարելագործման,  տուժածներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ:

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացումը կնպաստի  գենդերային բռնության կանխարգելմանը: Նախատեսվում է ներդնել գենդերային բռնության երևույթն արտացոլող պետական տեղեկատվության հավաքագրման և գենդերային բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման ընթացակարգեր:Կիրականացվեն նաև «Գենդերա­յին բռնություն» թեմայով քաղաքացիական ծառայողների վերապատ­րաստման դասըն­թաց­ներ, որի շրջանակում կվերապատրաստվեն  շուրջ 100 քաղծառայողներ: Նախատեսվում է նաև անցկացնել  «Ընդդեմ գեն­դերային բռ­նության ակտիվու­թ­յան 16-օրյակ» ամենամյա հանրապետական քարոզար­շավ: Բացի այդ կմշակվի բռնության, այդ թվում  սեռական բռնության  ենթարկված անձանց բուժօգնության տրամադրման ստանդարտ բուժաշխատողների համար, իսկ մարզերի  50 բուժաշխատողների համար կիրականացվի ուսուցում բռնության հայտնաբերման և խորհրդատվության հմտությունների զարգացման համար և այլն:

 

 

Նշենք նաև, որ ծրագիրը նպատակուղղված է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Պեկինի 4-րդ Համաշխարհային համաժողովի /1995թ./ հանձնարարականների, Եվրախորհրդի Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերի, ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի պահանջների և ՀՀ միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի «Կանանց հանդեպ և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին» կոնվենցիայի դրույթների կատարմանը:

 

Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 2152

Վերադառնալ վերև