Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ընտանեկան բռնության գինը . ինչ կորուստներ են կրում աշխարհի պետությունները

2

Ընտանեկան բռնությունը բացի բարոյական վնասից, երեխաների, ընտանիքի մյուս անդամների հոգեբանության վրա թողած բացասական ազդեցությունից նաև տնտեսական վնասների պատճառ է դառնում, ընդ որում երկրի մասշտաբով:

 

Բոլոր նրանց համար, ովքեր համարում են, որ բռնությունների կանխարգելման, զոհերի պաշտպանության, մեղավորների հետապնդման ենթարկման ուղղությամբ ԵԽ կոնվենցիայով առաջարկվող միջոցառումները բավականին թանկ արժեն, հաշվարկել են կանանց նկատմամբ բռնությունների հետեւանքով  կորուստները  տարբեր երկրներում:

 

Եվրոպայի խորհրդի անդամ  որոշ երկրներում  կանանց նկատմամբ բռնության հետեւանքով  ընդհանուր կորուստները  կարող են հասնել տարեկան մինչև 34 մլրդ եվրոյի:

 

Հայաստանում  ընտանեկան բռնության հետեւանքով երկրին հասցրած տնտեսական կորուստը նախնական հաշվարկներով  կազմում է  տարեկան  400 հազարից մինչեւ 1,1 միլիոն ԱՄՆ դոլար, փաստում են   «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրության» արդյունքները:

 

Եվրամիության երկրներում  2006 թվականին ընտանեկան բռնության հետ կապված ծախսերի արժեքը կազմել է 16 մլրդ եվրո կամ բնակչության մեկ շնչին ընկնող հաշվով 33 եվրո, յուրաքանչյուր կես ժամում 1 մլն եվրո:

 

Միացյալ Թագավորությունում 2004-ին ընտանեկան բռնության ծախսերը գնահատվել են 34 մլրդ եվրո:

 

Դանիայում կանանց նկատմամբ բռնությունները, ընտանեկան բռնությունները հանրության համար արժենում են տարեկան մոտ 70 մլն եվրո:

 

Շվեյցարիայում 1999 թվականին ընտանեկան բռնության արժեքը կազմել է 260 մլն եվրո:

 

Նիդերլանդներում 1997-ին զուգընկերոջ կողմից կանանց նկատմամաբ բռնություններն արժեցել են 151 մլն եվրո:

 

Ֆրանսիայում 2009 թվականի ընթացքում զուգընկերոջ կողմից կատարված բռնությունները գնահատվել են 2.5 մլրդ եվրո:

 

Ֆինլանդիայում 1998 թվականին կանանց նկատմամաբ միայն զուգընկերների կողմից կատարված բռնությունները գնահատվել են 101 մլն եվրո:

 

Անդալուզիայում (Իսպանիա) կանանց նկատմամբ ներկա և նախկին զուգընկերների կողմից իրականացրած բռնությունները գնահատվել են  2.33 մլրդ եվրո:

 

Շվեդիայում 2004 թվականին կանանց նկատմամբ  բռնությունները գնահատվել են 302-370 մլն եվրո:

 

ԱՄՆ-ում եմն տարի ամուսնու կողմից կատարվող բռնությունների, բռնաբարությունների, հետապնդումների հետևանքով առաջացած ծախսերը գերազանցել են 5.8 մլրդ դոլարը, որից 4.1 մլրդ դոլարը ծախսվել է բժշկական ու հոգեբանական ծառայությունների վճարման համար:

 

Ավստրալիայում 2009-ին կանանց ու նրանց երեխաների նկատմամբ իրականացված բռնությունների ծախսերը կազմել է 13.6 մլրդ ավստրալիական դոլար:

 

Կանադայում յուրաքանչյուր տարի բռնությունների հետևանքով իրենց զուգընկերներից հեռացած 19-65 տարեկան կանանց համար պետությունը տարեկան ծախսում է 6.9 մլրդ դոլար:

 

Մի քանի տարի առաջ Համաշխարհային բանկը հրապարակեց իր կողմից իրականացված հետազոտության արդյունքները,  ըստ որի ընտանիքում կանանց նկատմամբ բռնությունները մեծ վնաս են հասցնում  ցանկացած երկրի  տնտեսությանը: ՀԲ մասնագետները հույս էին հայտնել, որ հետազոտության արդյունքները կօգնեն մոբիլիզացնելու ջանքերը ընտանեկան բռնության դեմ մղվող պայքարում: Համաշխարհային բանկի այդ հետազոտությունը ցույց էր տալիս, որ ընտանեկան բռնությունները էական ազդեցություն ունեն երկրի ՀՆԱ-ի ցուցանիշի վրա:

 

«Աղջիկների ու կանանց նկատմամբ բռնությունները գլոբալ համաճարակ են: Այն կարող է կործանարար հետևանքներ ունենալ մարդկանց, հասարակությունների, համայնքերի ու տնտեսության համար»,-նշել էին բանկի ներկայացուցիչները՝ կոչ անելով համատեղել ջանքերը:

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 1482

Վերադառնալ վերև