Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ընտանեկան բռնության ենթարկվածներ պետբյուջեից մինչև 165.000 դրամ փոխհատուցում կստանան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ընտանիքում բռնության  ենթարկվածների ժամանակավոր ֆինանսականաջակցության համար անժամկետ օգտագործման իրավունքով հաշվեհամար կբացի: Համապատասխան որոշման  նախագիծը տեղադրվել է  մարտի 16-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft  կայքում  հետևյալ հղումով.  https://www.e-draft.am/projects/806 :

 

Նախագծով սահմանվում են ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքները, ֆինանսական  աջակցության դեպքերը և չափը, ինչպես նաև կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր ֆինանսական աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության  տրամադրման հետ կապված հարաբերությունները:

 

Մասնավորապես, նախագծով ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրվում է ոչ ավելի քան նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն՝ առավելագույնը 165.000 դրամ:

 

Աջակցությունը տրամադրվում է կենսապահովման նվազագույն կարիքները հոգալու՝ բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով մասնակի փոխհատուցման համար, ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով մինչև վեց ամիս ժամկետով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման համար, ինչպես նաև աշխատանքի տեղավորման նպատակով վերապատարստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար: Ֆինանսական աջակցություն տրամադրվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցներից:

 

Որոշման նախագծի  շուրջ առաջարկները  շահագրգիռ անձինք ու կազմակերպությունները  կարող են  ներկայացնել  մինչև ապրիլի 3-ը:

 

Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծվի

 

Նշենք, որ  մարտի սկզբին   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը ընտանեկան բռնության խնդրին վերաբերող ևս մեկ նախագիծ  է դրել քննարկման  e-draft  կայքում : Խոսքը  ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու մասին ՀՀ Կառավարության որոշմանն  է վերաբերում, որը հասանելի է առաջարկությունների համար մինչև մարտի 21-ը հետևյալ հղումով . https://www.e-draft.am/projects/788 :

 

Որոշման նախագծով  ստեղծվելու է ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ, որն էլ այդ    բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին է  ճանաչվելու:  Հաստատվելու են   խորհրդի ձեվավորման կարգը եվ գործառույթները: Լիազոր մարմնի գործառույթների մեջ է մտնելու, օրինակ, տեղեկատվություն է տրամադրելու  համապատասխան ոլորտը համակարգող փոխվարչապետին ընտանիքում բռնության  ենթարկվածների  ժամանակավոր ֆինանսական աջակցության համար հաշվեհամարի վերաբերյալ:

 

Կառավարությունն ակնկալում է , որ նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի ընտանիքում բռնության կանխարգելման, ոլորտում իրականացվող պետական քաղաքականության, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության,  ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների, ինչպես նաև առանձին հրատապ խնդիրների կարգավորման ուղղությամբ առաջարկներ մշակելու, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունն ապահովելու  արդյունավետ մեխանիզմ: 

 

Նշենք, որ վերընշված որոշումների նախագծերը բխում են  անցյալ տարվա դեկտեմբերի ընդունված  «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի պահանջներից:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Պաշտպանենք ընտանիքն ու երեխաներին բռնությունից

Դիտումների քանակը` 763

Վերադառնալ վերև